ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում թեթեւ արդյունաբերության բնագավառում գործում է «Բազում Ֆիրմա» արտադրական կոոպերատիվը: Այն իրականացնում է տղամարդու, կանացի, մանկական վերնահագուստի արտադրություն: Նախատեսվում է արտադրանքի ծավալը 60 մլն դրամից հասցնել 200 մլն դրամի, իսկ ներկայիս 65 աշխատատեղը հասցնել 200-ի՝ 80 000-120 000 դրամ միջին աշխատավարձով:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Բազում Ֆիրմա» Ա/Կ-ն հայտ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու խնդրանքով: Ա/Կ-ի այս պահանջը էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի կառավարության վաղվա նիստին: Մեր տեղեկություններով, սակայն կառավարությունը մտադիր է մերժել «Բազում Ֆիրմա» Ա/Կ-ի հայտը:
Բանն այն է, որ «Բազում Ֆիրմա»-ի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 5-ը: Սակայն ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության արդյունքում ՀՀ-ում մաքսային հսկողության ներքո գտնվող եւ մինչեւ պայմանագիրն ուժի մեջ մտնելը մաքսային մարմինների պատասխանատու պահպանության հանձնված ապրանքները պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից համարվում են ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքներ: Եւ այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են մաքսային միության մաքսային օրենսգրքի, ԵՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերի եւ այլ ակտերի դրույթները:
Դրանց ժամանակավոր պահպանության ժամկետը հաշվարկվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից: Հաշվի առնելով այն, որ պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ից, ժամանակավոր պահպանության առավելագույն ժամկետի ավարտից հետո դրանք պետք է ձեւակերպված լինեին մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ընթացակարգերից որեւիցե մեկով:
Ըստ այդմ, նախագծի դրույթները չեն կարող տարածվել մինչեւ 2015 թվականի հունվարի 2-ը՝ 2014 թվականի նոյեմբերի 5-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, իսկ հայտում ներկայացված ցանկում ընդգրկված են բացառապես մինչեւ 2015 թվականի հունվարի 2-ը ներմուծված ապրանքները: