Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Ազգային ժողովում ներկայացած կանայք առնվազն 22 հոգի կլինեն` ընդհանուր առնվազն 101 պատգամավորների 20 տոկոսից ոչ պակաս: Այդպես է նախատեսված ՀՀ ընտրական նոր օրենսգրքով:
Ավելին՝ ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուների առնվազն 25 տոկոսը պետք է լինեն կանայք, կամ այլ կերպ ասած՝ որեւէ սեռի թեկնածուները չեն կարող 75 տոկոսից ավել լինել:
Գործող խորհրդարանի 131 պատգամավորներից կանայք 13-ն են, այսինքն՝ ընդհանուրի տասը տոկոսից մի փոքր պակաս: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ապագա խորհրդարանում կանանց ներգրավածությունը գործող ԱԺ-ի համեմատ կրկնակի կավելանա:
Սակայն ուշագրավն այն է, որ չնայած գործող խորհրդարանում կանայք թվով քիչ են, բայց բավականին որոշիչ դերակատարություն ունեն: Խորհրդարանի վեց խմբակցություններից երեքի` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ «ժառանգության» ղեկավարը կանայք են: «Ժառանգություն» խմբակցության դեպքում փաստացի պարտադրված իրավիճակի հետ գործ ունենք: «Ժառանգության» չորս պատգամավորներից խմբակցության հետ կապ ունի միայն Զարուհի Փոստանջյանը եւ հենց նա էլ ներկայացնում է այդ քաղաքական ուժին:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնապես ունի 33 պատգամավոր, սակայն նրանցից փաստացի խմբակցության հետ կապ ունեն 25-ը: Նրանցից միակ կին պատգամավորը Նաիրա Զոհրաբյանն է, որին էլ կուսակիցները ընտրել են խմբակցության ղեկավար: ՕԵԿ խմբակցությունն էլ ունի 5 անդամ, որոնցից իգական սեռի միակ ներկայացուցիչը Հեղինե Բիշարյանն է, եւ հենց նրան էլ վստահվել է խմբակցության ղեկավարի պաշտոնը:
ԱԺ խմբակցության ղեկավարը տվյալ քաղաքական ուժի տեսակետը խորհրդարանում ներկայացնող թիվ մեկ անձն է: Այլ կերպ աասած՝ հենց նա է տվյալ կուսակցության կամ դաշինքի հիմնական քաղաքական ասելիքը հնչեցնողը: Սակայն ԱԺ վերջին արտահերթ նստաշրջանի ընթացքում ծավալված բուռն բանավեճի արդյունքում պարզ դարձավ, որ կին խմբակցության ղեկավարների խոսքին եւ դիրքին նույնիսկ նրանց կուսակից ընկերները լուրջ չեն վերաբերվում: Բանն այն է, որ նշված բանավեճի ընթացքում, ինչպես հայտնի է, կողմերից մեկը ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էր, մյուսում` ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:
Բայց ինչպես արդեն նշեցինք՝ այդ խմբակցությունների պաշտոնական տեսակետը ներկայացնող «առաջին դեմքերը» կանայք են: Արդյունքում, բանավեճի այսպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները որպես «հակառակորդին» խոցող հակափաստարկ մատնանշում էին, որ նա կանանց հետ է բանավեճի բռնվել: Առաջին հայացքից թվում է, թե կուսակցական կին առաջնորդներին պաշտպանելու մղումով հնչեցված այդ տեսակետը պետք է խոցի հակառակորդին: Իրականում այդ մոտեցումը, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ է դնում այդ նույն կանանց կուսակից տղամարդկանց: Փաստորեն մի քանի հազար կուսակցական տղամարդկանցով իրենց առաջնորդ են ընտրում կնոջը, նա դառնում է նաեւ խմբակցության ղեկավար եւ խորհրդարանում իրենց քաղաքական ուժի պաշտոնական տեսակետը ներկայացնում, բայց քաղաքական բանավեճի ընթացքում նրա կուսակիցները որպես միակ հակափաստարկ մատնանշում են նրա սեռը:
Նրանք մոռանում են, որ մարտի դուրս եկած կնոջն «ապտակող» տղամարդը չէ մեղավոր, այլ նրան «ճակատ» ուղարկած տղամարդը, որը որոշել է կնոջ փեշի տակ թաքնվել: Մյուս կողմից, եթե քաղաքական գործչի ասածների նկատմամբ վերաբերմունքը պետք է նրա սեռային պատկանելությամբ որոշվի, ապա բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք իրենց կուսակցությունում կանանց ղեկավար պաշտոնների են ընտրել, մեղմ ասած, անհարմար վիճակում են հայտնվում: Ստացվում է, որ տվյալ քաղաքական ուժի բոլոր պաշտոնական տեսակետներին, որոնք ներկայացնում է նրա իգական սեռի ներկայացուցիչ առաջնորդը, չի կարելի լուրջ վերաբերվել, դե, կին է, մի բան ասում է, կամ կնոջ ղեկավարած կուսակցությունն ինչ պետք է լինի եւ այսպես շարունակ:
Մի խոսքով, հաշվի առնելով այն փաստը, որ կանանց ներգրավածությունը քաղաքական կյանքում առաջիկայում ավելանալու է, ուստի ժամանակն է, որպեսզի քաղաքական գործիչները գիտակցեն, որ բանավեճերի ընթացքում, եթե գործը չի հասել հայհոյանքներին կամ ձեռնամարտին, ապա անկախ սեռից կողմերը հավասար հարթությունում են գտնվում, քանի որ նրանց չափման միավորը հնչեցված ելույթի փաստարկված լինել-չլինելն է: Միեւնույն ժամանակ այն քաղաքական ուժերը, որոնք կորոշեն կին առաջնորդ ընտրել, պետք է գիտակցեն, որ այդպիսով իրենք նրան են վստահում իրենց կուսակցության կամ խմբակցության ընդհանուր տեսակը ներկայացնելու պատասխանատու գործը, եւ եթե հարկ լինի, իրենք պետք է կարողանան նրա հնչեցրած տեսակետը փաստարկներով պաշտպանել: Ի վերջո, սիրուն չէ, երբ տղամարդիկ որպես վահան կնոջ փեշն են օգտագործում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ