ՊԱՐՏՔՆ ԱՃՈՒՄ Է, ԵԿԱՄՈՒՏԸ` ՆՎԱԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պարտքն այս տարվա հինգ ամիսների արդյունքներով ավելացել է 18 միլիոն 442 հազար դոլարով եւ ընդհանուր կազմել է 5 միլիարդ 270 միլիոն 613 հազար դոլար: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գոյատեւել պարտքերի հաշվին:

Ի դեպ, Հայաստանի պետական պարտքից 4 միլիարդ 432 միլիոն 140 հազար դոլարը արտաքին պարտքն է, այսինքն՝ այդ գումարը ՀՀ կառավարությունը եւ կենտրոնական բանկը վերցրել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ բանկերից: Արտաքին պարտքը վերջին մեկ ամսում` մայիսին, 26 միլիոն 943 հազար դոլարով նվազել է: Փոխարենը ներքին պարտքը, որը մայիսի վերջի դրությամբ ընդհանուր կազմել է 838 միլիոն 473 հազար դոլար, վերջին ամսում աճել է 45 միլիոն 385 հազար դոլարով: Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունը վերջին մեկ ամսում պետական պարտատոմսեր թողարկելով՝ Հայաստանի ընդհանուր պարտքը շեշտակի ավելացրել է:
Առեւտրի շրջանառությունը շարունակում է նվազել: Այս երեւույթը շարունակվում է արդեն մեկուկես տարի: Սա այն դեպքում, երբ անցած տարվա կտրուկ անկումներից հետո, թվում էր, որ եթե այս տարի մի փոքր իրավիճակը շտկվի, ապա առեւտրի շրջանառությունը, անցած տարվա համեմատ, աճ կգրանցի: Սակայն իրականությունն ավելի դաժան է, եւ առեւտրի շրջանառությունը, միեւնույն է, շարունակում է նվազել. նախորդ տարվա հինգ ամսվա հետ համեմատած՝ անկումը կազմել է մոտ 4 միլիարդ դրամ:
Ուշագրավ է այն, որ պաշտոնական վիճակագիրները այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով գործազրկության անկում են արձանագրել. անցած տարվա 18,5 տոկոս գործազրկության ցուցանիշից հետո այս տարվա համար ներկայացրել են, թե իբր այդ թիվը դարձել է 18 տոկոս: Հաշվի առնելով, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը զբաղված է թվեր նկարելով, ուստի ցանկության դեպքում նրանք կարող էին գրել, որ Հայաստանում ընդհանրապես գործազրկություն չկա:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հինգ ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են 441 միլիարդ 403 մլն դրամ: Այդ գումարից հարկեր եւ տուրքերի գծով ստացված եկամուտը կազմել է 420 միլիարդ 125 միլիոն 700 հազար դրամ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 2,3 տոկոսով: Սակայն ուշագրավն այն է, որ հիմնական հարկատեսակի` ավելացված արժեքի հարկի գծով մուտքերի խայտառակ անկում է արձանագրվել` մոտ 8 տոկոսով, կամ նույնն է, թե 13 միլիարդ դրամի չափով: ԱԱՀ-ն տնտեսության վիճակը բնորոշող հիմնական հարկատեսակն է: Այսինքն՝ չի կարող տնտեսական աճ ունեցող երկրում ԱԱՀ-ն նվազել: Իսկ այդ հարկատեսակի նվազման պայմաններում անհասկանալի է, թե ինչպես են պաշտոնական վիճակագիրները փորձում Հայաստանի հանրությանը համոզել, որ մեր տնտեսությունը շարունակում է աճել:
ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած թվերից մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս ի հայտ է գալիս: Բանն այն է, որ ըստ արդյունաբերության բնեղեն արտահայտության՝ մետաղագործական արդյունաբերության հիմնական ճյուղերում լուրջ աճ է արձանագրվել, մասնավորապես, պղնձի խտանյութի արտադրությունն աճել է ավելի քան 28 տոկոսով: Պղնձի խտանյութի արտադրությունն արդյունաբերության տվյալ ոլորտի հիմնական ճյուղն է: Սակայն ուշագրավն այն է, որ գումարային արտահայտությամբ հանքագործական արդյունաբերությունն աճել է ընդամենը 19 տոկոսով: Այլ կերպ ասած՝ այս տարվա հինգ ամիսներին Հայաստանի հանքերն անցած տարվա համեմատ մոտ 30 տոկոսով ավելի շատ պղինձ են արդյունահանել, բայց արդյունքում նրանց գումարները աճել են ընդամենը 19 տոկոսով: Այս երեւույթի պատճառը միջազգային շուկայում պղնձի գների անկումն է, որը շարունակվում է արդեն ավելի քան մեկ տարի: Արդյունքում, ստացվում է, որ Հայաստանի հանքագործները ներկայումս պարզապես կաշվից դուրս գալով են փորձում եկամուտով աշխատել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՕԴԸ ՀԱՆՁՆՎԵՑ ՌԴ-ԻՆ
Երեկ Ազգային ժողովը 102 կողմ եւ 8 դեմ քվեարկությամբ վավերացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Հիշեցնենք, որ ըստ այս համաձայնագրի՝ Հայաստանի հակաօդային պաշտպանությունն այսուհետ պետք է ղեկավարվի ՌԴ եւ ՀՀ զինված ուժերի կողմից համատեղ: Այս հանգամանքը, բնականաբար, բուռն քննադատությունների տեղիք տվեց եւ բողոքի ալիք բարձրացրեց: ԱԺ պատգամավորներից ՀՀ իշխանություններին ընդդիմացան եւ դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, նույն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը եւ անդամ Ալեքսանդր Արզումանյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը:

 

 

ՀԱՏՈՒԿ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորվածներին պահում են հոտուկ հսկողության պայմաններում: Հիշեցնենք, որ 2016թ. մայիսի 20-ին Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի էր ունեցել ավտովթար, որից հետո իրավապահները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Այս գործով 9 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնց թվում է նաեւ Ժիրայր Սէֆիլյանը: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ գործով կալանավորված Հովհաննես Պողոսյանը գտնվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցում, եւ նրան հսկում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հատուկ գումարտակի աշխատակիցները:

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ՀԷԿ-ԻՆ ԿՏՈՒԳԱՆԵՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 6-ի նիստում նախ 1 մլն դրամով կտուգանի «Տաթեւի անապատ» ընկերությանը, այնուհետեւ ընկերությանը նոր՝ էլէներգիայի արտադրության լիցենզիա կտրամադրի՝ մինչեւ 2032 թվականը գործողության ժամկետով: Բանն այն է, որ ՀԾԿՀ-ն պարզել է, որ նշված ընկերությանը պատկանող «Անապատ-1» ՀԷԿ-ն իրեն տրված լիցենզիան խախտել է: Ի դեպ, ՀՀ պետռեգիստրի տվյալներով՝ նշված ընկերության 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: «Տաթեւի անապատ» ՍՊԸ-ն ունի երկու փոքր ՀԷԿ Տաթեւ եւ Տանձատափ գյուղերի տարածքում:

 

 
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի եւ իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլիին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է եւ տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումները նպաստում են հայ-վրացական փոխգործակցության հետագա զարգացմանը: Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի եւ իրավական օգնության հարցերի նախարարի խոսքով՝ իրենք պատրաստ են խորացնել եւ ընդլայնել հայ գործընկերների հետ փոխգործակցությունը, իրականացնել փորձի փոխանակում նաեւ պրոբացիոն ծառայության ոլորտում, որը Վրաստանում հաջողությամբ գործում է:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 34-րդ նիստին մասնակցելու նպատակով հուլիսի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սոչի: Նշենք, որ նիստին կմասնակցի նաեւ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն:

 

 

ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵՆ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը երեկ կառավարության նիստում ներկայացրել է ջրհեղեղի հետեւանքով Արթիկ քաղաքի բնակիչների կրած վնասը փոխհատուցելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2016 թվականի 9 ամսվա ընթացքում ՀՀ Շիրակի մարզպետարանին 41,746.0 հազ. դրամ հատկացնելու մասին նախագիծը: Լոքյանի խոսքով՝ Արթիկում հեղեղումների հետեւանքով անկած կենդանիների եւ մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց յուրաքանչյուր ընտանիքի կփոխհատուցվի համապատասխանաբար 650 հազ. դրամ եւ 1 մլն 700 հազ. դրամ:
 

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՋԱՆՈՒՄ Է
Deutsche Welle-ի ներկայացմամբ՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր՝ Գերմանիայի խնդիրն է փորձել նոր թափ հաղորդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին ապրիլին Լեռնային Ղարաբաղի սառած հակամարտության բռնկումից հետո: «Նավթով հարուստ Ադրբեջանն օգտագործել է նավթի բարձր գները՝ ռազմական ծախսերը մեծացնելու համար գնելով միլիարդավոր դոլարների զենք: Ժամանակ առ ժամանակ անգամ Ադրբեջանի պաշտպանության բյուջեն գերազանցել է Հայաստանի ողջ բյուջեն, չնայած Հայաստանը նույնպես ավելացրել է ռազմական հնարավորությունները: Հակամարտության ներկայիս եւ 1994 թվականի փուլերի տարբերությունն այն է, որ երկու կողմերն ունեն շատ ավելի մահաբեր եւ նորագույն զենքեր»,- նշել է պարբերականը:

 

 

ԿՐԿՆԱԿԻ ԱՎԵԼ
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ սենատի հատկացումների հանձնաժողովը, հետեւելով սենատոր Մարկ Քրքի օրինակին, բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղին տրամադրվող շարունակական աջակցության մասին: Այն իրենից ներկայացնում է ծրագիր, որի շրջանակում մարդասիրական օգնություն է տրամադրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դեռեւս 1998 թվականից: Սենատը միեւնույն ժամանակ առաջարկում է աջակցություն ցուցաբերել Հայաստանում սիրիահայ փախստականներին: Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջարկել է Հայաստանին տրամադրել 24.1 մլն դոլարի, իսկ Ադրբեջանին` 10.9 մլն դոլարի աջակցություն:

 

 

ՍՏԱԽՈՍ Է ՀԱՆԵԼ
Ձեւացնելով, թե հետաքննության մեխանիզմների մասին պայմանավորվածություն չի եղել, Ադրբեջանը, կարծես թե, փորձում է պնդել, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախարարները կեղծարարությամբ էին զբաղվում, երբ իրենց համատեղ հայտարարության մեջ նշեցին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանձնառություն են ստանձնել եւ պայմանավորվել են Կասպշիկի թիմի ընդլայնման եւ մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսին:




Լրահոս