Դեռեւս մայիսի 25-ին Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվեց նոր Ընտրական օրենսգիրքը, որում այդպես էլ տեղ չգտան ընդդիմության եւ քաղհասարակության ներկայացրած հիմնական պահանջները: Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ առաջիկայում ընտրական նոր օրենսգրքի շուրջ կսկսվեն նոր բանակցություններ` վերջնական կոնսենսուսի հասնելու համար:
Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւս չթաքցրեց դա. «Սահմանադրությունը նախատեսում էր 3/5, բայց Ընտրական օրենսգիրքն ընդունվեց 4/5-ով: Իհարկե, ես կցանկանայի, որ այն ընդունվեր 5/5-ով»,- նշեց նա: Իհարկե, մի կողմից գովելի է, որ իշխանության ներկայացուցիչները զիջում են իրենց ընդդիմադիր գործընկերներին եւ եւս մեկ անգամ բանակցությունների սեղանի շուրջ նստում նրանց հետ` կոնսենսուսի հասնելու համար, բայց պետք է նկատենք, որ այս ամենը կարելի էր սահմանված ժամկետներում իրականացնել եւ Հայաստանի համար կարեւորագույն փաստաթղթերից մեկի քննարկումներն ու ընդունումը չվերածել «տունտունիկի»: Ինչեւէ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընտրական օրենսգրքի շուրջ բանակցությունների ընթացքում ակնկալվում են լուրջ փոփոխություններ, որոնց մասին, սակայն, իշխանական գործիչները չեն շտապում խոսել: Հավելենք, որ այստեղ միջազգային կառույցները եւս լուրջ դերակատարություն ունեն, քանի որ վճռական կերպով հորդորել են հայկական կողմին մինչեւ սեպտեմբեր ընդդիմադիր ուժերի հետ հասնել միասնական եզրակացության, որից հետո միայն պատրաստ կլինեն համապատասխան ֆինանսավորումն ապահովել: Այս գործում մասնավորապես աջակից են արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
ԸՕ վերաբերյալ առաջիկա բանակցությունների շուրջ «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
-Պարո՛ն Բաղդասարյան, ինչո՞ւ իշխանությանը չհաջողվեց այնպիսի Ընտրական օրենսգիրք ընդունել, որից թե՛ հասարակությունը, թե՛ ընդդիմությունը եւ թե՛ միջազգային կառույցները գոհ կլինեին: Փոխարենը սահմանված ժամկետում կարողացանք ընդունել այնպիսի տարբերակ, որ հիմա կարիք կա ընդդիմության հետ վերստին գնալ բանակցությունների` կոնսենսուսի հասնելու համար:
-Հարցադրումը ես խնդրում եմ ավելի ճիշտ տալ: Ընտրական օրենսգրքում կան կետեր, որոնք ընդունելի են մեր կողմից, որոնք որ առաջարկել է ընդդիմությունը: Կա միջազգային կառույցների հետ կապված խնդիր, ֆինանսավորման խնդիրներ կան, եւ կան եթեներ:
Եթե կա ֆինանսավորում, մենք դեմ չենք տեսանկարահանող սարքերին, ID քարտերին, եւ այդ բանակցությունները շարունակվում են: Կար ժամկետների հետ կապված խնդիր, եթե լինի ֆինանսավորումը, կարող ենք հասցնել, արդյոք, բոլորին ապահովել նույնականացման քարտերով: Մենք հաշվարկներ կատարեցինք եւ ասեցինք՝ այո, մենք պատրաստ ենք, կհասցնենք վեց ամսվա ընթացքում ապահովել: Այսինքն՝ մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները պատրաստ ենք որոշ կետեր ժամանակի իմաստով հասցնել, եթե կլինի ֆինանսավորում:
-Ամեն դեպքում, որպես իշխանություն՝ Դուք պարտավոր էիք այդ ամբողջը հաշվի առնել՝ անելիքի եւ ժամկետների առումով, եւ հնարավորության դեպքում այդ հարցերի լուծումը տալ մինչեւ հունիսի 1-ը:
-Այս բանակցությունները ոչ թե մենք նոր որոշեցինք, որ պետք է շարունակենք, այլ ի սկզբանե որոշել էինք, եւ ցանկացած բան կարող է փոփոխություններ կրել: Հիմա այդ բանակցությունները ոչ միայն մեր եւ ընդդիմության քաղաքական ուժերի մեջ են, այլեւ միջազգային կառույցների հետ: Եթե կլինի այդ որոշակիությունը, որ այս, այս, այս կետերի շուրջ իրենք պատրաստ են ֆինանսավորել, կամ կարող ենք հայթայթել այդ գումարները, բնականաբար մենք պետք է մտնենք, շատ արագ փոփոխություններ կատարենք եւ գնանք առաջ:
Դրան է վերաբերում խնդիրը, եւ դեռ 2016 թվականին էլ, 2017 թվականին էլ, 2017 թվականի ընտրություններից հետո էլ ընտրական օրենսգրքի հետ կապված մենք պատրաստ ենք բանակցությունները շարունակել:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ