ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ. ՓԱԿԱԳԾԵՐԸ ՉԵՆ ԲԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանություններն արդեն որոշել են, թե ինչպես կարող են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին «հեռացնել» ԵԽԽՎ պատվիրակության կազմից: Երեկ «Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ իշխանությունները ծրագրել են փոխել ԵԽԽՎ պատվիրակության կազմավորման կարգը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է փոխվելու կարգը, ու պատվիրակություններն ինչպես են ձեւավորվելու: Մեր տեղեկություններով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` գործուղումից վերադառնալուց հետո իշխանությունները պատրաստվում են իրագործել իրենց ծրագիրը: Նրանք մտադիր են կիրառել «Դոնթի» բանաձեւը, ինչի արդյունքում պատվիրակություններում տեղերի գերակշիռ մասը կհատկացվի ԱԺ-ում մեծամասնություն կազմող իշխող կուսակցությանը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ներկայիս անդամների հետ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, տեղեկություններ կան, որ իշխանությունները մտադիր են ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում փոփոխություններ կատարել: Դուք՝ որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ինչպե՞ս եք վերաբերում այդ հարցին:
 -Այս պահին ես ծանոթ եմ միայն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, որ փոխվելու է պատվիրակության կազմավորման սկզբունքը: Այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ ոչ միայն ԵԽԽՎ, այլեւ մնացյալ պատվիրակությունների կազմավորման սկզբունքը եւս պիտի փոխվի, քանզի ԵԽԽՎ պատվիրակությունը չի կարող ինչ-որ մի առանձնահատուկ ու բացառիկ սկզբունքով գործել։ Սակայն ես տելեպատ չեմ, եւ եթե ոչինչ ավելի չի ասվում, ես չեմ կարող կանխագուշակել, թե ինչ սկզբունք է դրված լինելու պատվիրակությունների կազմավորման հիմքում: Երբ ԱԺ նախագահը մեզ հստակ կներկայացնի, թե ինչի մասին է խոսքը, բնականաբար, միայն այդ ժամանակ իմաստ կունենա ինչ-որ բան քննարկելն ու մեկնաբանելը: Իսկ այս պահին ուղղակի չեմ էլ պատկերացնում, թե խոսքն ինչ սկզբունքի մասին կարող է լինել, որովհետեւ ընդամենն ինչ-որ բազմանշանակ ակնարկներ են արվել եւ ոչ ավելին։ Իսկ եթե փոխվելու է պատվիրակության կազմավորման սկզբունքը, դա ենթադրում է, որ ինչ-որ մի պահի բոլորիս լիազորությունը այդ պատվիրակությունում դադարեցվելու է մինչեւ նոր պատվիրակության ձեւավորումը։
-Այժմ միակ քննարկվող տարբերակը «Դոնթի» բանաձեւն է: Դուք ի՞նչ կարծիքի եք, արդյո՞ք դա լավագույն տարբերակն է այս հարցում:
-«Դոնթի» բանաձեւով գործում է հենց ԵԽԽՎ-ն ինքը եւ բազմաթիվ եվրոպական երկրների խորհրդարաններ։ Այդ բանաձեւը, սակայն, պատվիրակությունների կազմավորման դեպքում արդարացի սկզբունք կլիներ, եթե մեր խորհրդարանում ՀՀԿ-ն չունենար բացարձակ եւ դոմինանտ մեծամասնություն։ «Դոնթի» բանաձեւի կիրառումը կբերի նրան, որ բոլոր պատվիրակություններում կավելանա ՀՀԿ-ի քվոտան, եւ կլինեն քաղաքական ուժեր, որոնք ընդհանրապես չեն կարողանա ներկայացված լինել միջազգային պատվիրակությունների կազմում։ Բայց քանի դեռ չեն բացվել փակագծերը, ես ձեռնպահ կմնամ ավելին ասելուց։
-Ամեն դեպքում, ճի՞շտ կլինի այդ բանաձեւով աշխատելը:
-Ինչպես արդեն ասացի, «Դոնթի» բանաձեւով աշխատում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, նույն բանաձեւով աշխատում են Եվրամիության, Եվրոպայի խորհրդի անդամ բազմաթիվ երկրներ: Ինքը միջազգայնորեն ընդունված ֆորմուլա է, բայց թե ինչքանով ճիշտ կլինի դա՝ հաշվի առնելով մեր խորհրդարանում առկա համամասնությունը, անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ դա կարող է ապահովել քաղաքական ուժերի առավել լայն ներկայացվածություն։ Այլ երկրներում այս բանաձեւն արդյունավետ աշխատում է, քանի որ իրենց քաղաքական սպեկտորում քաղաքական ուժերի ներկայացվածությունը որոշակիորեն համաչափ է, եւ չկա որեւէ մեկ քաղաքական ուժի բացարձակ մենաշնորհ։ Այսօր ԱԺ-ում մոտ 70 մանդատ ունի ՀՀԿ-ն, եթե այդ համաչափությունը կիրառվի պատվիրակությունները ձեւավորելու դեպքում, ապա փոքր խմբակցություններն ընդհանրապես դուրս կմնան պատվիրակությունների կազմից:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
-Պարո՛ն Զուրաբյան, տեղեկություններ կան, որ իշխանությունները մտադրություն ունեն փոխել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմը, Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը:
-Այդ թեմայից ընդհանրապես չեմ ցանկանում խոսել, ու այստեղ ավելի կարեւոր հանգամանք կա. այն է` ԱԺ կազմը չի արտացոլում ժողովրդի կամքը: Այս դեպքում խոսել որեւէ պատվիրակության փոփոխության մասին ես անիմաստ եմ համարում:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված ԱԺ մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանն ասաց, թե շատ զբաղված է` խոստանալով մի փոքր ուշ պատասխանել մեր հարցերին: Դրանից հետո, սակայն, մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Մեր բազմաթիվ զանգերին չպատասխանեց նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս