Ո՞ՒՄ ՇԱՀՆ Է ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված տխրահռչակ նամակը, որով, ըստ էության, առաջարկում է Ղարաբաղը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ, Հայաստանում բավական լուրջ քննադատության արժանացավ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: Ընդ որում, սուր դիմադրությունը պատահական չէ, այլ պայմանավորված մի քանի կարեւոր իրողությունով:
Ակնհայտ է, որ Զորի Բալայանի այդ նամակի հետեւում իրականում կանգնած են ՀՀ իշխանությունները: Սակայն, հասկանալի պատճառներով, այդ առաջարկը հնչեցնում են ոչ թե որեւէ պետական պաշտոնյայի, այլ մտավորականի համարում ունեցող անձի բերանով: Նպատակը պարզ է. նախ` այդպես ապահովում են արտաքին ֆոնը, թե առաջարկը, այնուամենայնիվ, կոնկրետ անհատից է, եւ երկրորդ` այդպես փորձում են հասարակական տրամադրություններ շոշափել ու հասարակության մեջ կամաց-կամաց ներարկել Ղարաբաղը «մեծ եղբայր» ՌԴ-ին հանձնելու գաղափարը: Պատահական չէ, որ պալատական մտավորականներն էլ իրենց հերթին միանգամից միացան այդ առաջարկին` իրենց համաձայնությունը հայտնելով նամակի բովանդակությանը: Իսկ ՀՀԿ-ականներն էլ իրենց հերթին միանգամից իրենց պաշտպանության տակ առան Զորի Բալայանին` մեկնաբանելով նրա գրածները: Պատահական չէ, որ հիմա նրա փաստաբանի դերում են հայտնվել Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը եւ մյուսները:
Թե որքանով կհաջողվի կյանքի կոչել այս ծրագիրը, այլ հարց է (կարծում ենք, այնուամենայնիվ, Հայաստանում կան ուժեր, որոնք թույլ չեն տա՝ այն իրականություն դառնա): Բայց որ այդ գաղափարը հայտնվել է ՀՀ իշխանությունների օրակարգում, փաստ է:
Ի վերջո, ուշադրությո՛ւն դարձրեք, թե ում բերանով է արվում այդ առաջարկը՝ ծնունդով ղարաբաղցի Զորի Բալայանի: Մի անձնավորություն, որը ոչ միայն ամենասերտ հարաբերություններն ունի իշխանությունների հետ, այլեւ համարվում է 1998թ. Հայաստանում հեղաշրջման միջոցով իշխանության եկած ղարաբաղյան կլանի «կարկառուն» ներկայացուցիչներից մեկը: Զ. Բալայանը մշտական եւ անմիջական շփումների մեջ է ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ ղարաբաղյան կլանի մյուս ներկայացուցիչների` Բարսեղ Բեգլարյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց հետ: Ավելին, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, իշխանության «ուղեղային կենտրոններից մեկի»` կրկին ծնունդով ղարաբաղցի Բարսեղ Բեգլարյանի հետ Բալայանի մտերմությունը շատ ավելի «խորն է». Բալայանը եւս պարբերաբար լինում է Բեգլարյանի ակումբում, որտեղ երեկոները սիրում է հավաքվել «իշխանական էլիտան»` զրուցելու, բլոտ խաղալու, զվարճանալու համար: «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ իշխանության ներսում կադրային տեղաշարժերի, կարեւորագույն իրադարձությունների վերաբերյալ որոշումները կայացվում են հիմնականում այդ ակումբի անդամների քննարկումների արդյունքում: Այնպես որ, չի բացառվում՝ այդ ծրագիրն էլ է այդտեղ եփվել:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն ականատես է եղել, որ անցած հինգշաբթի` օրվա երկրորդ կեսին՝ կառավարության նիստից հետո, Զորի Բալայանը եղել է կառավարության շենքում: Եվ այդ այցից օրեր անց արդեն տարածվեց Բալայանի նամակը: Ճիշտ է, անձամբ Զորի Բալայանը «աբսալյուտնո» հերքել է այդ նամակին Սերժ եւ Տիգրան Սարգսյանների առնչությունը: Սակայն հասկանալի է, որ նա այլ կերպ չէր էլ կարող վարվել ու չէր կարող խոստովանել, թե ովքեր են կանգնած այդ նամակի հետեւում:
Ուշագրավ է նաեւ փաստը, որ Զորի Բալայանի նամակը գրվեց հենց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը լուրջ խնդիրներ ունի՝ արտաքին աշխարհի հետ կապված: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը, թերեւս, իր հերթին լրացուցիչ այլ հարցեր է առաջացնում, օրինակ` իսկ արդյոք ՀՀ-ի հետ ԼՂՀ-ն եւս կմտնի ՄՄ կազմ, իսկ եթե ոչ, ապա ՀՀ-ԼՂՀ սահմանին արդյոք լինելու է մաքսակետ, թե ոչ: Մյուս կողմից հնարավոր է` կոնկրետ քայլեր արվեն ԼՂ խնդրի լուծման ուղղությամբ. առավել եւս, երբ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում նախագահական ընտրություններն արդեն անցյալում են, ու կարելի է կրկին «վերադառնալ բանակցային սեղան»: Պատահական չէ, որ նույն Զ. Բալայանը, հետո մեկնաբանելով իր նամակի իմաստը, նաեւ շեշտում է. «Վաղ կամ ուշ Մինսկի խմբի համանախագահները նստելու են մեկ սեղանի շուրջ եւ որեւէ մի փաստաթուղթ են ստորագրելու, եւ այն ժամանակ ուշ է լինելու»:
«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ վերոհիշյալ անձանցից, բայց ապարդյուն. Բարսեղ Բեգլարյանը, իմանալով, որ իրեն լրագրող է զանգահարում, ասաց. «Բեգլարյանը չէ, հեռախոսն իր մոտ չէ, ու էլ չզանգեք, եղա՞վ»: Արկադի Ղուկասյանն էլ ասաց, թե ինքը արտերկրում է եւ վերադառնալուց հետո նոր միայն կպատասխանի մեր հարցերին, իսկ դա` 10 օր անց:
Հ.Գ. Զորի Բալայանի մոտ վաղուց ի վեր արմատացած սովորույթ է «ռուսաց թագավորներին» նամակ գրելը. նա այդպես վարվել է նաեւ Ղարաբաղյան շարժման ժամանակ եւ կրկին արժանացել ժողովրդի դիմադրությանն ու սուր քննադատությանը, նա նամակ է գրել 1998թ. հեղաշրջումից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտադրված հրաժարական ներկայացրեց: Նամակ է գրում նաեւ այսօր: Ընդ որում, ամեն անգամ նամակների գլխավոր լեյտմոտիվը մեկն է. «Ռուսնե՛ր, ձեր սապոգին ղուրբան, հասե՛ք, փրկե՛ք մեզ` հայերիս»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս