Չնայած արդեն հոկտեմբերն է, սակայն դեռեւս ավագանու ընտրություններից առաջ մեկնարկած Երեւանի փողոցների բարեկարգման աշխատանքների վերջը չի երեւում: Ինչ խոսք, այն, որ մայրաքաղաքի փողոցները ասֆալտապատվում են, ողջունելի իրողություն է, բայց… բայց ոչ այնպես, ինչպես դա վերջին տարիներին արվում է Երեւանում: Մի կողմ թողնելով այն, որ առանց այդ էլ խցանված փողոցները ասֆալտապատվում են ցերեկային ժամերին այն դեպքում, երբ վաղուց արդեն զարգացած երկրներում նման աշխատանքներն իրականացվում են բացառապես գիշերը, առավել նյարդայնացնող է այն փաստը, որ Երեւանը վերածվել է քարուքանդ փողոցներով մի փնթի քաղաքի, որտեղ անընդհատ ինչ-որ բան քանդում են, ապա ամիսներ շարունակ սարքում, որ հետո` առավելագույնը երկու տարուց, նորից քանդեն: Ընդ որում, դա հաճախ արվում է, մեղմ ասած, աննպատակահարմար վայրերում, որտեղ վերանորոգման անհրաժեշտությունն իսպառ բացակայում է: Օրինակ` որեւէ մեկի համար հասկանլի չէ, թե որն էր Իսակովի պողոտայի միանգամայն հարթ ասֆալտաշերտը քերելու ու պողոտան մոտ մեկ ամիս կաթվածահար անելու նպատակը կամ Աբովյան փողոցը կրկին ասֆալտապատելու անհրաժեշտությունը: Փոխարենը դժվար չէ մատնանշել Երեւանի այն վարչական շրջանները, այդ թվում եւ նույն Կենտրոնը, որտեղ առկա են տասնյակ քարուքանդ փողոցներ: Մի՞թե կարելի է այդքան անսրտացավ լինել քաղաքի` առանց այդ էլ սակավ միջոցների հանդեպ, եւ մի՞թե Տարոն Մարգարյանի համար դժվար էր փոքրիկ շրջայց կատարել` տեսնելու համար ասֆալտապատման կարոտ փողոցները: Ընդհանրապես, տարօրինակ է, որ այս խնդիրը չի հուզում քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք իրենց հռչակել են քաղաքի տերը: Կարծում ենք, որ արժե նաեւ քաղաքացիական ճնշում բանեցնել Երեւանի իշխանությունների վրա` պարզելու համար, թե ով եւ ինչ չափորոշիչներով է որոշել, որ պետք է քաղաքի ասֆալտապատ փողոցները պարբերաբար քանդվեն, իսկ քանդված փողոցները այդպես էլ չասֆալտապատվեն: Երեկ էլ 168.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ մայրաքաղաքի փողոցներից քերված ասֆալտը օգտագործվում է մարզերում` քարուքանդ փողոցների ասֆալտապատման վրա: Փաստորեն, ահա այսպես են իշխանությունները իրագործում Սերժ Սարգսյանի` տարածքների համաչափ զարգացման ծրագիրը: Բնականաբար, ի արդարացումն կհնչեն փաստարկներ առ այն, որ փորձում են տնտեսել միջոցները, սակայն, ինչպես արդեն նշվեց, դրա համար պարզապես պետք չէ այդ նույն միջոցները քամուն տալ` քանդելով բարեկարգ փողոցները: Առաջիկայում էլ մայրաքաղաքի իշխանությունները կբարձրացնեն տրանսպորտի սակագինը դարձյալ նույն պատճառաբանությամբ: Սակայն այս դեպքում եւս այն կեղծ է, քանի որ սեփական քաղաքացիների արժանավայել ուղեւորափոխադրումներն իրականացնելու ցանկություն ունեցող քաղաքապետը Երեւանի փողոցները չէր հանձնի ինչ-որ մասնավոր ընկերության, դա անելու դեպքում էլ ստանալիք հասույթի 70 տոկոսը կտրամադրեր քաղաքին, այլ ոչ թե հակառակը:
ՓՈՂԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ