Արդեն տեւական ժամանակ է, ինչ լարված են պաշտպանության նախարարության լրատվական վարչության պետ Վարդան Ավետիսյանի եւ ՀՀ ՊՆ տեղեկատվական հարցերով պատասխանատուների, խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հարաբերությունները: Ու այս ներքին խմորումների պատճառով լրատվամիջոցներն են հայտնվել խնդրի առաջ:
Հիմա ասվածը հիմնավորենք փաստերով: Այս տարվա հունիսին «Ժողովուրդ»-ին դիմեց Երեւանի Կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը եւ աղմկահարույց մանրամասներ պատմեց ՊՆ-ում տիրող իրավիճակի մասին: Ու մինչ Երեւանի Կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետի հայտնած տեղեկությունները հրապարակելը, պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, պաշտոնապես դիմեցինք ՀՀ պաշտպանություն, որպեսզի մեզ պարզաբանեն, թե Երեւան քաղաքի բնակիչ Հարություն Ոփանյանը ե՞րբ եւ ի՞նչ պաշտոն է զբաղեցրել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում, ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել աշխատանքից եւ այլ մանրամասներ: Ինչպես ավանդաբար, չէինք ցանկանում միակողմանի նյութ հրապարակել: Սակայն ՊՆ-ն մինչ օրս չի պատասխանել մեր հարցերին:
ՊՆ Երեւանի Կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը նույն մանրամասները փոխանցեց նաեւ մեր գործընկերներ «Առավոտ» օրաթերթին, եւ նրանք առանց ՊՆ պարզաբանման, օպերատիվ կերպով հրապարակեցին Ոփանյանի պատմությունը, ինչը միանգամայն արդարացված էր:
Նախկին պաշտոնյան բացում է «չակերտները»
Իսկ ո՞րն էր ՊՆ նախկին աշխատակցի պատմությունը: Պարզվում է` Հարություն Ոփանյանը 2007-2012-ին ծառայել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում եւ զբաղեցրել տարբեր պաշտոններ: 2005-2007-ին եղել է Իջեւանի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի սպա, 2009-2010-ին եղել է ՌՈ վարչության օպերատիվ բաժնի ավագ սպա, 2010-2012-ին՝ Արմավիրի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ, 2012-ին՝ Երեւանի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ: Ըստ Ոփանյանի՝ Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը ճնշումների միջոցով ստիպել է սպաներից մեկին, որ իր դեմ ցուցմունք գրի, թե ինքը կաշառք է վերցրել ու Էջմիածնի մի դեպքով գործ է թաքցրել:
Հարություն Ոփանյանը հիշել էր նաեւ ՊՆ N զորամասում ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի դեպքի հետ կապված որոշ մանրամասներ. «Այդ գործով անիմաստ տեղը բռնեցին, կալանավորեցին նյարդային բաժանմունքի վարիչ Մինաս Մկրտչյանին: Գրություն գրեցինք, որ Մինասին անիմաստ է ձերբակալել, այսինչ բժիշկներին է պետք կալանավորել: Բայց այդ բժիշկներին ո՞նց կկալանավորեին, պարզվում է՝ բժիշկներից մեկը Սեյրան Օհանյանի եղբորորդու, այն, որը Արարատում զորամասի հրամանատար է, դրանց բարեկամն է»:
Հարություն Ոփանյանի խոսքերով՝ մի քանի անգամ փորձել են «գործ սարքել» իր գլխին. «Լսում եմ, որ Էջմիածնի ինչ-որ դեպքով գործ են հարուցել: Մի սպա է զանգում, որը նախկինում աշխատել է եղբորս հետ նույն զորամասում, ասում է՝ ինձ տարան ՌՈ, ճնշումների հիման վրա ասում են՝ գրեմ, որ քեզ 1 տարի առաջ կաշառք եմ տվել: Սպան հրաժարվում է, ասում է՝ չեմ կարող, ու դուրս է գալիս, ինձ է զանգում: Ասեցի՝ գնա, ինչ ուզում ես արա, ես մտածելու բան չունեմ, վախենալու բան էլ չունեմ: Անցնում է 3-4 օր, սպային տանում են զինվորական դատախազություն, կոնկրետ Երեւանի Կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանն է լինում, 2012 հուլիսի 19-ին ստիպողաբար ցուցմունք են կորզում: Քննչականից մի հատ քննիչ են կանչել, ասել են՝ էս հայտարարության հիման վրա գործ հարուցի ու ձերբակալի: Ես մտածեցի՝ ո՞ւմ դեմ կարամ քյալլա տամ՝ Կոստանյան Գեւորգի՞, թե՞ Օհանյանի: Էսօր կա՞ ՀՀ-ում սպա, որ կարող է էդ երկուսի հետ քյալլա տալ: Մնայի Հայաստանում, ի՞նչ անեի: Կնստեի մի 7-8 տարի, ոնց որ իմ ընկերոջ հետ է եղել, հետո կդիմեի Եվրադատարան, ինձ կարդարացնեին, դրանից հետո պարզվեր… իսկ իմ կյանքը ո՞ւմ համար կործանեմ՝ Սեյրանի՞ համար, թե՞ Գեւորգի համար: Փրկելով կյանքս՝ ես հեռացա ՀՀ-ից»:
Ըստ նրա՝ աշխատանքից ազատվելուց հետո իր դեմ մահափորձ են արել. «Հուլիսի 23-ի 24-ի լույս գիշերը իմ «Մերսեդեսի» վրա կրակեցին: Մեքենայի հետեւը լրիվ ցխվել էր»: Ավստրիայում Ոփանյանի գործով զբաղվում է իրավապաշտպան հասարակական կազմակերպություն՝ իր նկատմամբ անհիմն քրեական գործ հարուցելու համար: Ոփանյանը նաեւ դիմել է ՄԻԵԴ, որտեղ գործը վարույթ է ընդունվել:
Այդպես էլ չպատասխանեցին
Երբ համացանցը ողողվեց Ոփանյանի բացահայտումներով, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ստիպված եղավ անձամբ արձագանքել հրապարակմանը` հերքելով Հարություն Ոփանյանի պնդումները. «Սեփական օրինազանցությունները կոծկելու, արդարամիտ երեւալու համար անհիմն մեղադրանքներ հնչեցնելը առնվազն անբարոյական է»:
«Ժողովուրդ» օրաթերթը կրկին դիմեց ՊՆ-ին` խնդրելով մեր հարցման պատասխանը: Սակայն այդպես էլ չպատասխանեցին, ինչը նշանակում է, որ ՊՆ-ն լրատվամիջոցներին դրդում է տեղեկությունները հրապարակել` առանց ճտելու: Ու երբ սկսեցինք հետաքրքրվել իրավիճակի մանրամասներով, պարզեցինք, որ ՊՆ-ին ուղղված հարցումներին չպատասխանելը խորը արմատներ ունի:
Պն-ի ներքին խմորումները
Ըստ ՊՆ-ում պտտվող լուրերի՝ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի եւ ՊՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Վարդան Ավետիսյանի հարաբերությունները լարված են: Ու սա է պատճառը, որ շատ հաճախ լրատվամիջոցները նամակ են ուղարկում ՊՆ եւ պատասխանը կա՛մ չեն ստանում, կա՛մ էլ ստանում են բավականին ուշացումով, երբեմն արհեստական: Ըստ ամենայնի, Արծրուն Հովհաննիսյանին լրատվական վարչությունում այնքան լուրջ չեն ընդունում, որ հաճախ չեն էլ թողնում ՊՆ պաշտոնական կայքում նյութեր տեղադրի: ՊՆ պաշտոնական կայքը վարչությունում համարում են լուրջ ու ծանրակշիռ էջ, որտեղ ամեն տեղեկություն չէ, որ պետք է հրապարակել: Թերեւս դա է պատճառը, որ որպես տեղեկատվական հարթակ, Արծրուն Հովհաննիսյանն օգտագործում է սոցիալական ցանցի իր էջը: Եւ քանի որ Վարդան Ավետիսյանը Սերժ Սարգսյանի համագյուղացին է, Տեղ գյուղից, վայելում է նրա ուղղակի հովանավորությունը, ուստի ՊՆ-ում նաեւ լրատվական հարցերը համակարգող փոխնախարար Դավիթ Տոնոյանը չի կարողանում ինչ-որ բան ստիպել Ավետիսյանին: Հիշեցնենք, որ Վարդան Ավետիսյանն էր այն մարդը, որ ապրիլյան սահմանային լարվածության օրերին կանոնակարգում էր կամավորների ռազմաճակատ մեկնելու գործընթացը:
ՊՆ ներքին իրավիճակը Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում իր իմացած բառով բնութագրեց. «Սա անհեթեթություն է: Ինչ մնում է իմ ֆեյսբուքում գործելուն, ապա ես ինչ պատճառով որ այն երբեմն գերադասում եմ պաշտոնականից, նույն պատճառով հիմա ձեզ դա չեմ ասի, քանի որ երկու դեպքում էլ դրանից կարող է օգտվել մեր հակառակորդը: Մեր կայքը, ինչպես բոլոր պաշտոնական կայքերը, գործում է վարչության ենթակայությամբ եւ բավականին ակտիվ»:
Նկատենք, որ ՊՆ Ս. Օհանյանի մասին, ըստ էության, 3 ուղղությամբ է քարոզչություն արվում՝ ՊՆ կայքը, խոսնակը եւ նախարարի տիկինը: Օրինակ՝ Գյումրիում կայացած փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողի բացման արարողության մասին նախ տեղեկություն տվեց նախարարի կինը իր էջով, ապա՝ ՊՆ պաշտոնական կայքը, որտեղ խնամքով ընտրված են այն նկարները, որոնցում Օհանյանի տիկինը` համացանցային ակտիվիստ Ռուզաննա Խաչատրյանը, չի երեւում: Ինչպես երեւում է՝ ՊՆ-ում տիկնոջ գերակտիվ կարգավիճակն այնքան էլ չեն ընդունում:
Վերջում հավելենք, որ ՊՆ-ում ներքին խմորումների մասին նախարար Սեյրան Օհանյանը տեղյակ է, սակայն մատը մատին չի տալիս իր ղեկավարած համակարգում մթնոլորտը հանդարտեցնելու եւ համագործակցված աշխատանք կազմակերպելու համար: Արդյունքում տուժում են լրատվամիջոցները:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի շուրջ դժգոհություններ ունեն նաեւ իրավական համակարգի մի շարք պաշտոնյաներ: Ուժային կառույցների շատ ներկայացուցիչներ իրենց վերադասներին դիմելով՝ հայտնել են, որ տեղին է դատապարտյալների դժգոհությունը այն մասով, որ անկախ հանձնաժողովը չի գործում եւ օբյեկտիվ չէ դատապարտյալների կողմից ներկայացված դիմումների նկատմամբ: Ըստ նրանց, նախկինում կազմը քիչ էր, եւ հնարավոր էր լինում օբյեկտիվ մոտենալ դատապարտյալների քրեական գործերին, իսկ կազմի մեծացման արդյունքում պատկերը փոխվել է, եւ դատապարտյալների բարձրաձայնումները տեղին են:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման 3 անկախ հանձնաժողով, «Գորիս»-ի, «Մեղրի»-ի, «Երեւան-Կենտրոն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի անդամներն են՝ ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հունան Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչության գլխավոր մասնագետ Մհեր Խաչատրյանը, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կալանավորված անձանց եւ դատապարտյալների հաշվառման բաժնի պետ Սամվել Մանուկյանը, Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանը, Մարդու իրավունքների պաշտպանի ռազմական եւ զինծառայողների հարցերով խորհրդական Ռուստամ Մախմուդյանը:
Երկրորդ հանձնաժողովը, որը սպասարկում է «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» եւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկները, նախագահում է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը, անդամներն են՝ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Կարեն Գասպարյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը, հանրային խորհրդի անդամ Կորյուն Առաքելյանը, Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տիգրան Մարտիրոսյանը, Երեւանի պետական համալսարանի հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի դասախոս Էլդա Գրինը:
Երրորդը, որը սպասարկում է «Սան», «Վանաձոր», «Արթիկ», «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները, նախագահում է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, անդամներն են` առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը, նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Երանոսյանը, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը, հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ