Հունական աստվածները մոտ էին մարդկանց, խառնվում էին նրանց գործերին, չէին տարբերվում նրանցից՝ չհաշված, որ գործում էին հրաշքներ, և մեկ էլ որ անմահ էին: Այսպիսով, աստվածները նման էին մարդկանց, ունեին իրենց թերությունները՝ սիրային արկածախնդրություններ, ամուսնական դավաճանություն, երդմնադրժություն… Նրանք բացարձակապես սրբակենցաղ չեն եղել:
Աստվածներն այնպիսի արարքներ էին անում, որ մենք` քսանմեկերորդ արատավոր դարի վաստակաշատ մեղավորներս, նրանց փոխարեն կկարմրեինք և գետնի տակը կանցնեինք: Քսենոֆոնը գրում է. “Հոմերոսը և Հեսիոդոսը աստվածներին վերագրել են մարդկային ամենաանպատվաբեր, ամենաստոր արատներ՝ գողություն, խաբեբայություն, այլասերվածություն”: Եթե աստվածներն այդ արատներն իրենց պահեին` աստված նրանց հետ: Սակայն նրանք հաճախ անբարոյականություն էին քարոզում, անգամ տարածում այն հենց սրբավայրերում:
…Սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեն դարեր շարունակ հիացրել է մարդկանց, գերել նրանց երևակայությունն ու զգացմունքները: Մինչդեռ նա հեռու է առաքինության կանոններից այնքան, որքան երկինքը՝ իրեն ծնած ծովի ալիքներից: Աֆրոդիտեն պատգամել է, որ յուրաքանչյուր կին կյանքում գոնե մեկ անգամ պետք է նստի Բաբելոնի` իր անունը կրող սրբավայրում և տրվի բոլորովին անծանոթ տղամարդու, որի դուրը նա գա:
Անծանոթն արծաթե դրամը գցում է նրա փեշը, փողի քանակը նշանակություն չունի, և դուրս տանելով սրբավայրից՝ նրա հետ անում այն, ինչ ցուցանել էր Աֆրոդիտեն: Դեռ լավ է, որ կատարվածին մշտական բնույթ չէր հաղորդվում: Աստվածուհու որոշումն այսպիսին էր. կատարեցիր պարտքդ, գնա ամուսնուդ մոտ և տեղդ զիջիր հաջորդին: Սա վերաբերում էր գեղեցիկ և բարեկազմ կանանց, որոնց պահանջարկը մեծ էր: Իսկ տգեղներին, որոնք երկար, նույնիսկ երեք կամ չորս տարի սպասում էին իրենց հերթին, Աֆրոդիտեն բաց չէր թողնում՝ ասելով. “Պարտականություններդ կատարեք՝ հետո”:
Կարճ ասած՝ Աֆրոդիտեն կանգնած է Հելլադայում և հարևան երկրներում լայնորեն տարածված սրբազնացրած պոռնկության ակունքներում: Ընդհանրապես, սիրո և գեղեցկության աստվածուհին խիստ ազատամիտ էր իր գործողությունների և փնթի՝ կապերի մեջ:
Մեկ անգամ չէ, որ նա դավաճանել է ամուսնուն` Հեփեստոսին, աստվածների և մահկանացուների հետ: Ամուսինը, որից Աֆրոդիտեն հինգ երեխա ուներ, նրան բռնել է պատերազմի աստված Արեսի հետ ,դեպքի վայրումե: Մի երեխա էլ աստվածուհին ուներ Հերմեսից` դիվանագետի նախահորից, որին մենք դեռ կանդրադառնանք: Եթե Աֆրոդիտեի արարքները սահմանափակվեին նրա սիրային արկածներով, կասեինք, թե դա իր անձնական գործն է: Սիրուն, երես առած կին է, անում է, ինչ ուզում է: Բայց նրա մատը խառն է նաև անտիկ աշխարհի ամենաարյունահեղ պատերազմներից մեկի ծագմանը: Ահա թե ինչպես:
…Աքիլլեսի ծնողների՝ Թեսալիայի Պելևս թագավորի և ծովի աստվածուհի Թետիսի հարսանիքին հրավիրված էին բոլոր աստվածներն ու աստվածուհիները՝ բացի Իրիս անունով ծիածանի աստվածուհուց:
Նա խիստ վիրավորված է: Վրեժ է տենչում: Հայտնի բան է. կանանց վրեժը միշտ էլ նենգ է եղել, մանավանդ անտիկ ժամանակներում: Իրիսը դահլիճ է նետում ոսկե խնձոր՝ վրան գրված. ,Ամենագեղեցիկինե: Իսկ հարսանյաց խնջույքին ներկա էին երեք հզորագույն կանայք` իմաստության աստվածուհի Աթենաս Պալլասը, գերագույնի` աստվածների աստված Զևսի կին Հերան և Աֆրոդիտեն: Նրանք քիչ էր մնում իրար մազ փետեին մի խնձորի համար:
Այնժամ Զևսը որոշում կայացրեց, որ Հերմեսը սրանց ուղեկցի Տրոյայի թագավոր Պրիամոսի որդի Պարիսի մոտ, որպեսզի նա վեճը կարգավորի: Գայլին (Հերմեսին) կարգում են գառների պահապան: Աֆրոդիտեն ու Հերմեսը ժամանակ չեն կորցնում: Ճանապարհին էլ նա հղիանում է: Գալով Պարիսի մոտ՝ աստվածուհիները գործի են դնում կաշառքի միջոցը` խնձորը ձեռք գցելու համար: Հերան նրան խոստանում է կարգել երկրների իշխան, Աթենասը` պարգևել իմաստություն և երջանկություն:
Իսկ Աֆրոդիտեն՝ նրանցից ամենախարդախամիտը, խոստանում է աշխարհի ամենագեղեցիկ կնոջը` Հեղինեին: Պարիսին գայթակղում է վերջին առաջարկը, և Աֆրոդիտեին հայտարարելով հաղթող՝ նվիրում է ոսկե խնձորը: Հետո Աֆրոդիտեն Պարիսի ձեռքը բռնած հյուր է գալիս Սպարտայի թագավոր Մենելաոսին, որի կինն էլ հենց խոստացված Հեղինեն էր: Թագավորը փառք ու պատվով ընդունում է հյուրերին, իսկ երբ մի օր բացակայում է քաղաքից (ստիպողական գործուղում), Պարիսն Աֆրոդիտեի օգնությամբ ստորաբար փախցնում է Հեղինեին: Մենելաոսը, գալով տուն և չգտնելով գեղեցկուհի կնոջը, դիմում է Հելլադայի բոլոր թագավորներին և մեծ զորք կազմած՝ արշավում Տրոյայի վրա: Մյուս կողմից, եթե չլիներ Աֆրոդիտեի այդ նենգ կավատությունը, ո՞վ գիտե, թերևս Հոմերոսը չստեղծեր իր հանճարեղ “Իլիականը” և “Ոդիսականը”, ու մարդկությունը զրկված կլիներ Տրոյայի հափշտակիչ պատմությունից:
Իսկ որ գեղեցկության մրցույթներում տեղ են գտնում կաշառքը և կեղծիքը, ոչ ոքի համար գաղտնիք չէ, ինչպես նաև այն, որ միայն արտաքին տվյալները չէ, որ որոշում են, թե ում գլուխը պետք է զարդարի փառքի պսակ-դիադեման: Այդպես եղել է անտիկ աշխարհում, այդպես է այսօր:
1999 թվականին Բեյրութում անցկացվում էր ,Միսս Եվրոպաե գեղեցկության մրցույթը: Ընդհանուրի կարծիքով՝ իր բոլոր տվյալներով հաղթող պետք է ճանաչվեր մեր հայրենակցուհի Գոհար Հարությունյանը` Երևանից: Սակայն նա գրավեց հինգերորդ տեղը:
Իսկ “միսսի” տիտղոսին արժանացավ Կեմերովոյից եկած հավակնորդուհին, որը ոչ միայն զիջում էր մասնակիցներից շատերին, այլև ուներ, ճիշտ է՝ հազիվ նկատելի, աչքի շլություն: Թե ինչպես էր նա հասել մրցության վերջին փուլին, հանելուկ էր: Հանելուկ մնաց նաև նրա բեյրության հաղթանակը: Հանելուկ չէր միայն այն, որ նրա հովանավորը Կեմերովոյի օլիգարխներից մեկն էր…
Սակայն վերադառնանաք հին աստվածներին, որոնցից շատերն ամոթալի և անպատվաբեր համբավ են թողել պատմության էջերում:
Ծովերի աստված Պոսեյդոնը ժամանակի դոնժուաններից էր, հայտնի լովելաս: Աստվածների հայր Կրոնոսը ոչ միայն գնաց արյունապղծության (ինցեստ)՝ ամուսնանալով հարազատ քրոջ հետ, այլև կուլ տվեց հարազատ որդիներին: Հապա Ապոլլո՞նը: Ողջ երկիրը, տարածաշրջանն էլ հետը երդվում էին նրա անունով, իսկ նա բռնեց ու նետահարեց Թեբեի Նիոբե թագուհու բոլոր վեց որդիներին, իսկ Ապոլլոնի քույր Արտեմիսը` այս վերջինների վեց քույրերին: Եվ ինչի՞ համար: Նրա համար, որ խեղճ կինը ծիծաղել էր Ապոլլոնի մոր` Լետոյի վրա, թե ընդամենը երկու երեխա ես բերել` Ապոլլոնին և Արտեմիսին, իսկ ես տասներկուսին: Իսկ պատերազմի աստված Արեսը, բացի այն, որ մարդկանց կռվեցնում էր իրար հետ, հետո էլ իր պատվին բազմաթիվ զոհեր էր պահանջում: Որ մեկն ասենք, որ մեկը խոստովանենք:
…Սկյութիայի բոլոր նահանգներում գործում էին պատերազմի աստված Արեսի սրբավայրերը, որտեղ մարդկային զոհեր էին մատուցվում նրա պատվին: Դա արվում էր հետևյալ կերպ: Քաղաքային հրապարակում դիզում էին մեծ քանակությամբ խռիվ: Գագաթին սարքում էին հարթակ և վրան տնկում Արեսի ապրանքանիշը` սկյութական կարճ սուրը, որը կոչվում է ակինակ: Զոհաբերվող մարդկանց, որոնք գերի ընկած թշնամիներ էին, գլուխները ցողում էին գինով, հետո նրանց մորթում էին մի մեծ անոթի վրա, արյունը տանում էին վեր և լցնում ակինակի վրա, իսկ ներքևում կտրում էին զոհերի աջ ուսը ձեռքի հետ ու շպրտում օդ: Հետո մարմիններն այրում էին խարույկի վրա, հետն էլ հարգանքի տուրք մատուցում Արեսին:
Նման զոհաբերություններից բացի՝ աստվածները հանդես էին գալիս որպես մարդկանց կյանքի ամենաինտիմ ոլորտների խորհրդատուներ:
… Եգիպտական փարավոններից մեկին, որը տասը տարի առաջ կուրացել էր, հասնում է Դելփյան պատգամախոսի գուշակությունը, որ եթե աչքերդ լվաս կնոջ մեզով, որը կյանքում կենակցել է միայն իր ամուսնու հետ, կտեսնես: Դե, պարզ է, որ նա էլ առաջինը փորձում է սեփական կնոջ մեզը՝ չկասկածելով դրա մաքրությանը: Արդյունքը` զրո: Հերթով փորձում է արքունիքի, հետո քաղաքի բոլոր կանանց մեզերը: Անօգուտ: Վերջապես հայտնվում է կորած-մոլորած մի կին, որի մեզը բուժում է փարավոնին: Այնժամ նա հավաքում է փորձարկվածներին Կարմիր հող կոչվող քաղաքում և բոլորին այրում, կնոջն էլ հետը: Հետո ամուսնանում է այդ ամենազուլալ մեզ ունեցող կնոջ հետ:
Արդյոք գիտնականները չե՞ն մտածել մեզը ստի դետեկտորում օգտագործելու ուղղությամբ:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
diplomat .am