Հայաստանն ակնհայտորեն այս փաստաթղթով հետևի նստարանին է հայտնվում. Հայկ Մարտիրոսյանը` ՀՕՊ նախագծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Աժ լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու հարցին: Նախագծի ընդունման դեպքում Ռուսաստանին իրավունք կտրվի տնօրինել Հայաստանի օդային պաշտպանությունը:

Այս նախագծի վտանգների եւ դրական կողմերի մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, ըստ Ձեզ՝ ՀՕՊ միավորված համակարգի մասին համաձայնագիրը կընդունվի՞ Աժ կողմից, եւ եթե այո, դա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

-Դեռեւս, անշուշտ, վաղ է ասելը, թե արդյոք պայմանագիրը կընդունվի այն տեսքով, որով ներկայացվել է: Թեեւ, մյուս կողմից, նկատի ունենալով մեր իրականությունն ու դրա պատմությունը, ամենայն հավանականությամբ, կհաստատվի առանց մեծ խնդիրների: Պայմանագրի նախագիծն անշուշտ մի քանի խնդրահարույց կետեր ունի. ինչո՞ւ է պայմանագրի վեցերորդ հոդվածով Կովկասյան հատվածում հրամանատարությունը դրվում ռուսական կողմի վրա եւ ոչ հայկականի: Որովհետեւ Ռուսաստանն առավել մեծ պետություն է եւ Հայաստանի ավագ դաշնակի՞ցը: Ինչո՞ւ է հայկական կողմն իր սեփական տարածքում մեծ հաշվով միայն կառավարում իրականացնում:

Հրամանատարությունը, որպես ժեստ եւ տրամաբանական հանգամանք, կարող էր հանձնվել հենց այն սուվերեն պետությանը, որն ամբողջությամբ գտնվում է Կովկասյան տարածաշրջանում եւ ոչ թե տրվեր մի պետության, որի ահռելի տարածքի միայն մի փոքրիկ մասն է այդ գոտում: Պայմանագրի հավելվածի վեցերորդ կետով, օրինակ, պատերազմական իրավիճակում հակաօդային զինուժը կիրառվելու է միասնական՝ մեկ մտահղացմամբ եւ պլանով: Հարց է առաջանում. իսկ եթե նման միասնականություն ձեռք չբերվի՞: Կամ արագ ձեռք չբերվի՞: Իսկ եթե Հայաստանը գտնի, որ իր պետական-ազգային շահը ստեղծված կոնկրետ մի իրավիճակում հակաօդային ուժի կիրառման մեկ գաղափար է ենթադրում, իսկ Ռուսաստանը գտնի, որ դա ճիշտ մոտեցում չէ՞: Ի՞նչ է լինելու այս պարագայում: Հայաստանն իր անվտանգությունը զոհելու է իր դաշնակցի կարծիքի՞ն:

-Եթե այդ պայմանագիրն այդպիսի վտանգներ է պարունակում եւ մեր շահերից չի բխում, այդ դեպքում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը ցանկանում այն կյանքի կոչել:

-Բխում է, բայց մասամբ միայն: Անշուշտ տեքստում անուղղակի ակնարկներ կան, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը հարստացվելու եւ սպասարկվելու է իր դաշնակցի ջանքերով: Նաեւ որ դաշնակից մյուս կողմն աջակցություն է ցուցաբերելու անհրաժեշտության պարագայում, բայց դա դեռ չի ենթադրում, որ երկու կողմերի շահերին այս պայմանագիրը հավասարաչափ է սպասարկում: Հայաստանն ակնհայտորեն այս փաստաթղթով հետեւի նստարանին է հայտնվում, եւ ղեկը նրան դառնում է անհաս: Լավ է դա, թե վատ, կարծում եմ՝ դժվար չէ կռահելը:

-Ձեր կարծիքով, եթե մեզ վրա հարձակվեն, եւ ռուսական հրամանատարները հապաղեն, մեր քայլերը որո՞նք պետք է լինեն:

Խնդիրը նրանում չէ, թե ինչ պետք է անեն հայկական հրամանատարները: Անգամ եթե ցանկանան այլ բան անել, հարց է՝ նոր համակարգում տեխնիկապես դրա հնարավորությունը կունենա՞ն, թե՞ ողջ համակարգի բանալին՝ կոդերը պահվելու են երկու կողմերի մոտ, եւ առանց կողմերից մեկի հնարավոր չի լինելու դրանք գործարկել: Առավել եւս հավանական է, որ դրանց տնօրինումը լինի հրամանատարության մոտ, որն արդեն Հյուսիսային Կովկասում է՝ հարավային Կովկասում գտնվող Երեւանից բավական հեռու: Այստեղ է ամենամեծ խնդիրը, որի պատասխանը չի տրվում, եւ ցավալի է, որ չի տրվում:

-Պարո՛ն Մարտիրոսյան, հայ-ադրբեջանական սահմանին՝ հատկապես Տավուշում, այսքան տարի կրակոցները չեն դադարում, բայց ՀԱՊԿ-ը դրան որեւէ կերպ չի արձագանքում: Սա նկատի առնելով՝ ի՞նչ երաշխիք կա, որ ռուսական կողմը կպաշտպանի մեզ:

-Խոշոր ռազմական օդային հարձակման պարագայում, անշուշտ, կպաշտպանի: Բայց խնդիրը նրանում է, որ օպերատիվ առումով այս պայմանագիրը Հայաստանին գրեթե բացարձակ կախվածություն է ապահովում իր դաշնակցից, իսկ դա նշանակում է, որ թշնամու հզոր օդուժին մինչ այս հակակշռող հայկական հակաօդային պաշտպանության ոչ այնքան հզոր համակարգն արդեն լինելու է իր դաշնակցից օպերատիվ կախվածության մեջ:

Ու քանի որ Հայաստանի թշնամին՝ Ադրբեջանը, ըստ Ռուսաստանի պաշտոնական հայտարարությունների՝ նույնպես դաշնակից է իրեն, կարող են լուրջ շահերի բախումներ առաջանալ: Իսկ եթե նկատի ունենանք, որ Հայաստանի օդուժն ամենեւին չի հավասարակշռում ադրբեջանականին, այլ մի քանի անգամ զիջում է դրան, ապա հայկական հակաօդային պաշտպանության դերն առավել քան կարեւոր է դառնում առաջիկա պատերազմում: Կարելի էր առավել հավասարակշռված եւ առավել լավ մտածված պայմանագիր պատրաստել, որպեսզի հայ հասարակությունը դրանում ոչ թե սպառնալիք, այլ անվտանգության հավելյալ երաշխիքներ տեսներ: Իսկ ոչ շատ անկախ այս փոքր պետությունում դա անչափ կարեւոր եւ զգայուն խնդիր է, որն ուղղակի չի կարելի անտեսել:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս