Էրեբունի-Երեւանի առաջին պաշտոնական տոնակատարությունն անցկացվել է 1968թ., երբ նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը: Հոբելյանական հանդիսությունները տեւեցին մոտ մեկ շաբաթ: Հենց այդ տոնակատարության ժամանակ 2750-հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարեց «Էրեբունի-Երեւան» օրհներգը:
Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր Երեւանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում: Թանգարանին հարող փողոցն անվանակոչվեց Էրեբունի, բացվեց 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր-հուշարձան տեղադրվեց Հանրապետության հրապարակում, նախագծվեց «Էրեբունի» գորգը, 2750 ծառ տնկվեց Արին-Բերդի ստորոտում:
«Ժողովուրդ» օրաթերթի հյուրերն են սիրված երեւանցիներ, երաժիշտ ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ ու հաղորդավար ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Նրանք հիշեցին իրենց Երեւանը, քաղաքի սիրելի անկյունն ու հին երեւանցուն:
ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ
Կարոտով եմ հիշում իմ երիտասարդության տարիների Երեւանը: Բայց կյանքը փոխվում է, ժամանակները` նույնպես: Երեւանն էլ: Թեեւ, անկեղծ ասած, այս նոր շինություններն ինձ դուր չեն գալիս` չնայած միայն իմ կարծիքը քիչ է: Հին Երեւանից հիշում եմ բարիությունը, մարդկությունը, հարգանքը միմյանց նկատմամբ:
Ամենասիրելի անկյունը: Հաճախ ենք հավաքվել «Սկվազնյաչոկ», «Կոպեյեչկա», «Դերասան» սրճարաններում, ինչպես նաեւ «Կազիրյոկ» կաֆեում, որը մինչ օրս գործում է: Կար նաեւ «Չորրորդ խանութ»-ը` կինո «Նաիրի»-ի դիմացն էր, խանութ էր, որտեղ սրճարան կար:
Իսկական երեւանցին հնով էլ ապրում է: Չեմ կարող ասել` լավ է, թե վատ, բայց իսկական երեւանցի դեռ հին Երեւանով է ապրում: Երեւի լավ չէ, բայց դե նոստալգիան մեջներից չի կարող դուրս գալ, որովհետեւ մենք ապրել ենք մեր քաղաքի հետ:
Երեւանցի քիչ է մնացել: Նախկինում, երբ ես Աբովյան փողոցով իջնում էի Հանրապետության հրապարակ, մինչեւ ծանոթներիս բարեւում էի, 3 ժամ էր տեւում, իսկ հիմա՝ 20 րոպե: Իմ որոշ ընկերներ, դժբախտաբար, թողել գնացել են Հայաստանից, իհարկե, ոչ հեշտ կյանքից: Երեւանում իսկական երեւանցի շատ քիչ է մնացել, ինտելիգենցիան ու մշակութային մարդիկ թողել հեռացել են, բայց չէ՞ որ երկիրը հենց նրանցով է առաջ գնում: Հետո մի բան էլ կա. կարեւորը միայն այն չէ, որ դուք սիրեք Երեւանը, Երեւանն էլ պետք է ձեզ սիրի:
ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ
Հին Երեւանից առաջինը երեւանցուն եմ հիշում: Հուրախություն ինձ` Երեւանում դեռ մնացել են իսկական երեւանցիներ: Իմ մեջ տպավորվել է Էրեբունի-Երեւանի 2750-ամյակը, երբ առաջին անգամ տոնում էինք քաղաքի ծնունդը: Մենք այն ժամանակ բնակվում էինք Սայաթ-Նովայի փողոցում, ու եթե չեմ սխալվում, այդ տարիներին այն դեռ Լերմոնտովի փողոց էր կոչվում: Հիշում եմ, որ ամբողջ Աբովյան փողոցը զարդարված էր «Էրեբունի» խալիներով: Այն ժամանակ քաղաքապետը Գրիգոր Հասրաթյանն էր, տեսնեիք` ինչ վերաբերմունք էր նրա հանդեպ: Տոնի առիթով պետավտոտեսչությունը նրան «27 50» համարներ էր նվիրել: Շրջաններից մարդիկ էին գալիս ու քաղաքին «Էրեբունի» խալիներ նվիրում…
Երեւանում սիրելի անկյունը: Քանի որ Գեղարվեստաթատերական ինստիտուտում էի սովորում` Իսահակյան փողոցում, մեր հավաքատեղին հիմնականում լինում էր «Սկվազնյաչոկ», «Դերասան», «Կազիրյոկ» սրճարաններում, ինչպես նաեւ «Պոպլովոկ»-ում ու «Թեմուրնոց»-ում: Վերջինի տիրոջ անունը Թեմուր էր, դրանից էլ եկել էր սրճարանի անվանումը: Երբեք չեմ մոռանա մեր վեճերը իմ համակուրսեցի Նարեկ Դուրյանի հետ, կարող էինք ժամերով վիճել, թե որ թատրոնն է ավելի լավը` ռուսականը, թե հայկականը:
Շնորհավորանքը: Ես Երեւանի ցավը տանեմ: Այս քաղաքի փոշին ոչ մի քաղաքի փայլի հետ չեմ փոխի: Ցանկանում եմ, որ երեւանցին առաջին հերթին արժանի լինի երեւանցի լինելու բարձր կոչմանը: Իմ լավ ընկեր Վազգենը Ասատրյան լավ խոսք ունի, ասում է` այնպե՛ս սիրեք Երեւանը, որ Երեւանն էլ Ձեզ սիրի: