«Ժողովուրդ»-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել բլից- հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Նպատակը վերջիններիս նոր, ուշագրավ կողմերից բացահայտելն է, անկեղծ ու անմիջական կոնտակտ հաստատելը: Բոլորի կողմից ճանաչված դեմքերը կխոսեն իրենց ձեռքբերումների ու կորուստների մասին, կկիսվեն ինչպես մտահոգություններով, այնպես էլ երջանիկ լինելու առիթներով, կներկայացնեն հետաքրքիր մանրամասներ իրենց կյանքից: Այս անգամ մենք զրուցել ենք դերասան, հաղորդավար, պրոդյուսեր, Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ:
-Պարո՛ն Թոխատյան, նախ հետաքրքիր է` ով է դրել Ձեր անունը, եւ ինչ է այն նշանակում:
-Անունս դրել է հայրիկս, եւ, եթե չեմ սխալվում, այն Մարս մոլորակի հայերեն անունն է:
-Եթե ոչ դերասան, ապա…
-Ես հիմա էլ մեծ հաճույքով որպես ուսուցիչ կաշխատեի դպրոցում (Հրանտ Թոխատյանը որպես ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ աշխատել է Օշականում-հեղ.):
-Ի՞նչ եք գնել Ձեր առաջին աշխատավարձով:
-Նվեր մայրիկի համար: Այդ ժամանակ 18 տարեկան էի: Դա իմ ուսուցչական գործունեությունից էլ առաջ էր:
-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հանրության շրջանում ճանաչվելուց հետո:
-Ընդհանրապես ոչինչ, եւ չէր էլ կարող փոխվել` ո՛չ դեպի լավը, ո՛չ դեպի վատը: Ես բավական անտարբեր եմ դրան վերաբերվում:
-Դերասանական կարիերայի հետ կապված Ձեր վախը:
-Իհարկե, ձայնի կորուստը: Եղել է, որ, ներկայացման ժամանակ ձայնս կտրված է եղել, բայց ես խաղացել եմ:
-Ձեր ամենաստացված դերը:
-Ես իմ բոլոր դերերը շատ եմ սիրում եւ յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ամենայն հաճույքով եմ դուրս գալիս բեմ: Ես համարյա չեմ ունեցել չհաջողված ներկայացում նախեւառաջ տվյալ ստեղծագործությունների հեղինակների, ներկայացման պրոդյուսերների ու ռեժիսորների շնորհիվ:
-Ձեր սիրելի սպորտաձեւը:
-Ֆուլբոլը: Ի դեպ, հետեւում եմ Եվրոպայի առաջնությանը, բայց երկրպագում եմ ֆուտբոլին, այսինքն` գեղեցիկ խաղին:
-Գրքեր, որոնք խորհուրդ կտաք կարդալ:
-Շատ են: Խորհուրդ կտամ կարդալ գործեր ինչպես արեւմտյան, հարավամերիկյան, այնպես էլ ռուսական եւ, իհարկե, անպայման մեր հայկական գրականությունից: Կարծում եմ` յուրաքանչյուր բանական մարդ պետք է կարդացած լինի Դյումա, Մարկես, մի քիչ ավելի նեղ շրջանակները վատ չէր լինի, որ կարդային Կաֆկա, Դոստոեւսկի, Չեխով եւ անպայման` Նարեկացի:
-Ձեր նախասիրությունները:
-Ես հոբբի չեմ ունեցել եւ չունեմ:
-Փողի հետ Ձեր հարաբերությունները:
-Այն ինձ համար կեցությունը պահելու նշանակություն ունի ընդամենը:
-Վերաբերմունք, որ Ձեր հանդեպ չեք հանդուրժի:
-Արհամարհանք, երեւի:
-Որտե՞ղ պետք է դրսեւորվի տղամարդու ուժը:
-Կանանց հանդեպ վերաբերմունքի մեջ:
-Կանանց զսպելու միջոցը:
-Ժպիտը:
-Կինը երբեք չպետք է…
-Չկա նման բան… Եթե խոսքը բանական, խելացի մարդու մասին է, չի կարող լինել մի բան, որ ասես` չի կարելի:
-Շարունակեք միտքս` շրջապատին կարելի է զարմացնել միայն…
-Կարծում եմ` մարդկանց զարմացնել կարելի է միայն գիտելիքներով կամ որեւէ մարդկային քայլով, շուրջդ սեր, բարություն սփռելով: Այլապես չարությունը` իր ցանկացած դրսեւորումով, տանում է դեպի փակուղի:
-Երեւանում Ձեզ ամենահարազատ վայրը:
-Իմ տունը:
-Մայրաքաղաքի ամենասիրելի քանդակը:
-Կարծում եմ` Երեւանի ամենագեղեցիկ «քանդակագործը» եղել է Ալեքսանդր Թամանյանը, իսկ լավագույն «ստեղծագործությունը» հենց Երեւանն է:
-Կյանքը կարելի է ավարտված համարել, երբ…
-Երբ կորցնում ես սերը դեպի կյանքը, դեպի քեզ շրջապատող մարդիկ, եւ դա տարիքի հետ երեւէ կապ չունի…
-Մի քանի բան, որոնց համար չեք «փոշմանի» որ կյանք եք եկել:
-Ես ընդհանրապես ոչ մի բանի համար չեմ փոշմանում…
Աննա Բաբաջանյան