Ինչպես հայտնի է՝ եկող տարվա գարնանը Արցախում պետք է տեղի ունենան նախագահական ընտրություններ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ քաղաքական որոշում է կայացվել դրանք չանցկացնել եւ ԼՂՀ գործող նախագահի լիազորությունները երկարաձգել մինչեւ 2020 թվականի ամառը:
Իսկ ինչպես է լուծվելու խնդիրը. Արցախում, ինչպես հայտնի է, Հայաստանի օրինակով նախատեսում են անցկացնել սահմանադրական փոփոխություններ եւ ընդունել նոր Սահմանադրությունը: Արցախի նոր Սահմանադրությամբ նախատեսվում էր փոխել կառավարման կարգը` կիսանախագահականից անցում կատարելով խորհրդարանականին:
Բայց քանի որ Արցախում հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան 2020 թվականին, նոր, լայն լիազորություններով խորհրդարանը այդ ժամանակ միայն հնարավոր կլինի ձեւավորել: Ուստի մինչ այդ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը կշարունակի պաշտոնավարել: Ժողովրդավարության տեսանկյունից այս անցման հիմնական փաստարկը լինելու է այն, որ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը նախատեսված է լինելու նոր Սահմանադրության նախագծում եւ այն հանրաքվեով է հաստատվելու:
Արցախում իրադարձությունների զարգացման վերը բերված սցենարի ընտրությունը պայմանավորված է երկրի ներսում ստեղծված ներքաղաքական վիճակով: Բանն այն է, որ ի սկզբանե ենթադրվել է, որ եկող տարվա գարնանը Սահմանադրական փոփոխությունների հետ կընտրվի ԼՂՀ նոր նախագահ, որը պետք է պաշտոնավարեր մինչեւ 2022 թվականը:
Այդ ընթացքում 2020-ին տեղի կունենային Արցախի խորհրդարանի հերթական ընտրությունները, որոնց արդյունքում ձեւավորված ԱԺ-ն իր լիազորություններն ամբողջությամբ կստանձներ 2022-ի ամռանից, երբ Արցախի՝ այդ ժամանակվա գործող նախագահի լիազորությունները կավարտվեին:
Սակայն, երբ Արցախի եւ Հայաստանի իշխանական շրջանակներում սկսել են քննարկել, թե ով պետք է լինի Բակո Սահակյանի ժառանգորդը հասկացել են, որ փակուղու առջեւ են հայտնվել: Երկուստեք ընդունելի «ժառանգորդը» համարվում է Արցախի գործող վարչապետ, Արցախի խորհրդարանի մեծամասնության, իշող ամենամեծ կուսակցության՝ «Ազատ Հայրենիք»-ի նախագահ Արայիկ Հարությունյանը: Սակայն այս ընթացքում Արցախում սկսել է ակտիվ գործունեություն ծավալել եւ ժառանգորդի հայտ ներկայացնել նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ով Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է, եւ դժվար կլինի Արցախում նեղացնել նրան: Թեեւ տարբեր տեսակետների համաձայն՝ ԼՂՀ-ում Արկադի Ղուկասյանը բավականին ցածր վարկանիշ ունի: Եւ այս իրավիճակը ստիպել է իշխանական շրջանակներին, որպեսզի նրանք սկսեն ուղիներ փնտրել՝ մի կողմից Արկադի Ղուկասյանին չնեղացնելու, մյուս կողմից էլ՝ կառավարման համակարգի փոփոխությունը կյանքի կոչելու եւ գործող իշխանության կյանքը երկարացնելու առումով:
Նման պայմաններում իբրեւ միակ ընդունելի տարբերակ համարվել է վերը ներկայացված սխեման, որի դեպքում Բակո Սահակյանը կշարունակի մինչեւ 2020 թվականը: Ենթադրվում է, որ մինչ այդ ԼՂՀ գործող վարչապետ Արայիկ Հարությունյանը կհասցնի առավել հզորանալ եւ դառնալ իշխանության ղեկավարի չքննարկվող միակ թեկնածու: Ու այս իրավիճակը գիտակցելով՝ նախագահի ապագա հավակնորդները վերջին շրջանում Արայիկ Հարությունյանի վերաբերյալ լրատվական դաշտում պարբերաբար վարկաբեկող հրապարակումներ են տարածում: Այդ գործընթացը եւս պայմանավորված է նրա «ժառանգորդ» լինելու հանգամանքով: Հայաստանի եւ Արցախի իշխանության որոշակի շրջանակներ փորձում են այդպիսով նրան ասպարեզից հեռացնել, որպեսզի հնարավոր լինի իրենց նախընտրած անձին առաջ մղել:
«Ժողովուրդ»-ը ԼՂՀ ԱԺ իշխող «Ազատ Հայրենիք» խմբակցության անդամ Ռուդիկ Հուսնունցից փորձեց պարզել, թե Արցախում սահմանադրական փոփոխությունները նման սցենարով անցկացնելու մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ Ռուդիկ Հուսնունցն ասաց. «Ես այդ մասին տեղեկություն չունեմ: Մի քանի օրից հետո պարզ կլինի այդ մասնագիտական խումբը (սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող,- Վ.Հ.) հիմա աշխատում է, եւ հուլիսի մեկին երեւի վերջնական առաջարկությունների փաթեթն արդեն կլինի, մինչեւ այդ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի»:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ