Հուլիսի 1-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, հանձնաժողովի անդամներ Խոսրով Հարությունյանը, Սամվել Նիկոյանը, Լեռնիկ Ալեքսանյանը եւ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Բետինա Հագեդորնի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն իր եւ գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագին՝ օրեր առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար: Պարոն Մինասյանը նշել է, որ նույնիսկ 21-րդ դարում մարդկությունը ապահովագրված չէ ցեղասպանություններից, ուստի մեծ է Բունդեսթագի քայլը ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ ողջ մարդկության նկատմամբ:
Հանդիպման ընթացքում հյուրերը ծանոթացել են Միջազգային համագործակցության ընկերության (GIZ ) կողմից Հայաստանում 2012 թվականից ի վեր իրականացվող «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի կատարման ընթացքին: Գագիկ Մինասյանը կարեւորել է Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման բնագավառում Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ իրականացվող մեծ եւ հիմնավոր աշխատանքը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Ազգային ժողովում գործող Բյուջետային գրասենյակի աշխատանքներից, ծրագրային բյուջետավորման գործընթացից, նոր աուդիտորական պալատի մասին օրենքի ստեղծումից: Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՀ նոր Սահմանադրության համաձայն՝ Հայաստանն ունենալու է աուդիտորական պալատ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բնագավառում իրականացվող բարեփոխումները մանրամասն ներկայացնելու համար՝ Գերմանիայի Բունդեսթագի վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Բետինա Հագեդորնը նշել է, որ իրականացվում է համալիր բարեփոխումների գործընթաց: Տիկին Հագեդորնը նշել է, որ նկատի առնելով վերահսկիչ հանձնաժողովում իր ունեցած 14 տարվա աշխատանքային փորձը՝ կարող է ասել, որ չեն լինում կատարյալ օրենքներ, կիրառման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում դրանք բարեփոխել: Բունդեսթագի պատգամավորի խոսքով՝ հանրային ֆինանսների կառավարման թափանցիկությունն ու վերահսկողությունը ոչ միայն գործիք են կանխելու կոռուպցիոն երեւույթները, այլ նաեւ վերահսկելու կառավարության գործունեությունը:
ՀՀ ԱԺ պատգամավորները, կարեւորելով հանրային ֆինանսների կառավարման բնագավառում GIZ-ի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները, նշել են, որ դրանց հիմնական նպատակն է խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին օժտել վերահսկողական լծակներով:
Հանդիպման ավարտին Բունդեսթագի պատգամավորները նշել են, որ միշտ պատրաստ են աջակցելու Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին, քանի դեռ կա դրա անհրաժեշտությունը: