Հաղորդավար եւ ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է արտագաղթել: «Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք, որպես ՀՀ քաղաքացի, պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ, թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները ուզում է մեր արյունը ծծել մինչեւ վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է իրանց նման վամպիր, որովհետեւ կծել, վարակել են, որտեղ մինչեւ չսապոնվես էտ ոհմակից ինչ-որ մեկին, ոչինչ չես ունենա, որտեղ անգրագետներն ու անճաշակներն են որակի ու ճաշակի թելադրողները, որտեղ երգիչները մենակ հարսանիքների համար են, որտեղ հեռուստատեսության եթերում մինչեւ չտռես կամ նուրբիկ տղա չլինես ու հոնքերդ չհանես, ռեյտինգ չես ունենա, որտեղ քաղաքական գործիչները մինչեւ քֆուր չտան, չեն հանգստանա, որտեղ բոլորը թքած ունեն իրար վրա, որտեղ ուրախանում են, երբ իմանում են, որ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան էն չի ու ոչ թե հակառակը»,- գրել է Արտյոմ Հակոբյանը: Այս փաստը ուշագրավ է, քանի որ տվյալ դեպքում Հայաստանում առկա մթնոլորտի մասին բարձրաձայնում է մի մարդ, որը հանրային գիտակցության մեջ համարվում է արտոնյալ խավի ներկայացուցիչ: Բայց կյանքը ապացուցում է, որ երբ ընդհանուր մթնոլորտը թունավորված է, ապա ոչ ոք ապահովագրված չէ շնչահեղձ լինելուց: Բայց մյուս կողմից էլ ավելի ցանկալի է, որ մարդիկ, ովքեր իրենց մաշկի վրա են զգում Հայաստանում ձեւավորված կործանարար համակարգի ազդեցությունը, ոչ թե նեղանան եւ հեռանան հայրենիքից, այլ փորձեն ջանք ներդնել այն փոխելու մեջ: Ի վերջո, բոլոր այն երկրները, որտեղ ստիպված արտագաղթում են մեր հայրենակիցները, հենց այնպես մի ակնթարթում չեն այդպիսին դարձել: Այսօր բարեկեցիկ երկրի համբավ ունեցող պետությունների նախորդ սերունդները տասնամյակներ են ծախսել եւ անսպառ ջանք են ներդրել իրենց երկրի ներկա վիճակն ունենալու համար: Այնպես որ, սա մեր երկիրն է, եւ եթե կա որեւէ մեկը կամ որեւէ խավ, որ պետք է հեռանա, իշխանական բուրգն է:
Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ խնդրի շուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու համար Հայաստանը որպես նախապայման առաջ է քաշել հրադադարի խախտման դեպքերը հետքննող համակարգի ստեղծումը: Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց Վիեննայից վերադառնալուց հետո` ինքնաթիռում, սակայն Իլհամ Ալիեւը չի համաձայնում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` ըստ իրեն՝ Ռուսաստանը կհամաձայնի՞ նման հետաքննող համակարգ ստեղծելուն, եւ ե՞րբ է հնարավոր որ այն, ի վերջո, սկսի գործել: Ի պատասխան՝ դեսպանն ասաց. «Տարիներ շարունակ եռանախագահները պաշտպանել են հետաքննող մեխանիզմի ձեւավորումը: Մեր դիրքորոշումը չի փոխվել: Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ այս պահին կա առաջարկ, որը ներկայացված է կողմերի քննությանը: Քանի դեռ առաջարկը չի ընդունվել, մենք դրա հետ կապված մանրամասներ չենք կարող ներկայացնել: Այնուհանդերձ, մենք շարունակում ենք հուսալ, որ հնարավոր կլինի շուտափույթ համաձայնության գալ այս հարցի շուրջ»: Այսինքն՝ այս պահին կողմերին կոնկրետ համակարգի տարբերակ է առաջարկվել:
Արտերկրից եկող տրանսֆերտները շարունակում են նվազել: Այս տարվա մայիսին արտերկրից եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ դրական տարբերությունը, կազմել է 41 մլն 959 հազար դոլար՝ անցած տարվա 72 միլիոն 954 հազար դոլարի դիմաց: Ստացվում է, որ այն կանխատեսումները, որ տրանսֆերտները շարունակելու են նվազել, իրականանում են: Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտների զուտ ներհոսքը շարունակում է նվազել Հայաստանից արտերկիր, իսկ ավելի կոնկրետ դեպի Ռուսաստան փոխանցվող գումարների կտրուկ աճի պատճառով: Անցած տարվա մայիսին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 84 մլն 300 հազար դոլար, իսկ հակառակ ուղղությամբ փոխանցված գումարները կազմել են 19 մլն 454 հազար դոլար: Այս տարի ՌԴ-ից Հայաստան է եկել 67 մլն 254 հազար դոլար, իսկ մեր հանրապետությունից փոխանցվել է 33 միլիոն 530 հազար դոլար: Սա նշանակում է, որ ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներն ավելի ու ավելի շատ են սկսել ապրել «Հայաստանում» մնացած իրենց հարազատների օգնության հաշվին:
Երեկ Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառումը, որին, սակայն, նշված ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, անվանափոխված ՕԵԿ-ի` «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ներկա չէր: Նրա բացակայության փաստը չէր կարող ուշագրավ չլինել, քանի որ հատկապես նախորդ օրը խորհրդարանում ծավալված բուռն բանակցություններից հետո լրագրողների մոտ բազմաթիվ հարցեր էին կուտակվել, եւ նրանք հույս ունեին դրանց պատասխանն անձամբ Բաղդասարյանից ստանալ: Ի սկզբանե հայտարարվել էր, որ նա մասնակցելու է այդ միջոցառմանը: «Ժողովուրդ»-ը «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մոսինյանից փորձեց պարզել, թե ինչու Արթուր Բաղդասարյանը չէր եկել իր գլխավորած ԲՈՒՀ-ին նվիրված միջոցառմանը: «Պարզապես պարոն Բաղդասարյանը զբաղվածության պատճառով չի կարողացել ներկա գտնվել, այլ գործընթաց չկա»,- պատասխանեց Մոսինյանը: Նա նաեւ վստահեցրեց, որ այդ բացակայությունը կապ չունի նախօրեին ԱԺ-ում ծավալված բանավեճի հետ:
ՀԵՐԹԱՓՈԽ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարծես թե գերտերությունների մրցակցությունը նոր թափ է հավաքում: Սանկտ Պետերբուրգում բացառապես Ռուսաստանի հովանու ներքո հունիսի 20-ին կայացած հանդիպման հաջորդ իսկ օրը Հայաստանում եւ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանները միաժամանակ հայտարարեցին Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ հաջորդ հանդիպումը Փարիզում կազմակերպելու շուրջ: Եվ, ահա, երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հաստատեց տեղեկությունը, որ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հենց Փարիզում: Նա առայժմ չի հայտնել հանդիպման օրը, սակայն ընդգծել է, որ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը: Ու թեեւ հայկական կողմից դեռեւս չկա նոր հանդիպման մասին տեղեկատվություն, կասկածից դուրս է, որ պաշտոնական Երեւանը եւս կհաստատի հանդիպելու իր պատրաստակամությունը: Նախ՝ քանի որ անգամ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական կողմն այդպես էլ չկարողացավ տեր կանգնել բանակցությունների վերսկսման համար իր իսկ առաջադրած նախապայմաններին եւ փութաց Վիեննա, իսկ հիմա առավել եւս չկան ծանրակշիռ պատճառներ՝ մերժելու նոր հանդիպման առաջարկը, ապա եւ Սերժ Սարգսյանը չի կարող իրեն թույլ տալ մերժել Արեւմուտքի նախաձեռնությունը բանակցային գործընթացի շարունակության հարցում:
Ընդհակառակը՝ հայկական կողմը մեծապես շահագրգռված է, որպեսզի կարգավորման հարցում ռուսական դերակատարությունը դոմինանտ չդառնա: Եւ այս առումով ուշագրավ է, որ երեկ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ, որի ընթացում զրուցակիցներն անդրադարձել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Սրան զուգահեռ՝ եռօրյա այցով տարածաշրջանում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Վ. Շտայնմայերը նախօրեին Երեւանում, ապա Բաքվում ունեցած հանդիպումների ընթացքում կընդգծի ԵԱՀԿ նախագահող երկրի հետաքրքրվածությունը ղարաբաղյան հիմնախնդրով:
Միով բանիվ՝ Սանկտ Պետերբուրգից հետո Արեւմուտքը տեսանելի կերպով ի ցույց է դնում խնդրի լուծման հարցում իր ակտիվությունը: Թե ինչ կտա Ռուսաստան-Արեւմուտք դերակատարության պարիտետի այս նոր հերթափոխը, պարզ կդառնա առաջիկայում: Առայժմ, սակայն, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Իլհամ Ալիեւը տորպեդահարում է Արեւմուտքի նախաձեռնությունը՝ հետաքննության մեխանիզմների տեղադրման շուրջ, եւ դժվար չէ հասկանալ, որ դա արվում է Թուրքիայի հետ հարաբերությունները շեշտակիորեն կարգավորող եւ Հայաստանի ՀՕՊ համակարգի վերահսկողությունն իր ձեռքը վերցնող Ռուսաստանի քաջալերանքով: Այստեղ մտահոգիչը, սակայն, այն է, որ այդ հարցում Ալիեւին առանձնապես կարգի չեն հրավիրում նաեւ արեւմտյան խաղացողները: