ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՉԻ ՓԱԽՉՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգագրական երգերի ջատագով ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ տարիներ առաջ թողեց ԱՄՆ-ում իր բարեկեցիկ կյանքն ու ընտանիքով վերադարձավ Հայաստան: Երգչի խոսքով` այստեղ իրեն շատ ավելի լավ է զգում: Մի ժամանակ ԱՄՆ-ից էր հյուրախաղերի մեկնում, հիմա էլ` ՀՀ-ից: 
-Ի՞նչը Ձեզ ստիպեց վերադառնալ Հայաստան:
-Հայրենիքի հանդեպ սերը: Որտեղ ուզում ես, եղի՛ր, եթե հայրենասեր ես, քո հողն ու ջուրը քեզ կանչում է: Դրսում վտանգ կա նաեւ, որ երեխաներդ կձուլվեն օտարներին, պետք է կարողանաս նրանց հետ պահել:
-Եթե չեմ սխալվում, Ձեր աղջիկները դրսում են ամուսնացած:
-Մեծ աղջիկս Ամերիկայում է ամուսնացած, փոքր աղջիկս էլ` Ֆրանսիայում: Երկուսին էլ ճանաչած ընտանիքներ եմ տվել, ընկերներիս որդիներն են: Երկուսն էլ սասունցի նահապետական ընտանիքներ են, գիտեմ, որ օտարությանը ձուլումը շատ հեռու է:
-Ձեր որդու` Արաբոյի մասին ի՞նչ կասեք, նա նույնպե՞ս կապված է հայրենիքին:
-Նա ինձանից խորն է կապված, շատ է սիրում իր հայրենիքը: Հիմա 24 տարեկան է, սակայն նույնիսկ երբ պատանի էր, ու ԱՄՆ-ում էինք, այն ժամանակ էլ էր գիտակցում՝ հայրենիքն ինչ է:
-Գիտեմ, որ երգարվեստի ուղին է բռնել, հաջողություններ ունի՞: 
-Ունի, ժողովուրդը սկսել է ճանաչել նրան, կարծում եմ՝ տարիների ընթացքում շատ ավելի մեծ լսարան կունենա: Արաբոն ազգային երգի ջատագովներից է:
-Ձեր անունը նրան հաճա՞խ է օգնում:
-Բնական է, որ օգնում է, բայց եթե ինքը չկարողանար երգել, տվյալներ չունենար, ժողովուրդը չէր լսի իրեն: 
-Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ ուզում եք ազգագրական երգերի դպրոց հիմնել, սերունդ կրթել, ի՞նչ եղավ այդ մտահղացումը:
-Գարունը մոտ է: Ես կարծում եմ, որ 2014թ. այն կլինի: Ազգագրական երգի ու պարի մեծ մասնագիտական դպրոց է լինելու:
-Վերադառնանք հայրենիք տեղափոխվելու Ձեր որոշմանը: Միայն անկեղծ, հիմա չե՞ք զղջում, որ հետ եք եկել:
-Ես Ամերիկայից այնքան գոհ եմ եղել, որ կարողացել եմ այստեղ 7-8 ընտանիք պահել: Ինչ վերաբերում է վերադարձիս, չեմ զղջում եւ ասեմ` ինչու, որովհետեւ ես Ամերիկայի քաղաքացի եմ, որ րոպեին ուզենամ, կգնամ, բայց հավատացե՛ք, որ չի ձգում: Նույնիսկ, երբ մոտ երկրներ եմ գնում հյուրախաղերի, Հայաստանն է ձգում:
-Դե քանի որ արդեն այստեղ եք ապրում, պետք է որ երկրի ներքաղաքական կյանքով էլ հետաքրքրված լինեք:
-Իհարկե մտահոգված եմ, ուշիուշով հետեւում եմ իրադարձություններին: 
-Ի՞նչ կասեք Մաքսային միությանն անդամակցելու՝ Սերժ Սարգսյանի որոշման մասին:
-Մենք ուրիշ ճանապարհ չունենք, որովհետեւ, ուզենք, թե չուզենք, մեր սահմանները պահպանվում են Ռուսաստանի կողմից: Ինչքան էլ ասենք` զինատեխնիկա ունենք կամ մենք արիական ռասսային ենք պատկանում, կռվող ցեղ ենք, յոթ հազարով կարողացանք յոթ միլիոնին ծնկի բերել, վերջը արցախյան տարածքների հարց ունենք: Չպետք է նաեւ մոռանալ, որ մենք շրջապատված ենք մուսուլմանական երկրներով, ու Արեւելքի մեջ ամենաուժեղ երկիրն Օսմանյան Թուրքիան է. պատահական չէ, որ նրանք հետեւում են մեզ: Իսկ եթե Ռուսաստանն իր ձեռքը քաշի մեր վրայից, կարծում եմ՝ մենք խնդիր կունենանք:
Երբ նայում ես պատմական անցյալին, ավելի վատթար վիճակում էլ ենք եղել: Միայն Տիգրան Մեծի ժամանակ ենք ունեցել հայոց թագավորներ: Իսկ այն ժամանակ, երբ Արշակունիները հիմք դրեցին Հայաստանում, մեր թագավորներն էլ հայեր չէին: Մենք գնում էինք կա՛մ հռոմեական, կա՛մ պարթեւների, կա՛մ պարսկական կայսրության լծի տակ: Միշտ էլ այդպես է եղել, փոքր ազգերին խժռել են, բայց մեր ազգային գիտակցության շնորհիվ կարողացել ենք պահել Հայաստանը: Ուղղակի ճկուն քաղաքականություն է պետք: Դե հիմա էլ, երբ նայում ես աշխարհին, կա՛մ ամերիկամետ է, կա՛մ ռուսամետ: Բոլոր երկրներն էլ ինչ-որ մեկի ազդեցության տակ են: Ասում են` Եվրոպան անկախ է, բայց գերիշխող պետությունը հիմա Ամերիկան է, եթե նա ուզենա, Եվրոպան չի աճի: Այնուամենայնիվ, ես կարծում եմ՝ ավելի լավ է, որ մենք Ռուսաստանի հետ լինենք, քանի որ նա մեզ սահմանակից է:
-Արտագաղթի մասին ի՞նչ կասեք:
-Ժողովուրդը հայրենիքից չի փախչում, նրանք փախչում են ոչ լավ պայմաններից: Ժողովուրդը պետք է կախված լինի օրենքից եւ ոչ անհատից: Այսօր, ցավոք, անհատներն են որոշում ժողովրդի ճակատագիրը: Օրենքը լիարժեք չի գործում, այն պետք է տարածվի բոլորի վրա. պրեզիդենտի տղան էլ պետք է նույն օրենքին ենթարկվի, մենք էլ: Կոռուպցիան պետք է վերանա: Ժողովուրդը բարոյալքված է այդ երեւույթներից: Այս ամենով հանդերձ, ես լավատես եմ, վստահ եմ՝ մեր ժողովուրդը գիտակցություն ունի, մնում է՝ ինքնաճանաչում ձեռք բերի: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 629 համար




Լրահոս