ՀԱՄՈԶԻՉ ՉԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես Մաքսային միությանն անդամակցելու անսպասելի որոշումից հետո, ԵԽԽՎ լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթից ակնկալիքները սովորականից ավելի մեծ էին: Վերջին քսաներկու տարվա ընթացքում  երկրի ճակատագրի համար կարեւորագույն որոշման նախաշեմին Հայաստանի նախագահից սպասվում էր այդ որոշման հիմնավորումների սպառիչ ներկայացում: Սակայն Ս. Սարգսյանի երեկվա ելույթը այդ առումով, կարելի է ասել, հիասթափեցնող էր թե՛ եվրոպացիների եւ թե՛ Ս. Սարգսյանի այս որոշման մեջ երկրի զարգացման համար լուրջ հեռանկարի ակնկալիք ունեցողների համար: Իր երկարաշունչ ելույթում Սերժ Սարգսյանը անդրադարձավ եվրոպական կառույցներում  սովորաբար հնչող հարցերի ողջ «ռեպերտուարին», ընդ որում դա արեց գրեթե անփոփոխ շեշտադրումներով: Եվ եթե մի քանի դետալներ դուրս հանենք, ապա կարելի է ասել` նրա ելույթի հիմնական ուղերձներն անփոփոխ էին եւ գրեթե չէին տարբերվում նույն ամբիոնից ունեցած նրա նախորդ ելույթում հնչեցված մտքերից. բարեփոխումներ, եվրոպական արժեքներ, Ցեղասպանության ճանաչում, Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորում… Նկատելի տարբերությունը թերեւս այն էր, որ այս անգամ Սերժ Սարգսյանը չհայտարարեց, թե պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը առավելություն կունենա, քանի որ մշտապես զբաղված է պատերազմական քարոզչությամբ: Այս անգամ, ընդհակառակը, Սերժ Սարգսյանը սովորականից ավելի ինքնավստահ էր եւ հատկապես ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչին տրված պատասխանում` աննախադեպ կոշտ: «Պետք չէ ռազմական գործողություններ սկսել, հետո բողոքել օկուպացիայից: Եթե պատերազմական գործողություններ լինեն, վստահ եմ՝ մի քանի ամիս հետո ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե քսան, այլ քսանհինգ, երեսուն տոկոսի մասին»,-նշեց Սերժ Սարգսյանը: Դժվար է ասել` արդյոք Ս. Սարգսյանի այս ինքնավստահ տոնն ու կոշտ բառապաշարը պայմանավորված էին Ռուսաստանի կողմից Հայաստանին խոստացված անվտանգության երաշխիքների բարձրացմամբ, թե պարզապես պահի մեջ դիվանագիտական նրբանկատություն ցուցաբերելու ոչ բավարար հմտության արդյունք էին: Առավել եւս, որ ՀՀ ղեկավարի ելույթն ինքնին բավականին տմույն էր ու անատամ, եւ առավել հետաքրքիր ու սուր հայտարարություններն արվեցին ի պատասխան ԵԽԽՎ տարբեր երկրների պատվիրակությունների անդամների հնչեցրած հարցերին: Բոլորին հուզող հարցի պատասխանը եւս հնչեց հենց այս ձեւաչափով: Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է «ամբողջապես ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»: «Մենք մասնակցելու ենք Վիլնյուսի գագաթնաժողովին, եւ մեր ակնկալիքն է մինչ այդ որոշակի փոփոխություններ մտցնել բանակցված փաստաթղթում: Հիմա այս գործընթացն է գնում, բանակցում ենք, թե ինչպիսի փաստաթուղթ պետք է ստորագրենք»,-տեղեկացրեց Ս. Սարգսյանը: Այսպիսով` կարելի է արձանագրել, որ հերթական անգամ հայ ժողովուրդը տեղեկանում է իր ապագայի հետ կապված Սերժ Սարգսյանի որոշումների մասին եվրոպական կամ ռուսական «տիզբոններից»:




Լրահոս