Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով ՌԴ-Թուրքիա հարաբերությունները չեն կարող այնքան մերձենալ, որ սկսեն վտանգ սպառնալ մեր երկրի համար. «Ինչպես բոլորս տեսանք, որևէ լուրջ դրական ազդեցություն էլ չունեցավ, ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, բայց չեմ կարծում, որ փոխվստահությունը կլինի առաջվա մակարդակի»:
Քաղաքագետի կարծիքով առաջ ռուս-թուրքական հարաբերություններն ավելի խորն էին և ավելի լուրջ, և վերադարձը հնին դժվարին կլինի. «Բավականին երկար ժամանակ է պետք լինելու, որպեսզի այդ հարաբերությունները նորից վերականգնվեն, սակայն ժամանակից զատ, նաև նոր հաջողված պատմություններ են պետք: Ամեն դեպքում մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան մեր տարածաշրջանում ստրատեգիական գործընկերներ են և շատ դեպքերում նրանց գեոքաղաքական շահերը համընկնում են»:
Նա նաև նշեց, որ մերձեցման պատճառներից մեկն էլ այն, որ ընդհանուր շահերի համատեքստում հաճախ ՌԴ-ն ու Թուրքիան առանց մեկը մյուսի թուլանում են:
Անդրադառնալով այն անհանգստությանը, որն առկա է արտահանողների շրջնում` կապված սակցիաների վերացման և ՀՀ-ից արտահանման ծավալների հնարավոր նվազման հետ` նա նշեց, որ եթե մենք թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես պատրաստ լինեինք և կարողանայինք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, ապա հիմա անհասնգստությունը տեղին կլիներ. «Ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք մեր քաղաքական պոտենցիալով և տնտեսական մեր հնարավորություններով և մեր ունեցած քաղաքական ազդեցությամբ բավականին պասիվ ենք և որքան էլ փորձում են մեզ որևէ դերակատարում տալ` անընդհատ խուսափում ենք: Իսկ եթե չես մասնակցում, խաղացող չես դու նաև չես կարողանա որևէ օգուտ քաղել»:
Շատերը հիմա լծված են Թուրքիային թուլացնելու գործին և փաստացի հանգեցին նրան, որ Թուրքիան վերադառնա դեպի Ռուսաստան: բայց այդ գործում ՀՀ-ն որևէ դերակատարում չունի, երբ կար ՌԴ-Թուրքիա հարաբերությունների սրացում մեր քաղաքական և փորձագիտական միտքն ասում էր` մենք չպետք է խառնվենք, մեր գործը չի:
Հակոբյանի կարծիքով, մենք ջայլամային քաղաքականություն ենք վարում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտաքին հարաբերություններում և դա է պատճառը, որ չենք կարողանում անգամ համագործակցել մեզ համար ստրատեգիական դաշնակից համարվող պետության հետ:
Լիլիթ Շաբոյան