Հոկտեմբերի 5-ն աշխարհի գրեթե 100 երկրներում նշվում է որպես ուսուցչի տոն: Օրն այս որպես տոնական ամրագրվել է 1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, իսկ ահա 1966թ. այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է “Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույցե վերտառությամբ փաստաթուղթը, որն էլ դարձել է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը: “Ժողովուրդ” օրաթերթի հետ զրույցում իրենց սիրելի ուսուցիչներին հիշեցին դերասան, հումորիստ ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ (ԱՐՄՈՒՇ) եւ դերասան, վերջին տարիներին նաեւ ուսուցիչ ԱԲԵԼ ԱԲԵԼՅԱՆԸ:
ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ԱՐՄՈՒՇ)
-Իմ առաջին, սիրելի, միակ ու անկրկնելի ուսուցչուհին եղել է Նինա Սերգեեւնան, որը նաեւ իմ քույրերի ուսուցչուհին է եղել:
-Իսկ ինչո՞ւ է հենց նա տպավորվել:
-Ո՞նց է առաջին սերը, անկախ քեզնից՝ հիշում ես: Բայց մեր ուսուցչուհին շատ լավն էր, մինչեւ հիմա ինքը, դասավանդում է, ասեմ ավելին, հոկտեմբերի 5-ին էլ գնալու ենք իրեն տեսնելու:
-Մյուս ուսուցիչների մասին ի՞նչ կասեք:
-“Հայֆիլմ”-ում եմ սովորել, Հենրիկ Մարգարյանն է եղել իմ ուսուցիչը: Այն ուսուցիչները, որոնք ասելիք ունեն, միշտ էլ իրենց աշակերտներին ճիշտ ուղու վրա են դնում, որ պիտանի մարդ դառնան: Իրենց համար էլ հպարտություն է, որ իրենց աշակերտը լինի կրթված, գիտելիքներով հարուստ: Ինձ համար, անխոս, ամենամեծ ուսուցիչներն իմ ծնողներն են: Այդ հարցը չի քննարկվում, դա առանձին ֆայլ է: Նրանք ոչ միայն քո ուսուցիչներն են, այլեւ քո կյանքի իմաստը:
-Կմտաբերե՞ք, թե ինչպես էր Ձեր դպրոցական տարիներին տոնվում ուսուցչի օրը:
-Դպրոցական տարիներին մենք փող էինք հավաքում, դե ոնց որ հիմա, ծաղիկներ, նվերներ:
-Այսօր ինչպե՞ս կշնորհավորեք մեր ուսուցիչներին:
-Առաջնահերթ ուզում եմ շնորհավորել Նինա Սերգեեւնային, իմ սիրելի դասատուին: Նրան առողջություն եմ ցանկանում: Բոլոր ուսուցիչների տոնն էլ շնորհավոր, թող նրանք լավ ու արժանի սաներ ունենան:
ԱԲԵԼ ԱԲԵԼՅԱՆ
–Իմ ամենասիրելի ուսուցչուհին Մելիքսեթյան Ալլա Սերգեեւնան էր, նա ե՛ւ մեր դասղեկն էր, ե՛ւ ռուսաց լեզվի ու գրականության ուսուցչուհին: Նրա շնորհիվ է, որ ես այսօր, այդքան հաճախ չգործածելով ռուսերենը, չեմ մոռացել այդ լեզուն, նույնիսկ այնպիսի նրբություններ եւ ուղղագրություն եմ հիշում: Փառք ու պատիվ Ալլա Սերգեեւնային, առողջություն, երկար տարիների կյանք նրան:
–Ո՞ր դպրոցն եք ավարտել:
-Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցը: Ես եղել եմ ռուսական դպրոցը վերջին ավարտողներից, քանի որ այդ տարվանից հետո բոլոր ռուսական դպրոցները փակվեցին:
-Հիշո՞ւմ եք, թե ինչպես էիք նշում ուսուցչի տոնը Ձեր դպրոցական տարիներին:
-Նվերներ էինք տանում, ծաղիկներ նվիրում, բաց դաս էինք ունենում կամ դահլիճում փոքր բեմականացումներ…
-Մասնագիտական առումով ո՞ւմ եք համարում Ձեզ ուսուցիչ:
-Մհեր Մկրտչյանին` Ֆրունզիկին, իր ամեն ֆիլմը, կադրը ինձ մեծ բան են տվել: Ես շատ երկար եմ ուսումնասիրել նրա անցած ճանապարհը:
-Հիմա Դուք էլ ստուդիա ունեք, որտեղ դասավանդում եք, ի՞նչ առարկաներ եք ուսուցանում:
-Արդեն 6-7 տարի է՝ դերասանի վարպետություն եմ դասավանդում, իսկ հաղորդավարներին սովորեցնում եմ աշխատել տեսախցիկների հետ, հարցազրույցներ վարել…
-Ունե՞ք հատուկ մշակված դասավանդման մեթոդիկա:
-Չափազանց շատ ուսումնասիրել եմ մանկավարժությանը, հոգեբանությանը, մանկական հոգեբանությանը վերաբերող բազմաթիվ գրքեր: Բայց ես ասեմ, որ տեսություն դասավանդելն այդքան էլ էֆեկտիվ չէ: Ավելի ճիշտ է ամեն ինչ ներկայացնել պրակտիկայի միջոցով կամ փորձի վրա, որպեսզի աշակերտը հասկանա ու սխալներ չանի:
-Ի՞նչ գծերով պետք է օժտված լինի ուսուցիչը:
-Ես կարծում եմ՝ առաջին հերթին անկեղծությունն է, բայց դրա հետ մեկտեղ պետք է պահես այն սահմանը, որ քեզ երեխայի հետ նույն հարթակին չի դնի, բայց եւ չի էլ առանձնացնի: Աշակերտին պիտի լինես ընկեր` ընկեր չլինելով:
-Ձեր շնորհավորանքը:
-Բոլորին, բոլորին շնորհակալություն: Մեր ուսուցիչներին ցանկանում եմ շնորհակալ աշակերտներ, քանի որ դա վկայում է այն մասին, որ նրանց աշխատանքն իզուր չէ: Հավատացե՛ք, այդ մարդիկ ահռելի աշխատանք են տանում, այնպես որ, նրանց քաջառողջություն:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 632 համար