Հունիսի 25-ին Գյումրի քաղաքում Հռոմի պապի այցին ընդառաջ քաղաքի կենտրոնական փողոցի գրեթե բոլոր խանութները փակել էին տվել, սակայն ըստ լուրերի` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ենթարկվել քաղաքային իշխանության կոչերին եւ իրեն պատկանող «Детский мир» խանութը չի փակել: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Վարդան Ղուկասյանի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան, Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցելությունը մեծ ոգեւորություն առաջացրեց հանրության շրջանում: Սակայն շատերի փափագը՝ Սրբազան քահանայապետին մոտիկից տեսնելու, այդպես էլ չիրականացավ: Կարծես թե Դուք էլ չեք հանդիպել պապին, ինչո՞ւ, ցանկություն չկա՞ր, թե՞ Ձեզ նման հնարավորություն չէին ընձեռել:
-Մեկ ուրիշ բան չունե՞ք հարցնելու: Թող Հռոմի պապի համեստությունը եւ պարկեշտությունը, աստվածապաշտությունը յուրաքանչյուրս ունենանք:
-Շատերը համեստության, պարկեշտության համար գնացել էին նրան տեսնելու, Դուք ինչո՞ւ չգնացիք:
-Դա ինչ կարեւոր է՝ գնացել եմ կամ չեմ գնացել:
-Դուք միշտ հավատքից եք խոսում, նույնիսկ բազմաթիվ անգամ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունից» մեջբերումներ եք անում մարդկային մեղքերի մասով: Միգուցե սա լավ առիթ էր:
-Դա կապ չունի, որ այնտեղ պետք է լինեմ կամ չլինեմ: Ես որ այդպիսի տեղերում եմ լինում, մարդիկ վատ են զգում, կարող է՝ իմ շուքս ընկնում է շատերի վրա, չեմ ուզում անհանգստացնեմ մարդկանց:
-Իսկ գոնե լսեցի՞ք Հռոմի պապի աղոթքը, եւ ի՞նչ կփոխի այն Ձեր կյանքում: Քրիստոնեական պատվիրանները ի՞նչ չափով կկատարեք:
-Ես ասում եմ, ես բազմամեղս, ես եղկելիս ու թշվառականս, ես ամենամեղավոր մարդս, եթե մեծ Նարեկացին իրեն մեղավոր է համարում, եթե Ներսես Շնորհալին իր «Հավատով խոստովանում»-ի վերջին տողերում, 24 տան վերջում ասում է. «Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս»:
Եթե Գրիգոր Նարեկացին ասում է. «Ամբողջ աշխարհի օվկիանոսները դառնային թանաք, մայրցամաքները՝ մագաղաթ, Լիբանանի անտառները դառնային գրիչ, դարձյալ չէին կարող կրել իմ մեղքերի մեկ հազարերորդական մասնիկը…», եթե նա ասում է. «Արարատ լեռը դնեն մեկ կշեռքի նժարին, իմ մեղքերս՝ մյուս նժարին, իմ մեղքերս կգերազանցեն» Արարատ լեռին, ինձ պես աշխարհիկը ո՞նց կարող է ասել, թե ես մեղավոր չեմ, ես ամենամեղավոր մարդն եմ: Այսքանը:
զրուցեց Քնար Մանուկյանը