Արդեն մեկ տարուց ավել է, ինչ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն փաստացի փոխհամաձայնեցված քաղաքականություն են վարում, ինչն այս տարվա փետրվարի 24-ին պաշտոնական կոալիցիայի վերածվեց: Իսկ ի՞նչ արդյունք է տվել այդ «համագործակցությունը» մեր երկրին:
Հաշվի առնելով այն փաստը, որ «Քաղաքական համագործակցության համաձայնագիր» վերնագրով փաստաթղթով ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն վերացական եւ կոնկրետ արդյունք չենթադրող հայտարարություններից բացի՝ նաեւ կոնկրետ ոլորտների վերաբերյալ խոստումների շարադրանք է, փորձենք հասկանալ՝ դրանք ինչպես են իրագործվել մինչ այժմ:
Այսպես՝ կոալիցիոն իշխանությունները խոստացել էին. «Շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվության անխախտելիությունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը»:
Այս խոստումից հետո քաղաքական հայացքների համար հետապնդվող եւ բանտերում հայտնված անձինք՝ Շանթ Հարությունյանն ու ընկերները, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, այդպես էլ ազատ չարձակվեցին: Իշխանությունները շարունակեցին հովանավորել ընտրակեղծարարներին: Անհերքելի փաստ է, որ ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների կողմից սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծման բազմաթիվ դեպքեր բացահայտվեցին, որոնց մեղավորներից եւ ոչ մեկը սակայն ազատությունից չզրկվեց:
ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն խոստացել էին. «Ընտրական նոր օրենսգրքով եւ Հանրաքվեի մասին նոր օրենքով երաշխավորել ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, անմիջական ժողովրդավարության սահմանադրական նորմերի գործադրումը»:
Ընտրական նոր օրենսգիրքը արդեն իսկ ընդունվել է, եւ այլեւս փաստ է, որ կոալիցիոն իշխանությունը մտադիր չէ հրաժարվել ԸՕ-ի այն դրույթներից, որոնք ընտրակեղծարարության հնարավորություն են ստեղծում: Այսինքն՝ այս դեպքում եւս գործ ունենք դատարկ խոստման հետ, որն իրական կյանքում ոչ միայն չի իրագործվել, այլ մի բան էլ դեռ լրիվ հակառակ ուղղվածությամբ են լուրջ ջանքեր ներդրվել: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններն անցան կոալիցիոն իշխանությունների արտոնած ընտրակաշառքի տոտալ կիրառության պայմաններում:
«Գործադրել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն եւ գործնականում երաշխավորել ազատ ձեռներեցությունը, տնտեսական գործունեությունն ու մրցակցությունը»,- սա եւս ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի խոստումներից է: Թե ինչպես են կոալիցիոն իշխանությունները մենաշնորհների դեմ պայքարում, բոլորս ենք ականատես:
Մեջբերենք կոալիցիոն հաջորդ խոստումը. «Աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական ապահովության եւ առողջության պահպանման ոլորտների քաղաքականության հիմքում դնել անձի արժանապատիվ գոյությունը, աղքատության նվազեցումը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, պետական պարտադիր եւ կամավոր ապահովագրական համակարգերի զուգահեռ գործունեությունը»:
Քանի որ վերը բերված խոստումներից չափելին միայն գործազրկության մակարդակն է, տեղեկացնենք, որ անցած տարվա համեմատ, գործազրկության մակարդակը մոտ մեկ տոկոսով աճել է՝ պաշտոնապես հասնելով 18,5 տոկոսի:
«Ակտիվ ժողովրդագրական քաղաքականության, բազմակենտրոն եւ համաչափ զարգացման ծրագրերի իրականացմամբ նպաստել ազգաբնակչության թվաքանակի աճին»,- սա եւս ՀՀԿ-ՀՅԴ դուետն է խոստացել ու տապալել: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 16 հազար 588 ՀՀ քաղաքացի: Համոզված կարող ենք ասել, որ մեկնածների մեծ մասը Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիներ են: Այսինքն՝ իշխանությունները որքան շատ են խոստանում նպաստել Հայաստանի բնակչության թվի աճին, այնքան ավելի շատ մարդ է երկրից արտագաղթում:
Կոալիցիոն փաստաթղթում նաեւ այսպիսի խոստում կա. «Զարգացնել եւ ամրապնդել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության համակարգերը»: Քառօրյա պատերազմի արդյունքում հայ հանրությունը համոզվեց, թե Հայաստանի իշխանությունները որքանով են ամրապնդել երկու հայկական պետությունների անվտանգությունը:
Պատերազմի արդյունքում ապացուցվեց, որ երկրի անվտանգության ամրապնդման համար հատկացված միջոցներն իրենց նպատակին չեն ծախսվել: Այդ գումարների հաշվին Հայաստանի ղեկավարությունը ու գեներալներից մի քանիսն են հարստացել:
Մի խոսքով, երբ իշխանությունները ոչ մի խոստում չեն տալիս, այլ ուղղակի լուռ ու մունջ զբաղվում են երկիրը թալանելով, դա ավելի «ազնիվ» է: Թե չէ այսպիսի գեղեցիկ ու հրատապ լուծում պահանջող խնդիրների բարձրաձայնումն ու անկատար թողնելն ամենեւին «սիրուն չէ»:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ