«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով մատակարարների հետ հանդիպմանը եւ նրանց դժգոհություններին, ասաց. «Ես այստեղ որեւէ հեղափոխություն չեմ կատարելու, փորձելու եմ այն, ինչ օրենքը պահանջում է, կատարվի ամբողջական»:
Ինչպես արդեն հայտնի է՝ հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների եւ ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք հանդիպում էր կազմակերպվել: Սակայն հանդիպումը այդքան էլ լավ մթնոլորտում չէր անցել, քանի որ եղել էին գործարարներ, որոնք դժգոհություն էին հայտնել ՀՀ ՊՆ գնումների գործընթացից: Օրինակ՝ «Վագա Ֆարմ» ընկերության տնօրենը՝ Վահե Վարսանյանը, մտահոգություն էր հայտնել, որ դեղեր է մատակարարել նախարարությանը, սակայն գումարներն այդպես էլ չեն վճարվել, եւ խորհուրդ էր տվել ուսումնասիրել իրավիճակը: Ինչին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն ասել էր. «Դու մեզ խորհուրդներ մի տուր»: Վարսանյանն էլ պատասխանել էր, թե. «Ես խնդրում եմ դու-ով իմ հետ չխոսաս»: Հակոբյանն էլ ընդունել էր նկատողությունը եւ հարցին լուծում առաջարկել. «Ներողություն եմ խնդրում, մեզ խորհուրդներ մի տվեք, եթե կա խնդիր, կդիմեք, ես Ձեզ կպատասխանեմ»:
Եվ, ահա, երեկ հերթական անգամ Մ. Հակոբյանը լսեց դժգոհ մատակարարներից մի քանիսին, որոնց մեջ էր նաեւ «Վագա Ֆարմ» ընկերության տնօրեն Վարսանյանը, ով ներկայացրեց չվճարված գումարի խնդիրը: ՊՆ աշխատակիցները պարզաբանեցին, թե ինչ խնդիր կա, իսկ Մ. Հակոբյանն էլ հանձնարարեց խնդիրը լուծել, որպեսզի «Վագա Ֆարմ» ընկերությունը չհայտնվի սեւ ցուցակում:
«Ժողովուրդ»-ը մատակարարների հետ հանդիպման, նրանց դժգոհությունների եւ առհասարակ ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Մովսես Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, ՀՀ պաշտպանության նախարարությունում ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների եւ ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք հանդիպումը միտված է գնումների գործընթացը թափանցիկ դարձնելուն: Սակայն նախկինում, երբ գնումների գործընթացի հետ կապված հարց էինք ուղղում, ասում էին, թե գաղտնիք է: Արդյո՞ք մատակարարող ընկերությունները ՊՆ-ում պետական գաղտնիքի տիրապետման մասին ինչ-որ փաստաթուղթ են ստորագրում եւ այն չհրապարակելու խոստում տալիս:
-Որոշ նյութական միջոցներ եւ քանակական տվյալները գաղտնի են, եւ բոլոր մատակարարները դրա տակ ստորագրում են:
-Այդ դեպքում ինչո՞ւ որոշեցիք մատակարարների հետ հանդիպումը անցկացնել այսօրինակ ճանապարհով, ի՞նչ եք ուզում ապացուցել:
-Կարծում եմ՝ որեւէ բան չի փոխվել, ինչպես նախկինում զինված ուժերի մատակարարումը կատարվել է, մենք փորձելու ենք անընդհատությունը ապահովել, եւ որպես նորանշանակ պաշտոնյա փորձելու եմ իմ ներդրումն ունենալ թափանցիկության ապահովման եւ բանակին ժամանակին որակյալ ապրանք մատակարարելու համար: Ես այստեղ որեւէ հեղափոխություն չեմ կատարելու, փորձելու եմ անել այն, ինչ օրենքն է պահանջում, կատարելու եմ ամբողջական:
-Ձեր եւ մատակարարող ընկերությունների ջրերը մեկ առվով չեն հոսում, նույնիսկ բանը հասել է այնտեղ, որ Ձեզ նկատողություն են անում, որ հարգալից չեք խոսում: Ի՞նչ նպատակ եք հետապնդում նրանց կոպտելով:
-Իհարկե, իմ նախկին պաշտոնը, որպես հրամանատար, իր ազդեցությունն ունի, բայց որեւէ նպատակ չեմ հետապնդել որեւէ մեկին վիրավորելու, եւ եթե ինչ-որ բառի սայթաքում է եղել, դրա համար ես բոլորի առջեւ ներողությում եմ խնդրել:
-Միգուցե ցանկանում եք Ձեր ազդեցությո՞ւնը ցույց տալ, վախեցնել:
-Իմ նպատակը եղել է այն, որ բոլորի համար հասկանալի լինի խոսքս, երկմտություն չպարունակի:
-«Ժողովուրդ»-ը հրապարակել էր, որ քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ին էին դիմել մի շարք մատակարարներ եւ հայտնել, որ 40 դրամով ձու կարող են մատակարարել ՊՆ-ին, որը ձվի ինքնարժեքն է, սակայն ընկերություններին մերժել էին՝ հայտնելով, որ ադեն մրցույթը կայացել է, եւ ՊՆ-ին ձու է մատակարարում «Արաքս» թռչնաֆաբրիկան, այն էլ 50-53 դրամով: Դուք ի՞նչ եք արել այս խնդրի հետ կապված: Վերոնշյալ ընկերությունը տասնապատիկ անգամ գերշահույթ է ստանում, մի՞թե օրենքն է ասում ՊՆ-ին թանկ ձու գնել:
-Արդեն կատարված է եղել, իմ նշանակումը որեւէ կապ չունի: Ասեմ՝ այն կազմակերպությունը, որը բանակի հետ պայմանագիր ունի կնքված բանակի մատակարարման հետ, Ձեր նշված գնով չի մատակարարում, այն մատակարարում է ավելի ցածր գնով:
-Մոտ երկու շաբաթ առաջ ՊՆ-ից պաշտոնապես հայտնել էին, որ մատակարար ընկերությունը ՊՆ-ի ձուն տրամադրում է 50-53 դրամով: Սա՞ է ցածր գին:
-Ե՞րբ եք ստացել պատասխանը
-Մոտ երկու շաբաթ առաջ:
-Երկու օր առաջ ստորագրել եմ նամակ, բանակցվել է, եւ գինը իջեցվել է այն գնին, որը առաջարկվում է: Դա, ասեմ, որեւէ մեկի բարի կամքը չէ, դա օրենքի պահանջն է, եթե ինքը չհամաձայներ ավելի ցածր գնով մատակարարել տվյալ սննդամթերքը, ապա պայմանագիր էր կնքվելու այն կազմակերպության հետ, որը ավելի ցածր գին էր առաջարկել: Կոնկրետ այս պարագայում մատակարարող կազմակերպությունը համաձայնել է գինը իջեցնել այն գնի սահմաններում, որը առաջարկել է ուրիշ կազմակերպություն: Սրանով ուզում են անդրադառնալ, որպեսզի մնացածների համար այդպիսի տենդենց չդառնա մասնակցելու, քանի որ ձվի մատակարարումը որոշակի սեզոնային բնույթ ունի: Ձմեռն ավելի թանկ է, եւ այնպես չէ, որ մեկը կարող է պայմանագիրը կիսել եւ կեսից մտնել ու մրցույթը շահել:
-Բայց հիմա հաշվի առնելով իրավիճակը՝ որոշակի խնայողությունների պետք է գնալ: Անգամ այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը:
-Դրա լուծումը արդեն ճարված է, եւ որոշումն արդեն կայացված է, որպեսզի հետագայում նման խնդիրներ չառաջանան, մենք այն սննդամթերքը, որը սեզոնային տատանումներ ունի, դնելու ենք ըստ սեզոնների գինը, որպեսզի հաթող կազմակերպությունը ըստ սեզոնների հաղթի:
-Այսինքն՝ հիմա ՊՆ-ին թանկ ձու մատակարարող Խաչիկ Խաչատրյանի ընկերությանը ասել են, որ իջեցնի՞ գինը:
-Չի ասվել, հրավիրել են բանակցությունների, որտեղ պայմանագիր է կնքվել, եւ գինը իջեցվել է:
-Հիմա կոնկրետ ինչքանո՞վ է ձուն ՊՆ-ին մատակարարվում:
-Եթե թույլ կտաք, հիմա ճշտեմ եւ կոնկրետ գինը ասեմ:
(Մ. Հակոբյանը մոտենում է հեռախոսին, զանգահարում եւ հարցնում է՝ ինչքան եք ձվի գինը իջեցրել, պատասխանում են, թե պարոն Հակոբյան 41, 45` հաշվի առնելով, որ իրենք են տեղափոխում ձուն իրենց տրանսպորտային միջոցներով պաշտպանության բանակ):
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԲԺԻՇԿՆԵՐԻ ԴԵՄ ԲՈՂՈՔԸ
«Ժողովուրդ»-ը դեռեւս 2015 թվականի սեպտեմբերի 2-ին գրել էր, որ 2013 թվականին Աշտարակ քաղաքի բնակիչ Կարապետ Կարապետյանը «Մոր եւ մանկան առողջության պահպանման» կենտրոնի (առավել հայտնի է Մարգարյանի հիվանդանոց անունով) դեմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան բողոք էր ներկայացրել:
Կարապետ Կարապետյանը հայտնել էր, որ 2013 թվականին հիվանդանոցի տնօրեն Գեւորգի Օկոեւի որդու` բժիշկ Գրիգորի Օկոեւի գլխավորությամբ վիրահատել էին իր կնոջ ձվարանի «կիստան», եւ այն հեռացնելու ժամանակ հեռացրել էին նաեւ կնոջ արգանդը, փողերը, ձվարանները` պատճառաբանելով, որ կյանքի հետ անհամատեղելի խնդիր է, իսկ ամենազավեշտալին այն էր, որ միզածորանն էլ կարել էին: Իսկ մեկ այլ վիրահատությամբ էլ հեռացրել էին երիկամը: Կարապետ Կարապետյանը կնոջ մահից հետո դիմել էր ոստիկանություն եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, սակայն իրավապահներն այդպես էլ Կարապետ Կարապետյանի կնոջ մահվան մեջ բժիշկների մեղքը չէին տեսել: Քաղաքացին էլ չվստահելով հայաստանյան փորձագիտական կենտրոնների փորձաքննության արդյունքներին, ծախսելով մեծ գումարներ՝ գերմանացի մասնագետներին էր դիմել, վերջիններս էլ ուսումնասիրելով մահվան դեպքի մանրամասները՝ հայտնել էին, որ հայ բժիշկների ցուցումը ճիշտ չէր, եւ կնոջ օրգանները հնարավոր էր պահպանել:
Այս ցավալի դեպքից 3 տարի անց Կարապետ Կարապետյանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից 2015 թվականին պատասխան էր ստացել: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարապետ Կարապետյանը հայտնեց, որ օրեր առաջ իրեն ՄԻԵԴ-ից հերթական նամակն է եկել, որտեղ նշված է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «Մոր եւ մանկան առողջության պահպանման» կենտրոնում իր կնոջ մահվան համար բժիշկների դեմ ներկայացված բողոքը: Կարապետ Կարապետյանը մեզ հայտնեց, որ 20 օր առաջ ստացված նամակում գրված է. «Դատարանը պահանջել է, որ ՀՀ կառավարությունը համապատասխան թղթեր ուղարկի այս դեպքով, ինչը պետք է կատարեն: Ես լիահույս եմ, որ մեղավորները կպատժվեն, եւ ոչ ոք անպատիժ չի մնա»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՑԱԴՈՒԼ Է ՍԿՍԵԼ
Շորթման կասկածանքով կալանավորված Արտակ Գավրուշայի Գալստյանը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին՝ ահազանգելով.«Բացի այն, որ ինձ անձնական թշնամի հայտարարած Կարեն Բաբակեխյանի կեղծ ցուցմունքով ՀՔԾ քննչական խումբը ինձ կալանավորել է, իր պաշտոնական կայքում ինձ՝ Արտակ Գալստյանիս ներկայացնում է որպես Վանոյի Արտակ, որպես ոստիկանության հետ սերտ կապ ունեցող անձնավորություն, միեւնույն ժամանակ այսօր՝ հունիսի 13-ին, գրություն է ուղարկում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը, որպեսզի ինձ նախկին աշխատակիցների խցից տեղափոխեն քրեական հանցագործությունների ընդհանուր խուց։ Սույն հանգամանքներում ինձ նախկին աշխատակիցների խցից այլ խուց տեղափոխելը հավասարազոր է ՀՔԾ-ի կողմից ինձ ուղղակի մահապատժի ենթարկելուն։ Ելնելով վերը նշված հանգամանքներից՝ տեղեկացրել եմ հացադուլ հայտարարելու մասին՝ որպես պահանջ ներկայացնելով իմ անձնական անվտանգության ապահովումը»։
ՎԱՅ, ԴԵՐՈ, ԴԵՐՈ…
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով երեկ ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ armtimes.com-ի տեղեկություններով՝ կեղծ ուղեգրերը պատրաստելու եւ իրացնելու համար պետական բյուջեից մեծ գումարներ են հատկացվել մասնավորապես 2012-2014թթ, երբ առողջապահության նախարարը Դերենիկ Դումանյանն էր: Վերջինս, սակայն, կայքի հարցին ի պատասխան՝ ասել է, թե տեղյակ չէ կատարված ձերբակալությունների մասին:
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Միքայել Միքայելի Սահակյանին եւ Սերգեյ Գեորգիի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, հայտնաբերվել եւ առգրավվել են հանցագործության կատարման ժամանակ օգտագործված տրանսպորտային միջոցը, ինչպես նաեւ հանցանքի կատարման պահին մեղադրյալների հագին եղած հագուստը, (համազգեստը), նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել են վկաների, ինչպես նաեւ տուժողի լրացուցիչ հարցաքննություններ, 2016թ. հունիսի 12-ի ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` բավարարվել է մեղադրյալներ Ս. Գ. Ավանեսյանի եւ Մ. Մ. Սահակյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: