Հոկտեմբերի 19-ին «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի 2013-2014 ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցն արդեն 9 տարեկան է:
«Մեր դպրոցում սովորում են արդեն որոշակի ճանապարհ անցած, լիդերության հակումներով անհատներ, որոնք ունեն տարբեր հայացքներ ու տեսակետներ: Դպրոցի առավելությունն այն է, որ ընդդիմադիր ու իշխանական հայացքներ ունեցողները բանավիճում են միմյանց հետ, բայց այն չի վերածվում կոնֆլիկտի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔԴԵԴ-ի կարգավիճակն այսպես ներկայացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, որը դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Ըստ նրա՝ դասախոսությունների ժամանակ խոսվում է ամենատարբեր թեմաների մասին, սակայն պայմանը մեկն է՝ առանց հրապարակման. «Մեր դպրոցում սովորել են շատ լրագրողներ, եւ երբեք որեւէ մեկը պայման չի խախտել: Այն, ինչ խոսվել է դասախոսությունների ժամանակ, հրապարակման ենթակա չէ, որպեսզի ավելի անկաշկանդ լինի»:
Բացման արարողության ժամանակ ելույթով հանդես եկան ՔԴԵԴ շրջանավարտները, որոնք ուսանելու տարիներին չեն ունեցել այն կարգավիճակը, ինչ այսօր: Խոսքը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի եւ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասին է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔԴԵԴ-ի տնօրեն Արմեն Զաքարյանը նշեց, որ ՔԴԵԴ-ը եվրոպական մտածողությունն առաջ տանող դպրոց է, իսկ եվրոպական քաղաքական մտածողությունը հիմնվում է երեք սյուների վրա. «Դա իրավական պետությունն է, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Այս երեք սյուներն էլ մենք փորձում ենք ներկայացնել դպրոցում»: Առաջին օրը ՔԴԵԴ մասնակիցների մոտ դասախոսություններով հանդես եկան տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԵՔ ՍՅՈՒՆԵՐԸ՝ ԴՊՐՈՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ