ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կա՞ սահմանված որեւէ կարգ, որի համաձայն՝ խաղատներ հաճախելու համար տարիքային շեմ ընդունված լինի: Եթե այո, ապա պատասխանատվության ինչպիսի՞ միջոցներ են կիրառվում խախտումներ հայտնաբերելու դեպքում:

Արա Սիրադեղյան (50 տարեկան, տնօրեն)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ կազմակերպիչը պարտավոր է արգելել քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ, որի խախտման համար սահմանվում է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200.000 (երկու հարյուր հազար) դրամի չափով: Ներկայումս օրենքում մշակվում են փոփոխություններ, ըստ որի՝ այդ պահանջի խախտման համար նախատեսվելու է ավելի խիստ պատասխանատվության միջոց:
Բոլոր այն անձինք, որոնք հիմնավոր տեղեկություններ ունեն խաղատների կամ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից նշված կամ օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների խախտման վերաբերյալ, կարող են դիմել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների եւ պահանջների հսկողության տեսչություն:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում նշված է 21 տարին չլրացած անձանց թույլտվության մասին, ինչը, մեղմ ասած, ծիծաղելի է, քանի որ բոլորին է հայտնի, որ այդ շեմը չի գործում: Որպես կանոն, խաղատուն այցելելուց հետո մարդիկ ծեծուջարդի մասնակից են լինում, որն ավարտվում է սպանության եւ նույնիսկ ինքնասպանության դեպքերով: «Ժողովուրդ»-ը բազմիցս բարձրաձայնել է նման խնդիրների մասին. օրինակ՝ վերջերս գրանցվել էր ինքնասպանության դեպք, դիակից քիչ հեռու հայտնաբերվել էին բջջային հեռախոս՝ երկու SIM քարտով, խաղատան քարտ, ինչպես նաեւ անձնագիր: Դատելով քարտի առկայությունից՝ վարկածներ կային, որ խաղատանը տանուլ տրված գումարը կարող էր ինքնասպանության պատճառ լինել:




Լրահոս