ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցող Սերժ Սարգսյանը երեկ երկու կարեւոր հայտարարություն է արել: Առաջինը` ՀԱՊԿ անդամ երկրներից աջակցություն խնդրելն էր` Շանհայի համագործակցության կազմակերպությունում Հայաստանին դիտորդի կարգավիճակի տրամադրման հարցում: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ վեց երկրներից չորսը ՇՀԿ անդամներ են: Թե ինչու է մեկեն այդքան կարեւոր դառնում Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին, անշուշտ պայմանավորված է վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրված աշխարհաքաղաքական գործընթացներով, եւ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու շրջադարձային որոշմամբ: Սակայն, ինչպես միշտ, Հայաստանի իշխանությունները մեր արտաքին քաղաքական քայլերում այնքան անկանխատեսելի են եւ կայացնում են այնպիսի անսպասելի որոշումներ, որոնց հանրությունը, մեղմ ասած, պատրաստված չէ: Առայժմ նրանք հարկ չեն համարում որեւէ հոդաբաշխ բացատրություն ներկայացնել առ այն, թե ինչու է մեզ հենց հիմա պետք անդամակցել ՇՀԿ-ին: Այս խնդրի շուրջ քննարկումները, սակայն, վստահաբար կծավալվեն առաջիկայում: Իսկ երեկ արված երկրորդ` առավել կարեւոր հայտարարությունը վերաբերում է Ղարաբաղի հարցում ՀԱՊԿ անդամ երկրների վարած երկակի խաղին: Սերժ Սարգսյանը հանդես է եկել բավականին սուր ելույթով` մեղադրելով ՀԱՊԿ անդամ որոշ երկրների` Ղարաբաղի հարցում տարբեր ձեւաչափերով հակասական հայտարարություններ ընդունելու մեջ: «Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի եւ, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ»,-մասնավորապես նշել է Սարգսյանը` նկատի ունենալով Թյուրքալեզու միության անդամների գագաթնաժողովներում Ղազախստանի եւ Ղրղըզստանի կողմից ընդունվող հայտարարությունները եւ վերջերս Ադրբեջանում կայացած հավաքում հնչեցված գնահատականները: Անշուշտ, Ս. Սարգսյանի կշտամբանքը միանգամայն արդարացված է եւ ողջունելի: Այլ հարց է, թե ինչու է նա հենց հիմա նման հայտարարությամբ հանդես գալիս: Բնականաբար, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Ս. Սարգսյանը, բարձրացնելով Ղարաբաղի հարցը, ցանկանում է մինչեւ վերջ հստակեցնել ՄՄ անդամ թյուրքալեզու երկրի` Ղազախստանի դիրքորոշումը: Այս քայլով Ս. Սարգսյանը մի կողմից մինչ ՄՄ-ին անդամակցելու կոնկրետ քայլերին անցնելը ցանկանում է երաշխիքներ ստանալ առ այն, որ Ղազախստանը չի խոչընդոտի Ղարաբաղի` Հայաստանի հետ միասին Մաքսային միության մեջ թեկուզ դե ֆակտո ընդգրկմանը: Մյուս կողմից էլ, եթե Ղազախստանն ընդդիմանա, դա Ս. Սարգսյանի առջեւ մանեւրելու նոր դաշտ կբացի, ինչի հաշվարկով էլ, ըստ ամենայնի, նա հայտարարեց Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու որոշման մասին:
ՀՍՏԱԿԵՑՆՈՂ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ