«ԵԿԵՔ ԵՐԲԵՔ ՉԱՍԵՆՔ ԵՐԲԵՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես եւ նախօրեին տեղեկացրել էինք, երեկ ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից «Մարդասիրության մեդալ» հանձնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Միջոցառմանը ներկա էին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ մի խումբ ԲՀԿ-ականներ:
Գ. Ծառուկյանի տրամադրությունը շատ բարձր էր, նա, գավաթը ձեռքին, զրուցում եւ լուսանկարվում էր ներկաների հետ: Սակայն ԲՀԿ-ականները խուսափում էին պատասխանել լրագրողների հարցերին ու ամեն ինչ անում, որ Գ. Ծառուկյանը եւս որեւէ հարցի չպատասխանի, առավել եւս` կապված «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ վիճաբանության հետ: Հասկանալով, որ լրագրողները ցանկանում են Գ. Ծառուկյանին հարց ուղղել, ԲՀԿ-ականներն իրենց առաջնորդին շրջափակեցին, ապա այդպես էլ` իրենցով օղակված, արագ քայլերով հեռացրին դահլիճից: Փոխարենը «Ժողովուրդ»-ը կարողացավ մի քանի հարց ուղղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանին:
-Բարե՛ւ Ձեզ, պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք:
-Շատ լավ:
-Պարո՛ն Գրիգորյան, երկար ժամանակ է, ինչ Ձեզ չենք տեսնում, կարո՞ղ ենք իմանալ՝ ինչով եք զբաղվում:
-Իսկ որտե՞ղ էիք ինձ փնտրում:
-Առհասարակ:
-Վերջին մեկ տարվա ընթացքում զբաղված եմ եղել գործարարությամբ հիմնականում գյուղատնտեսական ոլորտում, որը, իմիջիայլոց, բավական հետաքրքրել է ինձ: Միաժամանակ ընկերներով հիմնադրել ենք կազմակերպություն արտերկրում, որի միջոցով շուտով նաեւ լուրջ ներդրումներ կլինեն ՀՀ-ում:
-Եթե գաղտնիք չէ, խոսքն ինչի՞ մասին է:
-Եկե՛ք ժամանակից առաջ չընկնենք: Կլինի, կիմանաք: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը եւ արտադրություն կազմակերպելուն:
-Փաստորեն, քաղաքականությամբ այլեւս չեք զբաղվում:
-Ես նման բան չասացի:
-Իսկ ի՞նչ կասեք պետական ապարատում Ձեր հետագա գործունեության մասին:
-Դե ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո պետական աշխատանքի մասին, ճիշտն ասած, չեմ էլ մտածել:
-Իսկ եթե առաջարկ լինի, կմտածե՞ք:
-Անպայման: Եթե անկեղծ, այս ընթացքում ունեցել եմ մի քանի առաջարկներ, սակայն նախընտրել եմ հանգստանալ, քանի որ 20 տարի եղել եմ պետական ծառայող ու միշտ զբաղեցրել եմ պատասխանատու պաշտոններ: Չե՞ք ուզում՝ մի քիչ էլ ես հանգստանամ (ծիծաղում է-Ս. Գ.): Իհարկե, դեռ երիտասարդ եմ եւ միշտ պատրաստ ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
-Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում իշխանական բարձր օղակներում սպասվելիք կադրային փոփոխությունների մասին: Հնարավո՞ր է, որ դրանք ազդեն նաեւ Ձեր հետագա գործունեության վրա:
-Ո՞ր փոփոխությունների մասին է խոսքը:
-Օրինակ՝ ՀՀ կառավարությունում ակնկալվող փոփոխությունները կամ շուտով լրանում է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնավարման ժամկետը: Հնարավո՞ր է՝ վերադառնաք Ձեր նախկին աշխատավայր՝ ՎՊ:
-Գիտե՞ք, մարդիկ իրենց տեղերում աշխատում են, եւ ես պարտավոր եմ պահպանել մարդկային էթիկայի բոլոր կանոնները: Երբ որ կլինեն փոփոխություններ, ու դրանք կվերաբերվեն նաեւ ինձ, այդ ժամանակ նոր կխոսենք: Համենայնդեպս, երբեք ոչինչ պետք չէ բացառել:
-Իսկ եթե Ձեզ առաջարկվի որեւէ նախարարի պաշտոն, ի՞նչ կանեք:
-Եկե՛ք եթե-ներով չխոսենք: Քաղաքական առաջարկի դեպքում լուծումը կտա ԲՀԿ-ն: Իսկ եթե անձամբ ինձ առաջարկեն, կմտածեմ, կքննարկենք (ժպտում է-Ս. Գ.):
-Ձեր հրաժարականից հետո հայտարարեցիք, որ սոցիալական ոլորտում լուրջ ծրագրեր կան, որոնք չհասցրիք իրականացնել: Միաժամանակ նաեւ հույս հայտնեցիք, որ գործող նախարարը դրանք պատվով ավարտին կհասցնի: Հետեւո՞ւմ եք իրականացվող քայլերին:
-Ինձ համար ամենագլխավոր ծրագիրը ՀՀ-ում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումն էր: Այդ ոլորտում առաջնային խնդիրը ես դիտարկում էի «սոցիալական աշխատողի» կերպարի ստեղծումը, որն իր կարողություններով ու հմտություններով սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին պետք է կարողանա այդ իրավիճակից դուրս հանել: Այնքանով եմ կարեւորում այս ծրագիրը, որ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված է 35 տոկոս աղքատություն, կան շուրջ 180 հազար հաշմանդամություն ունեցող անձինք եւ մոտ 100 հազար նպաստառու ընտանիքներ: Սոցիալական աշխատողը պետք է լինի կարիքավոր ընտանիքի եւ պետության միջեւ միակ կապող օղակը:
-Եվ ի՞նչ վիճակում է այդ ինստիտուտը, նախարարությունը կարողացե՞լ է կայացնել այդ համակարգը:
-Լավ կլինի՝ այդ հարցով դիմեք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որովհետեւ ես բավարար ինֆորմացիայի չեմ տիրապետում:
-Բայց Ձեր գնալուց հետո խոսակցություններ էին պտտվում, որ Ձեր ավանդը մեծ է Արտեմ Ասատրյանի՝ նախարար դառնալու գործում:
-ՀՀ-ում նախարարը նշանակվում եւ ազատվում է ՀՀ նախագահի հրամանագրով՝ վարչապետի առաջարկությամբ:
-Մի խոսքով, այսօրվա մեր զրույցի ընթացքում մեզ գրեթե ոչ մի կոնկրետ բան չասացիք, թե ինչ եք անելու:
-Եկե՛ք իրադարձություններից առաջ չընկնենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս