Ինչպես արդեն գիտենք՝ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ 05:28-ի սահմաններում, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, նրան որդին` Արմեն Մանուկյանը, Արեգ Կյուրեղյանը, Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլ, ՀՀ քաղաքացիներ Տիգրան Մանուկյանը, Հովհաննես Վարդանյանը, Աշոտ Պետրոսյանը, Արմեն Բիլյանը եւ այլք, ձեւավորելով մոտ 3 տասնյակ հոգանոց «Սասնա ծռեր» խմբավորումը, «Կռազ» մակնիշի ավտոմեքենայով գրոհել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ, տիրացել ոստիկանների զենքերին եւ պատանդ են պահում երեկվա դրությամբ արդեն 5 ոստիկանների, որոնց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Որտեղից սկսվեց ամեն ինչ
Նախորդ տարվա ապրիլի 7-ին Հայաստանում կալանավորվեցին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման նախաձեռնող «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության` վերջիններս ձերբակալվել էին 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Եւ այս գործով նախաքննությունը դեռեւս ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է: Եվ, ահա, այս իրավիճակին զուգահեռ շարունակվեցին բազմաթիվ բողոքի ակցիաները, որ չեն հանդուրժի ռեժիմին: 2015 թվականին ձեւավորվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը: Հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի կազմում էին Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը, Գարեգին Չուգասզյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:
Անդամները Ազատության հրապարակում տեղադրել էին վրան, որտեղ մշտապես խորհրդակցություններ եւ հավաքներ էին կազմակերպում՝ նշելով, որ ունենք պետականության կորստի խնդիր: Այս պատկերին զուգահեռ՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ից Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնող ընդդիմադիր շարժումը Նոր տարին որոշել էր հրապարակում նշել՝ Ձմեռ պապով եւ տոնածառով, ինչի արդյունքում կալանավորվեց ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը: Նրա գործով դատական նիստերը եւ բողոքի ակցիաները մինչ վերջին օրերը շարունակվում էին, սակայն անարդյունք:
Քայլ առաջին
Ու մինչ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները շարունակում էին քաղբանտարկյալների ազատ արձակման հարցով բազմաթիվ բողոքի ակցիաներ կազմակերպել, հունիսի 20-ին Հռոմի պապի այցին ընդառաջ կալանավորվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերջինիս կալանավորումը պայմանավորված էր մայիսի 20-ին տեղի ունեցած մի ավտովթարով, ինչի հետեւանքով իրավապահները զենք-զինամթերք էին հայտնաբերել: Այս գործով կալանավորվել է 9 անձ, եւ ըստ պաշտոնական վարկածի՝ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ժիրայր Սէֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք եւ ռազմամթերք փոխադրել, ինչպես նաեւ պատրաստ լինել համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք: Ըստ պաշտոնական վարկածի՝ վերջիններս պետք է գրավեին հեռուստաշտարակը, Նուբարաշենի զորամասը, սակայն այս գործողությունները տապալվեցին:
Քայլ երկրորդ
Շուրջ 23 օր կալանքի տակ գտնվող, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանը հուլիսի 13-ին բաց նամակով դիմեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանին. «Այժմ ես բանտում եմ, ուստի դու պետք է ստանձնես նաեւ մեր տանդեմի այդ գործառույթը: Համոզված եմ, որ հաջողելու ես: Համոզված եմ նաեւ, որ շատ մոտ ապագայում դեռ առիթ ու հնարավորություն կունենանք միասին ծառայելու մեր ազգին եւ Հայրենիքին: Ի գո՛րծ, սիրելի՛ Գարեգին: Մե՛նք ենք տերը մեր երկրի»:
Ուր էին իրավապահները
Հաշվի առնելով ստեղծված պատկերը, ըստ էության, իրավապահ համակարգը այդքան էլ լուրջ չընդունեց ձեւավորված խմբավորումների բարձրաձայնումները եւ հատկապես Ժիրայր Սէֆիլյանի բաց նամակը: Որեւէ հետեւություն չարվեց:
Հեքիաթից մինչև իրականություն
Եվ, ահա, բանը հասավ գրոհին: 2016 թվականի հուլիսի 17-ին վերը նշված անձինք գրոհեցին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, տիրացան ոստիկանների զենքերին եւ պատանդ են պահում ոստիկանների, որոնց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Վերջինս նաեւ զրկվել է ուսադիրներից:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, իսկ, ահա, 5 անձ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնց թվում է խմբի անդամներից մեկը: Իսկ ինչ է նոր ձեւավորված խմբի անդամների պահանջը:
Զինված ապստամբները ՀՀ իշխանությունների առաջ երեք պահանջ են դրել՝ ազատ արձակել եւ Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գունդ տեղափոխել այս տարվա հունիսի 20-ից կալանքի տակ գտնվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին: Երկրորդ պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, եւ երեկվա դրությամբ առաջ քաշվեց եւս մեկ պայման՝ որպես լուծում Ժիրայր Սէֆիլյանը առաջարկել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:
Իսկ Գարեգին Չուգասզյանի գտնվելու վայրն անհայտ է, եւ տպավորությունն այնպիսին է, որ հեռվից է ուսումնասիրում եւ կառավարում իրավիճակը:
Անձնական դրդապատճառները
Նկատենք, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ ներխուժած անձինք, բացի երկրում տիրող իրավիճակից, դժգոհելու անձնական դրդապատճառներ էլ ունեն: Ու կարծիքներ հնչեցին, որ անձնական մոտիվացիայով են դիմել այդ դատապարտելի արարքին՝ երկրի ներսում զենքով հարց լուծելու տարբերակն առաջ քաշելով:
Ով է Պավլիկ Մանուկյանը
Պավլիկ Մանուկյանը «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» նախընտրական Դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու է եղել, ինչպես նաեւ Արցախյան գոյամարտի հանրահայտ ազատամարտիկ, որին բոլորը կոչել են (Ապարանցի Պավլիկ): Վերջինս մշտապես հայտարարել է երկրում տիրող իրավիճակի մասին, իսկ հուլիսի 1-ին նրա եղբորը՝ Թաթուլ Մանուկյանին կալանավորել էին ապօրինի զենք-զիմամթերք պահելու համար:
Վարուժան Ավետիսյան
Վերջինս ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ է եւ ներկայումս հանդիսանում է «Հիմնադիր խորհրդարան» շարժման փոխնախագահ: Նա բազմիցս հայտարարել է, որ զինված ուժերից դուրս է եկել, քանի որ հիասթափված է եղել այն մոտեցումից, թե ովքեր ինչ անլրջությամբ են այսօր աշխատում երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող կառույցում:
Արեգ Կյուրեղյան
Ինչպես գիտենք՝ 2014 թվականի հունիսի 12-ին Արեգ Կյուրեղյանի եղբայրը Կենտրոն Եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի եւ համախոհների ազատության համար օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ, եւ, ահա, կրակոցներ արձակած 31-ամյա երիտասարդին առաջին ատյանի դատարանը մեղավոր ճանաչեց խուլիգանության եւ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ եւ ազատազրկման դատապարտեց 9 տարի ժամկետով:
Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլ
Դեռ 17 տարեկան հասակում Արայիկ Խանդոյանը Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված խորհրդային ռազմաբազայից զենք եւ զինամթերք է հայթայթել, կամավորական ջոկատներին տրամադրել: Պատերազմի ավարտից հետո իր եղբայրների հետ մնացել է բանակում: Բազմաթիվ անգամ վիրավորվել է:
2015 թվականի մարտի 11-ին Արայիկ Խանդոյանը վերադարձրեց Արցախի եւ ՀՀ-ի «Արիության» մեդալները, «Մարտական ծառայության» պարգեւը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» եւ այլ մեդալները բերձորյան դեպքերի պատճառով: Դա եղավ այն բանից հետո, երբ 2014 թվականին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները գնում էին Արցախ՝ ցույց անելու, սակայն Բերձորի ճանապարհին դաժան ծեծի ենթարկվեցին եւ հետ վերադարձան:
Ուսումնասիրելով վերոնշյալ անձանց անցած ճանապարհը եւ նրանց անձնական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, սոցիալական վիճակը, ըստ էության, հասկանալի է դառնում, որ այսօրվա իրավիճակը բավականին խորը արմատներ ունի, եւ նրանց կողմից ՊՊԾ գունդ ներխուժելը անարդարության դեմ ցասում կարող էր լինել, ինչպես ներկայացնում են նրանց կողմնակիցները:
Բայց անկախ ամեն ինչից, միեւնույն է, մեր երկրում մենք իրավունք չունենք նման շռայլություն մեզ թույլ տալու: Զենքով իշխանության գալու պահանջը դատապարտելի է՝ անկախ հիմնավորումից, ու այս պարզ ճշմարտությունը պետք է հասկանան բոլորը: Ի վերջո, երկրում առկա անարդարության մեղավորը իր որդու հարսանիքին պատրաստվող գնդապետը չէր:
Քնար Մանուկյան