Արցախի հակամարտության շուրջ իրադարձությունները զարգանում են աննախադեպ արագությամբ, գուցե թե ավելի համառ ու լուրջ, քան 1997 թվականին: Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը հասավ իր նվազագույն նպատակին` մեծ թափ հաղորդելով բանակցային գործընթացին ու համոզելով գերտերություններին, որ մոտեցել է հարցի լուծման պահը: Այդ ամենը հաջողվեց առաջին հերթին Հայաստանի իշխանությունների աղետալի սխալի հետեւանքով, երբ բավարար ջանքեր չգործադրվեցին ԼՂՀ-ն բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ:
Ռոբերտ Քոչարյանի արտաքին` իր էությամբ գավառական քաղաքականության առաջնագույն բացասական հետեւանքը Արցախը բանակցային գործընթացից հեռացնելն էր: Դրան թե՛ Հայաստանի քաղաքական վերնախավը, թե՛ հատկապես Արցախի ղեկավարությունը որեւէ լուրջ դիմադրություն ցույց չտվեցին` նախընտրելով հեռու մնալ արտաքին կենտրոնների հետ շփումներից: Արդյունքում Ադրբեջանը ստացավ անպատկերացնելի հաջող իրավիճակ: Ի դեպ, այնպես չէ, որ Քոչարյանը Արցախին բանակցային ֆորմատից դուրս է թողել՝ ինչ-որ «վեհ» պատկերացումներից ելնելով:
Դա պարզ փրկագին էր` մատուցված արտաքին ուժային կենտրոններին Հայաստանում պալատական հեղաշրջման ու Քոչարյանի ոչ լեգիտիմ նախագահության ճանաչման դիմաց: Եվ այդ քայլը շահեկան դուրս եկավ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ գերտերությունների համար: Պարզից էլ պարզ է, որ ինչքան նեղ է հակամարտության շրջանակը, այնքան ավելի դյուրին է այն լուծելը:
Քոչարյանից մնացած այսպիսի անհաճո ժառանգությունը Սերժ Սարգսյանը կարծես ամենեւին էլ ծանր չտարավ: Ավելին` իր իշխանավարության հենց սկզբում նա նպաստեց Մինսկի խմբի ձեւաչափի փաստացի վերանայմանը` համաձայնելով ՌԴ նախագահի միջնորդությամբ Ալիեւի հետ հանդիպումներին: Այդ քայլի տրամաբանական հետեւանքը եղավ հակամարտության լուծման գործում ռուսական դիրքերի աննախընթաց ուժեղացումը: Արեւմուտքն էլ դեմ չարտահայտվեց նման զարգացումներին, քանզի ցանկացած պահի կարող էր (ինչպես համոզվեցինք ապրիլյան պատերազմից հետո) միջամտել:
Իսկ վերջինիս համար ռուսական միանձնյա միջնորդությունը միանշանակ նախընտրելի էր, քանզի այդ կերպ նախ կարելի էր Ռուսաստանին թողնել կարգավորման ձախողման փլատակների ներքո` սասանելով այդ երկրի աշխարհաքաղաքական դիրքերը մոլորակի մյուս հատվածներում, եւ վերջապես Ռուսաստանն ունակ էր երկու երկրների քաղաքական էլիտաներին իր ստորակայության ներքո պահել:
Հարկ է նկատել, որ ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի արտահանձնումն ու հերոսացումը Սերժ Սարգսյանի համար կարող էր լինել հարմար առիթ` դուրս գալու Հայաստան-Ադրբեջան վտանգավոր ձեւաչափից, քանզի միջազգայնորեն լիապես հնարավոր էր հիմնավորել ու հասկացված լինել, որ հակամարտությունը այլեւս դուրս է եկել ՀՀ տիրույթից եւ առանց Արցախի օրինական իշխանությունների մասնակցության Հայաստանն անկարող է դաժան մարդասպանությունը հովանավորող երկրի հետ խաղաղ հանգուցալուծման հասնել: Սակայն Սարգսյանը կրկին բաց թողեց պահը` սահմանափակվելով Գորիկ Գուրգենիչին իբր հատուկ հանձնարարություն տալու ցուցադրությամբ:
Թվում էր` ապրիլին Ադրբեջանի ռազմական հարձակումն ու ծանր կորուստներով դրա կանխումը Հայաստանի իշխանությունների համար պիտի հանդիսանար նվազագույնը Արցախի` բանակցային գործընթաց վերադառնալու դժվարին, բայց լիովին լուծելի քայլի մեկնարկը: Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիան անտարակույս հնարավորություն էր ընձեռում այլեւս չբանակցել Ալիեւի հետ ոչ մի ֆորմատով, նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, քանի դեռ սեղանին իր տեղը չէր զբաղեցրել Արցախը: Դրա փոխարեն Սերժ Սարգսյանն առաջ քաշեց համեմատաբար թույլ երեք հայտնի պահանջները:
Բայց պարզվում է, որ դրանք էլ էին սին, քանզի միջազգային հանրությունը ոչ միայն գործնական ընթացք չտվեց դրանց, այլեւ պատերազմից 40 օր անց Սարգսյանին ու Ալիեւին դեմ առ դեմ նստեցրեց: Վերոհիշյալ երեք պահանջների թեման արդեն կարելի է նետել պատմության աղբանոցը` հաշվի առնելով Ադրբեջանի արտաքին հարաբերությունների պատասխանատուների վերջին օրերի հայտարարությունների տարափն ու դրանց ֆոնին հայկական դիվանագիտության քար լռությունը:
Սերժ Սարգսյանը փաստորեն ոչ միայն բաց թողեց պահը` որեւէ քայլ չանելով Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու ուղղությամբ, այլեւ աջակցեց բանակցությունների վերականգնմանը` ի շահ Ադրբեջանի: Պատահական չէ, որ Ալիեւը, ռազմական անհաջողության մատնվելով, շտապեց ընդունել Կազանի փաստաթղթի լրամշակումները` համոզված, որ կայծակնային պատերազմով հարցը լուծելը ծանր հետեւանքերի կարող է բերել: Հայաստանը, հակառակը, էլ ավելի խճճվեց հակամարտության կարգավորման շրջանակներում, ինչի վկայությունն էր Սերժ Սրագսյանի շտապ այցը ԼՂ՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կրկին Պուտինի միջնորդությամբ կայացած հանդիպումից անմիջապես հետո:
Ըստ էության, Հայաստանի իշխանությունը անկարող եղավ թե՛ Արցախի անվտանգության պատշաճ ապահովման, թե՛ ԼՂ-ին դիվանագիտական գործնական կարգավիճակի հասցնելու գործում: Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը վերջնականապես թաղեց Արցախը բանակցությունների իրական կողմ դարձնելու հնարավորությունն առնվազն իր իշխանավարության շրջանում: Սա անդառնալի հարված է հայկական դիրքերին, ինչը ուղղակիորեն քայքայիչ նշանակություն ունի հակամարտության հայանպաստ լուծման որեւիցե հեռանկարի համար:
Իշխանությունը կրկին ենթարկվեց արտաքին ուժային կենտրոնների ազդեցությանը` հերթական անգամ նախընտրելով սպասարկել օտարի ու սեփական շահը` ի հաշիվ Հայաստանի պետականության ամրության: 1920թ. ամառը հիշեցնող այս իրավիճակում Սարգսյանի միակ խնդիրը «Ընտրական օրենսգրքի» ու Արցախի Սահմանադրության փոփոխությունն է` սեփական իշխանության ամրապնդման հարցում նվազագույն շեղում թույլ չտալու մտահոգությամբ:
Ն. Հովսեփյան