ԲԵՐՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզում այս տարի աննախադեպ քանակությամբ բերք է ստացվել: Արդեն ավարտվել է հացահատիկի հունձը, եւ սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը: Սարալանջ համայնքի բնակիչ Լյովա Հովհաննիսյանը ստացված բերքից այս տարի շատ գոհ է: Թե՛ հացահատիկի, թե՛ կարտոֆիլի իրացման խնդիր գյուղատնտեսը չունի: Ինչպես ինքն է ասում, կարտոֆիլն անմիջապես հողից տանում են տես ու ճանաչ մարդիկ: Նա կարտոֆիլն աճեցնում է բացառապես գոմաղբով: Հենց դա է նպաստել ծանոթների շրջանում բերքի մեծ պահանջարկ ունենալուն: Ի տարբերություն Հովհաննիսյանի ու Սարալանջում ապրող այլ գյուղատնտեսների՝ Լուսաղբյուր համայնքի բնակիչները կարտոֆիլի իրացման խնդիր ունեն: Գյուղապետ Մանվել Խաչատրյանն անհանգստացած է: Նա նշում է, որ իրենց համայնքում օգտվել են մատչելի գներով առաջարկված դիզվառելիքից, պարարտանյութից ու սերմացուից: Արդյունքը գոհացուցիչ է, որն էլ ստիպել է ավելացնել գյուղատնտեսական նշանակության հողերը, բայց եթե իրացման խնդիրը բերքը հավաքելու հետ մեծանա, կրկին կոտրած տաշտակի առջեւ կկանգնեն:  
Այս սեզոնին, պտղի իրացման հետ կապված, անհանգստություններ ունեն նաեւ քարկոփեցիները: Այստեղ թզի, հոնի, մոշի լավ բերք է ստացվում: Հենց այս պտուղների վաճառքն էլ ապահովում է քարկոփեցիների եկամուտը: «Էս մի ամիսն ա, դրանից հետո ո՛չ էն ունենք, ո՛չ էն ունենք: Ալյուրի անենք, հացի անենք, շորի անենք, ո՞ր մի բանն անենք»,-բողոքեց Քարկոփի բնակիչ Հասմիկ Կարապետյանը: Քարկոփում, ինչպես եւ գրեթե ամենուրեք, աշխատատեղեր չկան: Նախկինում Քարկոփն ավանային տնտեսություն է եղել, հետո այս բնակավայրին գյուղի կարգավիճակ է տրվել, բայց այստեղի բնակիչները ո՛չ գյուղական եւ ո՛չ էլ քաղաքային կենցաղով ապրելու հնարավորություն չունեն: Գյուղատնտեսությամբ զբաղվելու համար հողատարածքներ չունեն, քաղաքաբնակի պես ապրելու համար էլ աշխատատեղ չկա:
Միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Ղումաշյանը «Ժողովուրդ»-ին պատմեց հետեւյալը. «Ձմեռն աշխատանք չեն ունենում ընդհանրապես, մի քանի հոգի աշխատում են «Թեղուտ» ՓԲԸ-ում, մի քանի հոգի էլ՝ դպրոցում»: Ապրելու միակ միջոցը դարձել է առեւտուրը, տնամերձ այգիների միրգը քարկոփեցիները վաճառքի են հանում ճանապարհամերձ շուկայում: Ստացած եկամուտով էլ փորձում են ապրել ամբողջ տարին: «Միրգ շատ ունենք, բայց չենք կարողանում իրացնել: Իրացրածի գումարն էլ քիչ ա. ճաշացո՞ւ առնենք, թե՞ ալյուր: Ամուսինս 50 տարեկան տղամարդ ա, ուր գնում ա, ասում են՝ մեծ ես, աշխատանք չեն տալիս»,-հուսահատված բողոքեց Աղուն Հախվերդյանը:
Քարկոփեցի կանայք շատ են նեղվում նաեւ մանկապարտեզի բացակայությունից: Վերջինիս պակասը զգում են հատկապես այս սեզոնին, երբ կա՛մ այգիներում են լինում, կա՛մ շուկայում, երեխաներին էլ պահող չի լինում: Քարկոփի գյուղապետը, սակայն, մանկապարտեզ բացելն անհնար է համարում: Պետության կողմից տրվող դոտացիան հազիվ գյուղապետարանի մի քանի աշխատակիցների աշխատավարձին է բավարարում, իսկ այլ մուտքեր համայնքի բյուջեն գրեթե չունի:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս