Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալն այդքան էլ հեշտ չէ, դեռևս պետք է պառլամենտն էլ որոշում կայացնի, գործընթացները շարունակվում են: ArmLur.am-ի հետ զրույցում, Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու որոշմանն անդրադառնալով, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը. «Քանի որ Բրիտանիան ժողովրդավարական երկիր է, պարզ է, որ կհարգեն հանրաքվեի արդյունքներն ու դուրս կգան ԵՄ կազմից, այստեղ ավելի կարևոր հարցի է պետք ուշադրություն դարձնել: Շատերը նշում են, որ Բրիտանիայի դուրս գալը կարող է թուլացնել ԵՄ-ն, սակայն պետք է ասեմ, որ այդ շշուկներն անհիմն են և կարող է անգամ հակառակը լինել՝ այն կօգնի ԵՄ-ին համախմբվել»:
Քաղաքագետը փաստում է, որ որևէ լուրջ ինտեգրացիոն գործընթացում Բրիտանիան մասնակցություն չունի:
Բացի այս դուրս գալու որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ հենց Բրիտանիայի համար. «Մեծ Բրիտանիայի համար ճակատագրական կարող է լինել այդ որոշումը բացասական իմաստով: Շոտլանդիան կարող է առիթը բաց չթողնել և առաջ քաշել դուրս գալու հարցը:
Իսկ ԵՄ-ում մնալն էլ հերթին վատ հետևանքներ կունենա, քանի որ ժողովրդավար երկիրը, ինչպիսին Բրիտանիան է, չի կարող չհարգել հանրաքվեի արդյունքները»: