Եվրոպայի առաջատար երկրների կողմից Ցեղասպանությանն անդրադարձ կատարելը պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերություններով. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին, որը Խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել Ֆրանսիայի կառավարությունը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը խոսեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ, ով հայտնեց, որ Ֆրանսիայի կողմից քրեականացնող բանաձևի ընդունումը նոր գործընթաց չէ, և առաջին անգամը չէ որ նրանք նման որոշում են ընդունում. «Եվրոպայի առաջատար երկրկների կողմից Ցեղասպանությանն անդրադարձ կատարելը պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերություններով: Հայոց ցեղասպանության հարցը որպես Թուրքիային ճնշելու գործոն Փարիզն ու Բեռլինը հաճախ են օգտագործում, իսկ հիմա տեսնում ենք, որ հարաբերություններն այս երկրների միջև բավականին սրված են»:

Անդրադառնալով այն հարցին, թե քաղաքական շահը, թե հայկական կողմի աշխատանք է խթանում այս գործընթացի առաջընթացին, քաղաքագետը նշեց, որ այս անգամ երկուսը մեկտեղվել են. «Շահերը այստեղ համընկնել են, որովհետև Թուրքիայի դեմ օգտագործվող այդ ճնշման գործիքը հասունացրել և  աճել է հայկական կողմի գործոնով:

Մենք ինքներս աշխարհին ներկայացրել ենք դա որպես քաղաքական գործոն և ոչ միայն պատմական: Մենք նաև ներկայացնում ենք, որ Ցեղասպանության ընդունումն ունի արժեհամակարգային նշանակաություն, այսինքն գերտերությունները տեսնում են, որ մի սեղանի շուրջ նստել մերժողական քաղաքականություն իրականացնող երկրի հետ չեն կարող»:

Իսկ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմանն անդրադառնալով նա նշեց, որ տնտեսական առումով բացասական ազդեցություն կունենա. «Թուրքական ապրանքների նկատմմաբ ՌԴ-ի կողմից դրված սահամանափակումներից մեր հայրենակիցները կարողանում էին օգտվել, որը կսահմանափակվի, սակայն քաղաքական առումով որևէ լուրջ ազդեցություն չի ունենա, քանի որ Հայաստանը այն գործոնը չէ, այնքան ուժեղ չէ, որ այդ երկու պետությունների հարաբերությունների լավ կամ վատ լինելուց ինչ-որ բաներ շահի»:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս