ՀԱՐՑ. Շինթույլտվություն ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել վերջինիս ստանալու կարգը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար սահմանված է 10-օրյա ժամկետ, որից հետո քաղաքացին կարող է իր նախագծային առաջարկով դիմել մեկ պատուհանի գրասենյակներ՝ միաժամանակ ստանալով նախագծի համաձայնություն եւ շինթույլտվություն: Բնակչության սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով սահմանվել է շինթույլտվության տրամադրման պարզեցված ընթացակարգ: Եթե խոսքն արդեն կառուցված ցածրահարկ բնակելի տան, օրինակ՝ ցանկապատը կամ զրուցարանը վերակառուցելու մասին է, քաղաքացիները կարող են դիմել տվյալ վարչական շրջանի մեկ պատուհանի գրասենյակ եւ 2-3 օրում ստանալ էսքիզային առաջարկ: Նման դեպքերում շինթույլտվություն կամ ավարտական ակտ չի պահանջվում: Նախկինում նույն գործընթացը կարող էր շուրջ 1 ամիս տեւել: Վարչական շրջանների աշխատակազմերում կարելի է համաձայնեցնել նաեւ նոր բնակելի տների նախագծերը: Եթե քաղաքացին հնարավորություն չունի նախագիծ պատվիրելու, քաղաքապետարանի կողմից անվճար հիմունքներով տրամադրվում են արդեն հաստատված նախագծի օրինակ եւ արագ շինթույլտվություն:
Եթե մասնավոր տնատիրության հատվածում կառուցվող նոր շինությունը գտնվում է հարեւան տան շինության սահմանաեզրին, եւ կարող են դրանից բխող խնդիրներ առաջանալ, ապա անհրաժեշտ է նաեւ ունենալ հարեւանի գրավոր համաձայնությունը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ պատասխանում նշված է, որ քաղաքացիները կարող են թույլտվություն ստանալ հաշվված օրերի ընթացքում, իրական պատկերը բոլորովին այլ է: Դա են փաստում նաեւ «Ժողովուրդ»-ի ստացած բազմաթիվ զանգերն ու դժգոհությունները, երբ մարդիկ, ընկնելով անվերջ քաշքշուկների մեջ, վերջնականապես հուսահատված, դիմում են խմբագրություն: