Բրիտանական առանձնացումը մի շարք բիզնեսների վնաս կհասցնի. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի ընտրողների 51.8%-ը Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցին կողմ քվեարկեց: Ի՞նչ ազդեցություն կունենա այս քայլը Եվրամիության, Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի տնտեսության վրա: Թեմայի շուրջ «Ժողովուրդը» զրուցել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ:

-Պարո’ն Խաչատրյան, Եվրոպական միության վրա ի՞նչ հետեւանքներ կունենա Մեծ Բրիտանիայի այս «ընտրությունը»:

-Խնդիրը պետք է բաժանել մի քանի մասի: Նախ` սրան արձագանքեց ամբողջ համաշխարհային տնտեսությունը` խոշոր երկրները. Բլումբերգի միլիարդատերերի ինդեքսով մի օրվա ընթացքում 127 մլրդ դոլար կորցնելն արդեն իսկ փաստում է այն, որ բացասական արձագանքն ակնհայտ է: Երկրորդ խնդիրը Մեծ Բրիտանիայի դերի նվազեցումն է համաշխարհին տնտեսության մեջ: Կա տեսակետ, որ Լոնդոնը կկորցնի համաշխարհային առաջատար ֆինանսական կենտրոն լինելու իր դիրքերը եւ այն կդառնա Նյու Յորքը: Այսինքն` աշխարհում վերադասավորումներ կլինեն: Եթե նայենք քվեարկությանը տարածաշրջանային տեսանկյունից` ԵՄ-ի կազմից դուրս գալուն Լոնդոնում ամենաշատն են դեմ եղել: Երրորդ` այն իր ազդեցությունը կունենա ամբողջ Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա: Բրիտանական տնտեսությունը համագործակցության լայն շրջանակներ ունի ԵՄ-ի հետ, եւ այդ առանձնացումը մի շարք բիզնեսների վնաս կհասցնի:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի վրա ազդեցությանը, ապա այն կորցնում է իր առաջին գործընկերներից մեկին: ԵՄ քաղաքացիները, որոնք իրենց տնտեսական ներդրումների համար ամենաապահով վայրը համարում էին ՄԵծ Բրիտանիան, կփորձեն դուրս գալ այդ շուկայից: Խնդիրներից մեկն էլ այն է, որ սա ստեղծեց նախադեպ` ինտեգրացիոն գործընթացի դադարեցման առումով, այսինքն` ապաինտեգրացիոն գործընթաց սկսվեց: Աշխարհում առաջանում է մի իրավիճակ, երբ գլոբալիզացիան սկսում է մտնել փակուղի, եւ երեւույթները դառնում են անկառավարելի:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ ԵՄ-ի մյուս երկրները եւս հետեւեն Մեծ Բրիտանիայի քայլին: ԵՄ-ն փլուզման առաջ չի՞ կանգնում:

-Խոշոր միություններն իրենց ինտեգրացումը երբեմն չեն հասցնում այն մակարդակին, որ դրանք ամուր հիմքերի վրա լինեն: Օրինակ` ինտեգրում են այնպիսի երկրներ, որոնք տնտեսական էական տարբերություններ ունեն: Դուրս գալու հակվածություն ունեցող երկրները գտնվում են ծայրամասում, եւ նրանք տնտեսական առումով շատ ավելի թույլ են, քան կենտրոնի երկրները. անկախացման հաշվին նրանք ցանկանում են ունենալ ավելի ուժեղ տնտեսություն:

Մյուս կողմից, հզորները` նույն Գերմանիան նշում է, որ չի ուզում իր վրա վերցնել Հունաստանի պրոբլեմները: Նրանք գաղափարապես պատրաստ չեն իրենց հարկատուների հաշվին պահել նաեւ այլ երկրներին: Սա անհամաչափ ինտեգրացման խնդիրն է: Իհարկե, կա նաեւ թույլ երկրների հաշվին տնտեսությունը հզորացնելու հարցը, որովհետեւ կադրերի` ուղեղների հոսք է տեղի ունենում դեպի ավելի զագացած երկրներ: Այսինքն` հզոր երկրները փորձում են ինտեգրման գործընթացից շահել, բայց նաեւ նրանք պատրաստ չեն թույլերին պահել:

-Եթե ԵՄ-ն լքելու գործընթացը շարունակվի, ի՞նչ եք կարծում, ո՞ր երկրները կդիմեն այդ քայլին` տնտեսապես հզորնե՞րը:

-Քանի դեռ նրանց շահերը համընկնում են, նրանք կմնան ԵՄ-ի կազմում, ի վերջո հզոր երկրները նաեւ իրենց արտադրանքն են արտահանում թույլ երկրների շուկաներ: Երբ նրանց շահերն այլեւս չհամընկնեն, նրանք լքելու որոշում կկայացնեն, քանի որ արդեն կա նախադեպ:

-Ի՞նչ ազդեցություն կունենա Մեծ Բրիտանիայի այս քայլը Հայաստանի տնտեսության վրա:

-Չեմ կարծում, որ մեր տնտեսության վրա լուրջ ազդեցություն կունենա. դա տեղի կունենա միայն որոշակի արժույթների մասով եւ միջնորդավորված: Փոխարժեքի տատանումները կարող են ազդել Ռուսաստանի տնտեսության վրա, ինչն իր բացասական ազդեցությունը կունենա նաեւ մեզ վրա, քանի որ տրանսֆերտներ ուղարկող առաջին եւ մեր հիմնական առեւտրային գործընկերը Ռուսաստանն է: 2-րդ` ԵՄ-ի երկրների հետ, որոնց հետ մենք ունենք տնտեսական հարաբերություններ, առեւտրի ծավալների նվազում կարող է արձանագրվել:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ-ից արտահանումների եւ դրանից ստացած եկամուտների վրա եւս այն ունենա իր ազդեցությունը:

-Շատ քիչ նվազում կլինի, քանի որ մեր արտահանումը հիմնականում դեպի Գերմանիա, Բուլղարիա, Իտալիա, Ֆրանսիա է ուղղված, այսինքն` այդ առումով շատ փոքրաթիվ երկրներից ենք կախված: Չեմ կարծում, որ էական վնասներ կրենք դրանից:

Տաթեւիկ Սարգսյան




Լրահոս