ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ոչ պաշտոնապես, այնուամենայնիվ, հայտնի էր, որ ՀՀ անկախության 22-ամյակի առթիվ հայտարարված համաներմամբ երեկ ՀՀ վերաքննիչ դատարանի դահլիճից պետք է ազատ արձակվեր քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը: Սակայն նախագահող դատավոր Եվա Դարբինյանը գերադասեց «մազոխիզմը» ու եւս երկու օրով հետաձգեց դատական նիստը:
Երեկ դատարանում տեղի ունեցածը եկավ ապացուցելու, որ իշխանությունների կողմից մշտապես արվող հայտարարությունները, թե իրենք մարդասեր են, իրականության հետ այնքան էլ կապ չունեն, քանի որ կոնկրետ գործով դատական իշխանության ներկայացուցիչը, կատարելով իշխանական այլ օղակների պատվեր, վրեժխնդրություն դրսեւորեց:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը, իսկ հոկտեմբերի 3-ին ԱԺ-ն 102 կողմ, 0 ձեռնպահ եւ 0 դեմ ձայներով ընդունեց համաներման մասին որոշումը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ իր հերթին հայտարարեց, որ 2013թ. համաներմամբ ազատ կարձակվի շուրջ 600 մարդ, իսկ սկսված գործընթացը կշարունակվի մինչեւ 2013թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ:
Վերջին անգամ մեր երկրում համաներում էր հայտարարվել 2011թ. ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ: Այն ժամանակ Հայաստանում համաներմամբ ազատ արձակվեց 590 մարդ, կրճատվեցին եւս 424 դատապարտյալի ազատազրկման ժամկետները: Սակայն եթե հետեւենք 2011թ. համաներմանը հաջորդած հետեւանքներին, ապա փաստ է մեկ բան, որ սկսված գործընթացը, բացի իր դրական կողմերից, ունեցավ նաեւ իր վտանգավոր հետեւանքները:
Դեռեւս 2011թ. «Ժողովուրդ»-ը գրել էր, թե այդ տարվա համաներումից հետո ինչ իրավիճակ էր ստեղծվել հանրապետությունում: Հանցագործության մի շարք տեսակների դեպքերը կտրուկ աճել էին: Քաղաքում շատացել էին շրջիկ ու բնակարանային գողերը, մանր խուլիգանները: 2011-ին բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին, երբ հանցագործները, թակելով քաղաքացիների բնակարանների դռները, ներկայանում էին որպես «լույսի մարդ» կամ «ջրի «մարդ» ու ներս մտնելով՝ գողություններ անում: Արդյոք այդ սցենարը չի կրկնվի այս համաներման արդյունքում` հաշվի առնելով մեր երկրում ստեղծված սոցիալական ծանր վիճակը: Այս հարցը դեռ շարունակում է մտահոգել շատերին:
Ընդհանուր առմամբ, համաներումը ողջունելի քայլ է: Այս օրերին մի խումբ քաղաքացիներ «Ժողովուրդ»-ի խմբագրությունից էին փորձում հասկանալ, թե իրենց բարեկամը կամ հարազատը երբ է ազատ արձակվելու, իսկ ահա քաղաքացիների մի խումբ էլ փորձում է հասկանալ, թե որքան են իրենք ապահովված հետագա վտանգներից: «Մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ նրանք փոխվել են կամ համաներումից հետո մենք որքանո՞վ ենք ապահովված»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ապագա իրավաբան Սյուզաննա Գրիգորյանը:
Իհարկե, երաշխիքների մասին խոսելը դեռեւս դժվար է, քանի որ համաներման գործընթացը նոր է սկսվել: Բայց հուսանք՝ ոստիկանությունը 2 տարի առաջվա պես զգոնություն կցուցաբերի եւ հանրապետությունում մարդու անվտանգությունը չի վտանգվի:
Ինչեւէ, երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարի մամլո քարտուղար Կարինե Քալանթարյանից հետաքրքրվել, թե համաներման որոշումից մինչ օրս քանի դատապարտյալ է ազատ արձակվել, եւ արդյոք տարբեր գործերով տուժողների կողմից որեւէ բողոք չի եղել: «Դեռ որեւէ տեղեկություն ինձ չեն տվել, երբ լինի, մենք անպայման կհրապարակենք, իսկ հիմա մարդիկ դեռ աշխատում են»,-ասաց Կ. Քալանթարյանը:
Իսկ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ երեկվա դրությամբ դեռ ոչ մի դատապարտյալ ազատ չէր արձակվել: Իսկ թե այս օրերին թվով քանի ամբաստանյալ է բանտից դուրս եկել, պարզվում է՝ անհնար է ճշտել: Ղլեչյանն ասաց, թե չեն կարող որեւէ տվյալ տրամադրել, քանի որ «դա ֆիզիկապես անհնար է»: Մինչդեռ 2011-ին ընդունված համաներման որոշումից հետո՝ ամեն օր, պաշտոնական տեղեկություն էր հրապարակվում, թե այդ օրը քանի մարդ ազատ արձակվեց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս