Շիրակի մարզում քննարկվել են համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովն այցելել է քաղաք Գյումրի եւ քննարկել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մարզպետներ, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներ:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրել է, որ կառավարությունը շարունակում է համայնքների խոշորացման ծրագիրը եւ հերթական նախագծերի փաթեթն է ներկայացրել խորհրդարանի քննարկմանը: Ստեփան Մարգարյանը հիշեցրել է, որ հանրապետությունում դեռեւս 2014 թվականից սկսվել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը, որի արդյունքում Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում իրականացվել են «փնջային պիլոտային» ծրագրեր:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է համայնքների խոշորացման անհրաժեշտությունը` կարեւորելով ծրագրի շուրջ համատեղ քննարկումների անցկացումը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը վստահեցրել է, որ համայնքների կառուցվածքային փոփոխությունը չի հանգեցնելու համայնքների արհեստական խոշորացման. այն դնելու է համայնքներում լուրջ ներդրումային ծրագրերի իրականացման եւ հետագա զարգացման հիմքը:

Ծրագիրն այնուհետեւ մանրամասն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Փոխնախարարն անդրադարձել է այն համայնքներին, որտեղ իրականացվելու է խոշորացման ծրագիրը: Մասնավորապես, ըստ նրա, համայնքների խոշորացման ծրագրերի իրականացումն օրակարգային է Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում:

Հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը եւս կարեւորել է համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ քննարկումը, ինչը, նրա կարծիքով, կնպաստի համայնքների զարգացումն ապահովող լուծումների բացահայտմանը: Ընդգծելով համայնքներում արդյունավետ տեղական ինքնակառավարման կարեւորությունը` Արաիկ Հովհաննիսյանը կարեւորել է համայնքների բնակիչների համար տեսանելի բարեփոխումներն ու արդյունքները: Արաիկ Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող նոր լիազորություններին եւ ավագանու ձեւավորման նոր սկզբունքներին:

Համայնքների ներկայացուցիչները հարցերի միջոցով, ինչպես նաեւ ելույթներով իրենց տեսակետներն են ներկայացրել համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ: Չնայած որոշ մտահոգություններին, այդուհանդերձ նրանք դրական են գնահատել համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնությունը:

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը նշել է, որ խոշորացման գործընթացը պետք է սկսվեր ավելի վաղ: Նրա կարծիքով` խոշորացումը պետք է ինքնանպատակ չլինի. ծառայություններն իրապես պետք է հասանելի դարձնել բնակչությանը:

Տավուշի մարզի Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը եւս սկզբունքորեն դեմ չէ համայնքների խոշարացմանը, սակայն, ըստ նրա, բնակչության շրջանում առկա են որոշ մտահոգություններ:

Բացի համայնքների խոշորացմանը վերաբերող հարցերից, մարզի բնակիչները պատգամավորներին ուղղել են նաեւ բազմաթիվ այլ հարցեր:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը` հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները:




Լրահոս