ԷՌՆԵԿՅԱՆԸ ԴԵՄ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ժամանակին Փարիզում մրցանակի է արժանացել, առաջիկայում քանդվելու է: Խոսքը “Զվարթնոց” օդանավակայանի կլոր շենքի մասին է: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է այն քանդել, քանի որ, ըստ նրա, օդանավակայանի կլոր շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ: Իսկ Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը վստահեցնում է, որ շենքը կարելի է հեշտությամբ ամրացնել ու վերականգնել:
Հիշեցնենք, որ 2002թ. հունիսին ՀՀ կառավարության եւ “Կորպորասիոն Ամերիկա” արգենտինական ընկերության միջեւ 30 տարի ժամկետով կնքված կոնցեսիոն պայմանագրով “Զվարթնոց” միջազգային օդանավակայանը հանձնվել է “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ին: Եվ ահա, մեկ տասնամյակ անց ընկերության սեփականատերը ցանկանում է քանդել ժամանակին հայաստանցիների հպարտության առարկան համարվող կառույցը:
“Զվարթնոց” օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նկատեց, որ հին համալիրը ներկայումս շատ վտանգավոր կառույց է: Եվ “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ն ռեսուրսներ չի տրամադրի հնացած շինության պահպանման համար ու պատասխանատվություն չի կրի որեւէ վթարի դեպքում. “Մենք մտադիր եւ պատրաստ ենք արդիականացնել “Զվարթնոց” միջազգային օդանավակայանը, սակայն ռեսուրսներ ու ժամանակ չենք ծախսի ռիսկային եւ օգտագործումից դուրս եկած շինության պահպանման վրա, որը չի համապատասխանում ժամանակակից աէրոնավիգացիոն ստանդարտներին”:
Նշենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհրդին` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու “Զվարթնոց”-ի կառավարիչ “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի արդյունքում վերջնական գնահատական պետք է տրվի հին ուղեւորային համալիրի քանդման հարցին: “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ի կողմից կատարվելիք աշխատանքների մասին նոր բիզնես պլան է ներկայացվել, սակայն կազմակերպությունը ցանկանում է լսել նաեւ հանրության կարծիքը: 
Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչեւ վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության եւ ոլորտի մասնագետների կողմից: 
Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, ով նախկինում եղել է ՀՀ քաղավիացիայի գծով Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, այս հարցի շուրջ շատ վրդովված է: Նա կտրականապես դեմ է կլոր շենքի քանդմանը. “Ավելին, թող գնան, Էջմիածինը քանդեն, ավելի հին է: Այդ շենքը կարող են օգտագործել մեր ժողովրդի, ուղեւորների համար: Մանավանդ որ Հայաստանը ցանկություն է հայտնել Մաքսային միությանն անդամակցել: Այդ շենքը երկար տարիներ է, ինչ գործում է, եւ հարմարեցված էր այն ուղեւորների համար, որոնք չպետք է անցնեին մաքսային ստուգումները: Գոյություն ունեն իրական մասնագետներ, թե չէ փողոցից ինչ-որ մարդ են գտնում, որը խոսում է եւ հայտարարություններ անում, թե պետք է անհապաղ քանդել շենքը, քանի որ վտանգավոր է: Պատրաստված եւ ոլորտին տեղյակ մասնագետներ կան, պետք է նրանց հետ խոսել, քննարկել, թե քանի տոկոսով մաշվածություն ունի շենքը, եւ արդյոք պետք է այն քանդել, թե ոչ: Չի կարելի, օդ են խոսում: Դա հիմարություն է: Իսկ գումարներն Աստված գիտի, թե որտեղ են ծախսում, մինչդեռ առավել կարեւոր խնդիրներ կան”:  
Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը նույնպես համաձայն չէ կլոր շենքի քանդման ծրագրին. “Եվ այն եզրակացությունները, որոնք տալիս են մասնագետները, անգրագետ են: Ուրեմն նրանք ընդհանրապես կոնստրուկցիայի հետ կապ չեն ունեցել եւ երբեւիցե կոնստրուկցիա չեն փորձարկել: Դեռ ավելին, նման մասնագետներն իրենց իրավունք են վերապահում ամպագոռգոռ հայտարարություններ անել: Եթե նույն տրամաբանությամբ մոտենանք, ապա վաղը նույն հաջողությամբ պետք է քանդենք ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքը կամ “Հրազդան” ստադիոնն ու Երեւանից ոչինչ չթողնենք: Սա անգրագետ մոտեցման արդյունք է”:
Մելքումյանի խոսքով՝ կան բազմաթիվ մոտեցումներ, տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան շատ նորմալ ու արդյունավետ ձեւով “Զվարթնոց”-ի կլոր շենքն ամրացնել եւ պահպանել ապագա սերունդների համար. “Միանշանակ քանդելն ավելի թանկ կնստի, քան վերականգնելն ու ամրացնելը: Այն հնարավոր է վերականգնել: Հիմա, ցավոք սրտի, այսպես ասած, չակերտավոր մասնագետներն ընդհանրապես ոչինչ չգիտեն, թե աշխարհում ինչ է կատարվում, եւ հայտարարություններ են անում, որ շենքն անպայման պետք է քանդեն, որովհետեւ ուրիշ բան հնարավոր չէ: Դա կատարյալ սուտ է, եւ չի կարելի այդպես մոտենալ հարցին: Շենքը կարելի է հեշտությամբ ամրացնել եւ ծառայեցնել ապագա սերունդներին”:
Այս հարցի շուրջ հանրային քննարկումները շարունակվելու են, եւ առաջիկայում պարզ կդառնա` արգենտինահայ գործարար Էռնեկյանը դեմ է գնալու հասարակական կարծիքին՝ քանդելով հին շինությունը, թե փոխելու է իր մտադրությունը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 633 համար




Լրահոս