«Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են. դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ». այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան 86-ամյակն է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հուլիսի 4-ին, լրանում է Մհեր Մկրտչյանի 86-ամյակը: Անվանի հայի, կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգուի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մահվանից անցել է արդեն 17 տարի, սակայն ժողովուրդը նախկինի պես սիրում է նրան, հուզվում, հրճվում նրա մարմնավորած բեմական ու էկրանային կերպարներով:

Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում։ Հայրը ծագումով մշեցի էր, մայրը՝ վանեցի։ Ծննդավայրում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել թատերական ինքնագործ խմբակ։

frunzik_mkrtchjan56

1945-46 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, 1947 թվականին ընդգրկվել նույն թատրոնի հիմնական խմբում։ Wikipedia-ում նշված է, որ այդ թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր` ցուցաբերելով իր տարիքին անհամապատասխան վարպետություն։

скачанные файлы

1953 թվականին նա տեղափոխվում է Սունդուկյանի անվան մայր թատրոն, սովորում Գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։ 1959 թ-ին էլ ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրում է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհեր Մկրտչյանը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

7560

Կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունն ու էկրանի ճշմարիտ զգացողությունը Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։

?.?.??????????

Նրա բարձր մասնագիտացումն ու մյուս հատկանիշները հիանալի դրսեւորվել են Արսենի («Նվագախմբի տղաները»), Գասպարի («Եռանկյունի»), Իշխանի («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկի («Հայրիկ»), Ամիրոյի («Նահապետ»), Գրիգոր աղայի («Կտոր մը երկինք») դերերում։

Մհեր Մկրտչյանը «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), մինչդեռ դրսի կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։

mher-mkrtchyan

Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66»,«Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգեւներով։

With_Mher_Mkrtchyan,_Norayr_Mnatsakanyan_in_the_Role_of_Sayat_Nova,_1959

Վարդան Աճեմյանը նշել է, որ “Մհեր Մկրտչյանը, իրոք, ծնված է բեմի համար… Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները…”: Անրի Վերնոյն էլ լիովին հավատացած էր, որ Մհերը դերասան է ծնվել:

Դերասանի խոսքերը

Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։

Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։

Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։

Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։

Տաղանդավոր մարդր չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։

Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։

Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց։

Կյանքը, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրր ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին։

Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի։

Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը։

Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ:

Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել, շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին` չի ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի:

Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել: Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում… Չի կորչում… Դա ինձ միշտ փրկել է… Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի:

Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ:

Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:

Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:




Լրահոս