ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը որոշեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Խաչատրյան եղբայրներ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել երեք տարով: Այս ՍՊԸ-ն, ինչպես հայտնի է, պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նրա եղբորը՝ Սասուն Խաչատրյանին: Սա ընդամենը մեկ ամիս առաջ կոռուպցիայի դեմ անողոք պայքարի ելած իշխանության որոշումն է. արտոնություններ տալ արտոնյալներին, պետական որոշումների կոռուպցիոն ռիսկայնությունը հասցնել մաքսիմումի ու հետո հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարի կամքի մասին:

Այսքանից հետո էլ չինովնիկները սկսում են դժգոհել, որ իրենց արդար ջանքերը հասարակության կողմից չեն արժանանում համապատասխան վերաբերմունքի, բոլորը թերահավատ են եւ այլն, եւ այլն: Բայց քանի որ համակարգում տեղի ունեցող ոչ մի երեւույթ ու գործողություն վակուումի մեջ չէ, այն որոշակի հարաբերությունների մեջ է մտնում սոցիալական պրակտիկայի հետ, ապա օբյեկտիվորեն առաջանում են հասարակական գնահատականներ, որոնք, մեղմ ասած, անվստահություն են արտահայտում կառավարության գործունեության նկատմամբ: Տեղին է հիշատակել ֆրանսիացի 11-րդ դարի փիլիսոփա Աբելյարի խոսքերը, ով ասում էր, որ ոչ թե պետք է հավատալ հասկանալու համար, այլ պետք է հասկանալ, որպեսզի հավատալ: Այսինքն՝ եթե մարդիկ չեն հասկանում իշխանության հրապարակային խոսքերի ու պրակտիկ գործունեության համաչափությունը, ասել է, թե իրական նպատակը, քանզի չեն տեսնում այն, ապա, բնական է, որ չեն էլ կարող ինչ-որ աներեւույթ փոփոխությունների նկատմամբ հավատով լցվել: Ուրեմն պետք է նախ փոխել պետական կառավարման փիլիսոփայությունը, հետո ակնկալել համապատասխան վստահություն: Միգուցե մեր իշխանության ներկայացուցիչներից ոմանց կամ շատերին թվում է, թե կոռուպցիան միայն կաշառք վերցնե՞լն է: Եթե այդպես են մտածում, ապա չարաչար սխալվում են, քանի որ կոռուպցիան ավելի շատ հովանավորչությունն է, արտոնյալների կաստայի խրախուսումը, ու դա էլ երկրաչափական պրոգրեսիայով սկսում է խորանալ, երբ ստեղծվում է հանրային անվստահության համատարած ու խորը ճգնաժամ: Յուրաքանչյուր ճգնաժամ էլ, իր հերթին, բավական հարմար տեղ է բացում կոռուպցիոն երեւույթների տարածման ու բարգավաճման համար: Պետական որոշումներ կայացնողներն այդպես էլ «չհասկացան», որ պետականորեն արտոնյալներ ձեւավորելով ու նրանց կարգավիճակն էլ ավելի ամրապնդելով՝ ուղղակի անհնար է արմատախիլ անել երկրում չարիքի վերածված ամենակուլ կոռուպցիան եւ այդ հողի վրա էլ հավատ ու վստահություն ակնկալել: Ընդհանրապես, պետական որոշումների կայացումը բաղկացած է բազմաթիվ փուլերից, որոնցից ամենակարեւորներից մեկը այլընտրանքների մշակումն ու դրանց համեմատությունն է: Մեր պաշտոնյաներն այս սկզբունքը սխալ են հասկացել, նրանք ոչ թե կիրառում են լավագույն որոշումների այլընտրանքային մոտեցում, այլ խնդիրներն են փորձում այլընտրանքներով կոմպենսացնել, որը տեղավորվում է բյուջեին հասցված վնասի փոխհատուցման սկզբունքի տրամաբանության մեջ:
Իշխող էլիտան հատկապես ապրիլից հետո հասկացավ, զգաց, որ կոռուպցիան իսկապես էլ մսխել է հանրային ռեսուրսները, որն էլ թույլ չտվեց մեզ ավելի արդյունավետ պաշտպանություն իրականացնել եւ մեր անվտանգությունը հայտնվեց հարվածի տակ: Հասկացավ նաեւ, որ ապրիլյան դեպքերը կարող են կրկնվել, ու խնդիրները կարող են էլ ավելի խորանալ: Բայց քանի որ ամենազոր կոռուպցիան համակել է ամբողջ համակարգը եւ դարձել գրեթե ողջ հարաբերությունների կարգավորիչ, հնարավորություն տվել իշխանությունն անընդհատ պահելու վերարտադրողականության հարափոխի մեջ, ապա դրա դեմ պայքարը կդառնար պայքար ներսում: Ահա եւ կոռուպցիան վերացնելու փոխարեն մշակել են դրա հասցրած վնասի այլընտրանքներ: Օրինակները բազմաթիվ են. թերեւս հիշենք ամենավերջինն ու աղմկահարույցներից մեկը՝ նոր հարկային օրենսգիրքը, համաձայն որի՝ փոքր բիզնեսի համար շրջանառության հարկի շեմն իջեցվում է. գործող տարեկան 115 մլն դրամի փոխարեն առաջարկվում է 40 մլն դրամ: Այսինքն՝ դրանից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունները պետք է սկսեն աշխատել ընդհանուր հարկման դաշտում՝ վճարելով ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ: Ու սա ապահովելու է կարճաժամկետ էֆեկտ՝ բյուջե փող լցվելու տեսքով, փոխարենը սպանելու է առանց այն էլ արյունաքամ եղած մանր ու միջին բիզնեսը: Այսինքն՝ գործ ունենք հակառակ էֆեկտի հետ: Բայց սա խնդրի մի կողմն է, մյուս, ավելի վտանգավոր կողմն այն է, որ իշխանությունը որքան խոսում է կոռուպցիայի մասին, այնքան այն ավելի է գրգռվում, որքան խոսում է հավասար հնարավորությունների մասին, այնքան ավելի են արտոնվում արտոնյալները, որքան պայքարում է, այնքան խորացնում հիասթափությունը եւ այսպես շարունակ, կրկին նույն «հակառակ էֆեկտի» տրամաբանության մեջ: Այսինքն՝ սա ցույց է տալիս, որ մենք իրոք գործ ունենք համակարգային քաղցկեղի հետ, որը լրջորեն սպառնում է կաթվածահար անել բոլոր ենթակառուցվածքները, այդ համակարգը դնել պերմանենտ ճգնաժամային փուլերի հաջորդականության մեջ, որից դուրս գալը չափազանց բարդ ու նույնիսկ ռիսկային է լինելու՝ քաղաքական ու տնտեսական անկայունության սպառնալիքներով:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 

 

ԲՈԼՈՐՆ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2016թ. հունվարի 26-ից ընթանում էր Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի եւ նրա բարեկամների դատավարությունը: Հ. Ներսիսյանը Իջեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Վարուժան Ներսիսյանի եղբայրն է: 1964թ ծնված Հ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Մովսես Թամազյանի կողմից բնակարանում խուզարկություն կատարելու ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտել է քննիչի գործունեությանը եւ կապված նրա վարույթում գտնվող քրեական գործով նախնական քննություն վարելու հետ, նրան զրպարտել է՝ մեղադրելով ծանր հանցագործության, առանձնապես խոշոր չափի՝ 476170000 ՀՀ դրամին համարժեք 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարի հափշտակության մեջ:
Հ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով (Գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը) եւ 344 հոդվածի 3-րդ մասով (Դատախազին, քննիչին կամ հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը, կապված նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ, որոնք զուգորդվել են անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):
Իջեւանի բնակիչ, 1981թ. ծնված Էդգար Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 332 հոդվածի 2-րդ մասով եւ 344 հոդվածի 1-ին մասով: Հրաչյա Ներսիսյանի որդուն՝ 1994թ. ծնված Հայկ Ներսիսյանին, Հրաչյա Ներսիսյանի եղբայր Վրեժ Ներսիսյանի որդիներին՝ 1986թ. ծնված Մարտին Ներսիսյանին, 1987թ.ծնված Նարեկ Ներսիսյանին եւ 1994թ. ծնված Ռաֆայել Ներսիսյանին, մեղադրանք է առաջադրվել քննիչ Մովսես Թամազյանի կողմից բնակարանում խուզարկության կատարելու ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը խոչընդոտելու համար: Նրանք բոլորը մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով: Բոլոր ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հունիսի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է վերոհիշյալ բոլոր ամբաստանյալներին նրանց առաջադրված քրեական հոդվածներում արդարացնել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Այսօր Հայաստան է ժամանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը: Հռոմի Պապի Հայաստան կատարելիք այցին մասնակցելու համար ներկայացնում ենք այցելությունների հերթականությունն ու ժամանակացույցը:
Հունիսի 24
15:00-դիմավորման արարողություն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
15:35 – Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը Էջմիածինի Մայր Տաճարում:
18:00- Ողջույնի արարողություն ՀՀ Նախագահի նստավայրում: Հռոմի պապը եւ Հայաստանի Նախագահը հանդես կգան ելույթներով:
Հունիսի 25
08:45-այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հատուկ աղոքթի արարողությանը կհաջորդի ծառատունկի արարողությունը եւ հյուրերի գրքում գրառումը:
11:00 – Սբ. պատարագ Գյումրիի Վարդանանց հրապարակում:
16:15 – Հանդիպում Սբ. Տիրամայր Հայաստանի կուսանոցում:
16:45 – Այցելություն Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար:
17:15 – Այցելություն Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցի:
19:00 – Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Էկումենիկ արարողություն եւ խաղաղության աղոթք Երեւանի Հանրապետության Հրապարակում:
Հունիսի 26
10:00 – Առաջնորդական սուրբ պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սբ. Տրդատի բաց խորանի առջեւ՝ մատուցվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից:
15:50 – Հանդիպում Հայոց եկեղեցու պատվիրակությունների հետ:
16:05 – Համատեղ հայտարարության ստորագրման արարողություն:
17:00 – Այցելություն Խոր Վիրապ:
18:15 – Հրաժեշտի արարողություն:




Լրահոս