Բակո Սահակյանն ընդունել է Ա. Շաբոյանի գլխավորած պատվիրակությանը. օրակարգում արտահանման խնդիրներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 1-ին, Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին և Հանձնաժողովի աշխակազմի ներկայացուցիչներին: Պաշտոնական այցի ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսության զարգացման նոր հեռանկարներին, մասնավորապես արտադրական ծավալների և արտահանման շուկաների ընդլայնմանն առնչվող հարցեր:

Ա. Շաբոյանը ԼՂՀ նախագահին տեղեկացրել է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը բավականին լուրջ աշխատանքի արդյունքում վեր է հանել արտահանման ծավալների աճին խոչընդոտող հիմնական խնդիրները և կոնկրետ քայլեր է իրականացնում դրանց լուծման ուղղությամբ: ՏՄՊՊՀ նախագահը Բակո Սահակյանին ներկայացրել է ԼՂՀ խոշոր արտադրողների հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքները և պատրաստակամություն է հայտնել աջակցել, որպեսզի Արցախի տնտեսվարողները հայ գործարարների հետ համագործակցության արդյունքում կարողանան ավելացնել արտահանման ծավալներն ու նաև մուտք գործեն նոր շուկաներ: Բ. Սահակյանը կարևորել է ՏՄՊՊՀ դերն ու նախաձեռնությունը և ընդգծել համագործակցության կարևորությունն ու անհրաժեշտությունը հայկական երկու պետությունների տնտեսության զարգացման գործում:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահին ընդունել է նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Վարչապետը, կարևորելով արցախյան գործընկեր կառույցի հետ վերջին տարիներին ձևավորված արդյունավետ և շարունակական համագործակցությունը նշել է, որ հետագայում այդ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ է տեսնում: Ա. Հարությունյանը իր գոհունակությունն է հայտնել ՏՄՊՊՀ նախագահին, ԼՂՀ արտադրողներին աջակցելու պատրաստակամության համար:

ԼՂՀ կատարած այցի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահը և ԼՂՀ  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ համատեղ անցկացրել է նիստ, որին ներկա են գտնվել նաև ԼՂՀ-ում գործող մեկ տասնակից ավելի արտադրական խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ:

Տնտեսվարողները ներկայացրեցին իրենց մտահոգություններն ու խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են արտահանման ժամանակ առաջացած որոշակի խնդիրներին, ինչպես նաև շուկաների ընդլայման հնարավորություններին:

Մասնավորապես, Արցախում ձվի և հավի մսի արտադրությամբ զբաղվող Լուսակերտ ընկերության հիմնադիր Դավիթ Դադայանը նշեց, որ այսօր ստեղծված իրավիճակում արտահանումն իրենց ընկերությանը այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ իրենք հավի կերը ներկրում են Ռուսաստանից, հետևապես արտադրանքի ինքնարժեքը իրենց վրա մոտ կրկնակի անգամ ավելի թանկ է նստում, քան ՌԴ-ում, որտեղ նույն արտադրությունը կազմակերպում են տեղական կերով: Ըստ ընկերության տնօրենի, ստեղծված օբյեկտիվ իրավիճակի պատճառով, իրենք առայժմ բավարարվում են միայն տեղական շուկայով, թեև արտադրական ծավալներն ավելացնելու մեծ ներուժ ունեն: Գորգերի արտադրությամբ զբաղվող Ղարաբաղ կարպետ ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանն էլ ՏՄՊՊՀ նախագահին ներկայացրեց, որ արտահանման ոլորտում իրենց խնդիրները վերաբերում են ավելացված արժեքի հարկի վճարմանը:

Ըստ գործարարի, ՌԴ արտահանումից հետո առավելագույնը 30–օրյա ժամկետում իրենք պարտավոր են վճարել ԱԱՀ, որը իրենց պարագայում կարող է հասնել մինչև մի քանի միլիոն դրամի: Սակայն, վաճառվող գորգերը բավականին թանկարժեք են, դրանք արագ իրացվող ապրանք չեն համարվում, և, երբեմն վաճառվում են արտահանումից մեկ-երկու տարի հետո: Անկախ այդ հանգամանքից, ԱԱՀ-ի վճարումը պարտադիր է: Ըստ գործարարի, մեծ աջակցություն կլիներ, որպեսզի այս հարատեսակի վճարման ժամկետը երկարաձգվեր, ինչը բիզնեսի զարգացման համար լրացուցիչ խթան կհանդիսանար:

Պահածոների արտադրությամբ զբաղվող Արցախ բերրի ընկերության ղեկավար Էրիկ Մկրտումյանն էլ նշեց, որ բարդացված է արտահանման ժամանակ որակի հավաստագրի ստացման գործընթացը: Ըստ տնտեսվարողի, Արցախում հավաստագիրը ստանալուց հետո, պարտավոր են նույն փաստաթուղթը ստանալ նաև Հայաստանում՝ արտահանումը անարգել կազմակերպելու համար: Է. Մկրտումյանը առաջարկում է ներդնել հավաստագրերի ստացման միասնական համակարգ, որպեսզի տնտեսվարողը ստիպված չլինի լրացուցիչ գումար և ժամանակ ծախսելով՝ նույն գործընթացն անցնել մի քանի անգամ:

Նիստին ներկա տնտեսվարողները նաև բարձրացրեցին արտահանման ժամանակ վճարումների հետաձգման, ռուսական ռուբլու արժեզրման և այլ գործոնների հետևանքով առաջացած մրցակցային խնդիրների մասին:

Ի պատասխան բարձրացված հարցերի, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ Հանձնաժողովը լինելու է հետևողական, որպեսզի տնտեսվարողներին հուզող և արտահանման ծավալների աճին խոչընդոտող խնդիրները հնարավորինս արագ լուծումներ ստանան: Ա. Շաբոյանը նշեց, որ շատ հարցեր գտնվում են մրցակցային մարմնի կարգավորման դաշտից դուրս, սակայն ՏՄՊՊՀ-ը այլ պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում կփորձի գտնել օպտիմալ լուծումներ, որոնք կնպաստեն արտադրողների բիզնես գործունեությունն առավել ընդլայնելուն:

Նիստի ավարտին հայկական երկու պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները ստորագրեցին մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային համատեղ ծրագիրը:

Ա. Շաբոյանը իր աշխատանքային այցն ավարտեց՝ այցելելով ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների:

ՀՀ ՏՄՊՊՀ




Լրահոս