ՄԱՅՐ ԱԹՈՌՆ Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ՓՈՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեղավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի պաշտոնական բացումը, որին ներկա էին Սերժ Սարգսյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ինչպես նաեւ շվեյցարահայ բարերարներ, տեր եւ տիկին Տիգրան եւ Հելենա Իզմիրլյանները: ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ կենտրոնն ունի 139 մահճակալ եւ կազմված է 9 հիմնական բաժանմունքից, ինչպես նաեւ «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական կենտրոնից: Հյուրերը հպարտորեն լսում էին, բոլորն ուրախ էին, գոհ ու երջանիկ:
Այնուամենայնիվ, մտածելու տեղիք տվող «փոքրիկ» մի հարց կա. «Իզմիրլյան» ԲԿ դիմող քաղաքացիները, որոնք ակնկալում են պետպատվերով բուժում ստանալ, հաճախ հիասթափվում են. անվճար բուժման տեղերը խիստ սահմանափակ են, ինչի պատճառով էլ բավական մեծ հերթեր են գոյանում: Վերջերս վերաբացված հիվանդանոցի բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանյաց առաքելական եկեղեցուն: Սակայն բուժհաստատությունը ֆինանսավորվում է նաեւ «Իզմիրլյան հիմնադրամ»-ի եւ բարեգործ Լուիզ Սիմոն Մանուկյանի կողմից, որոնք վերջերս կենտրոնին շուրջ 10 մլն դոլարի նվիրաբերություն են կատարել: Փաստորեն, հիվանդանոցը ֆինանսավորողներ ունի, ծառայություններն էլ հիմնականում վճարովի են, այդ դեպքում ո՞ւր են գնում հիվանդների վճարումներից գոյացած գումարները…
Ըստ հիվանդանոցի մասին տեղեկագրի` «Իզմիրլյան» ԲԿ-ն (նախկինում «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոն) գրանցվել է 2002թ. եւ Ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդն է: Տարեկան կենտրոնը սպասարկում է 2000 հիվանդի:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, 2001թ.-ից սկսած՝ Մայր Աթոռը ձեռք է բերել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնի սեփականության իրավունքը (ներկայիս «Իզմիրլյան» ԲԿ): Շենքը կառուցվել է 1986թ. եւ հայտնի էր Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ անունով: 2000թ. Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սեփականացրել է կլինիկան եւ մեկ տարի անց այն հանձնել Մայր Աթոռին: «Իզմիրլյան» ԲԿ-ն Հայաստանի միակ հիվանդանոցն է, որի բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանյաց առաքելական եկեղեցուն: Այդ է պատճառը, որ հոգեւորականները հաճախ են լինում հիվանդանոցում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվության համաձայն` ԲԿ-ն ֆինանսավորվում է եկամտի հետեւյալ աղբյուրներով` 1. ծառայությունների դիմաց վճարում, 2. կառավարության ֆինանսավորում սոցիալապես անապահով մարդկանց համար, 3. առողջության ապահովագրություն: Եվ գումարած բարեգործների աջակցությունը:  
Այդուհանդերձ, ի՞նչն է պատճառը, որ անվճար բուժում ստացող քաղաքացիների թիվը բավական նվազ է, օրինակ, ինչպես «Ժողովուրդ»-ին տեղեկացրին հիվանդանոցից, նախորդ ամիս պրոկտոլոգիականում բուժվող 349 հիվանդից միայն 26-ն են պետպատվերի շրջանակում բուժում ստացել, իսկ ընթացիկ ամսում 68 հիվանդ է բուժվում, որից 13-ն են օգտվում պետպատվերից:
Երբ «Ժողովուրդ»-ն «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանին հարցրեց, թե ինչն է պատճառը, որ անվճար բուժում ստանալու ակնկալիքով հիվանդանոց դիմած քաղաքացիների մեծ հերթեր են գոյանում, եւ արդյոք դա չի հուշում, որ այցելուների ակնկալիքները հիվանդանոցը թերի է իրականացնում, նա պատասխանեց. «Մեր բուժսպասարկումը բարձրամակարդակ է եւ որակյալ, դա է պատճառը, որ մարդիկ ձգտում են այստեղի ծառայություններից օգտվել, ու դա է պատճառը, որ միշտ հերթեր են գոյանում»: Հարցին, թե որտեղ են կուտակվում այն վճարումները, որոնք բուժման դիմաց մուծում են հիվանդները` նկատի առնելով, որ հիվանդանոցը Հայ առաքելական եկեղեցու, բարեգործների, ինչպես նաեւ պետական հովանավորության ներքո է, Մուրադյանը նշեց, որ իրենք էլ ունեն ծախսեր` բուժաշխատողներին աշխատավարձ են տալիս:
Սակայն նկատենք, որ հերթերը միայն անվճար բուժման անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների կուտակումից են գոյանում. բարեգործական հիմունքներով կառուցված հիվանդանոցը բուժվողների նվազագույն տոկոսին է անվճար սպասարկում: Այդ դեպքում ո՞ւր են գնում հիվանդների վճարումները, եթե հիվանդանոցի ամբողջական վերանորոգումը եւ վերազինումն ապահովել են բարեգործները («Իզմիրլյան հիմնադրամ» եւ բարեգործ Լուիզ Սիմոն Մանուկյան` ըստ Մայր Աթոռի պաշտոնական կայքէջ armenianchurch.org-ի), իսկ անվճար բուժման ծախսերը հոգում է կառավարությունը:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ: Վերջինս հավաստեց, որ ամեն ինչ ճիշտ այնպես է, ինչպես «Իզմիրլյան»-ի գործադիր տնօրենն է ներկայացրել. «Այդ գումարները հոգում են հիվանդանոցի ծախսերը. հիվանդների վճարումները ծառայում են բուժաշխատողներին աշխատավարձեր տրամադրելուն, բուժտեխնիկային»:
Այդպես էլ պարզ չդարձավ` ի վերջո, ուր են գնում հիվանդների վճարած գումարները, քանի որ երեկ՝ կենտրոնի բացմանը, վեհափառ հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց «Իզմիրլյան» հիմնադրամին ԲԿ-ն վերանորոգելու ու այն նոր տեխնիկայով ապահովելու համար… Եվ վերջապես, ո՞րն է Հայ առաքելական եկեղեցու հիվանդանոցի առանձնահատկությունը, որով այն տարբերվում է երկրի մյուս հիվանդանոցներից, եթե հիվանդները բուժվում են նույն սկզբունքներով, ինչպես մյուս բուժհաստատություններում:
Ինչեւէ, թերեւս տեղին է առանց մեկնաբանության մեջբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ տեր Պարթեւ աբեղա Բարսեղյանի խոսքից մի հատված. «Հայ ժողովրդի համար օրհասական պահերին եկեղեցին հարկադրված է եղել ստանձնելու նաեւ ազգապահպանության սուրբ գործը: Եկեղեցին չէր կարող, այսօր էլ չի կարող անմասն մնալ իր ժողովրդի փորձություններից եւ դժվարություններից ու լավագույնս կարողանում է զգալ հայ ժողովրդի զարկերակը: Իր հոգեփրկչական առաքելությամբ եւ սուրբ Ավետարանով եկեղեցին մշտապես ժողովրդի կողքին է, ոչ միայն բազկով, երբ պատերազմ է, այլեւ նյութական աջակցությամբ, երբ ժողովուրդը կարիքի մեջ է»:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս