Աղիքային վարակները ամռանն ավելանում են. ինչ անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ամռանը ավելանում է աղիքային հիվանդների թիվը: Չէ որ ամռան ամիսներին մարդիկ շատ են օգտագործում միրգ, բանջարեղեն եւ դրանք լավ չլվանալու արդյունքում հիվանդանում են աղիքային վարակներով: Աղիքային եւ վիրուսային վարակները հիմնականում նկատվում են երեխաների մոտ: Առհասարակ, աղիքային վարակները կոչվում են «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»:

Թե՛ մեծերը եւ թե՛ փոքրերը անպայման պետք է հետեւեն ձեռքերի հիգինեային, քանի որ օրվա ընթացում դրանք շփվում են զանազան իրերի հետ: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ աղիքային եւ օդակաթիլային վարակների փոխանցման հիմնական աղբյուրը կեղտոտ ձեռքերն են:

Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը հեռախոսազանգեր է ստանում Երեւանի եւ ՀՀ մարզերի բնակիչներից, որոնց պատմելով այս օրերին ակտիվացել են աղիքային եւ օդակաթիլային վարակները: Հիմնականում հիվանդանում են 2-5 տարեկան երեխաները: Իսկ հիվանդությունը սկսվում է ջերմությունով, փսխումով, ապա հետեւում է լուծը: Ի դեպ, քաղաքացիներ էլ կան, որոնց երեխաներն ունեն հազ եւ կոկորդի ցավ: «Ժողովուրդ»-ը ծնողներից տեղեկացավ, որ բժիշկները նրանց երեխաներին ստուգելուց հետո հայտարարել են, որ այս ամենին նպաստում է նաեւ շոգ եղանակը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ. «Մենք որեւէ հիվանդանոցից նման ահազանգ չունենք, իսկ փորլուծությունն ու ջերմությունը կարող է ցանկացած ազդակի դեպքում լինել. միրգ եւ վրայից պաղպաղակ՝ երեխայի փորլուծությունը պատրաստ է: Բայց այս պահի դրությամբ որեւէ կազմակերպությունից որեւէ ահազանգ չկա»,- վստահեցրեց ԱՆ պատասխանատուն:

Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա մայիսին գրանցված սալմոնելոզային վարակների դեպքերի քանակը կազմել է 38, որից 15-ը՝ 0-2 տարեկան երեխաների մոտ է գրանցվել: Շինգելյոզ տեսակի վարակային հիվանդության գրանցված դեպքերի քանակը այս տարվա մայիսին կազմել է 37, որից 10-ը՝ 0-2 տարեկան երեխաների մոտ է եղել: Նկատենք նաեւ, որ այլ մանրէային աղիքային վարակների գրանցված դեպքերի քանակը կազմել է 204, որից միայն 105-ը 0-2 տարեկան երեխաներն են: Իսկ չճշտված եւ ենթադրյալ աղիքային վարակների արձանագրված դեպքերը կազմել են 448, որից 240-ը 0-2 տարեկան երեխաներն են:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում զգուշանալ հանգստի եւ ժամանցի վայրերում ջրով փոխանցվող հիվանդություններից: ԱՆ-ն զգուշացնում է, որ հանգստի եւ ժամանցի վայրերում, լողավազանների ջրերում առկա է քիմիական նյութերի բարձր ազդեցության վտանգ: Իսկ մանրէները եւ քիմիական նյութերը կարող են օրգանիզմ ներթափանցել վարակված ջուր կուլ տալու հետեւանքով: Վտանգը եւ ռիսկերը ներառում են աղեստամոքսային, մաշկային, ականջի, աչքերի, շնչառական, նյարդային վարակների զարգացումը: Ավելի հաճախ արձանագրվում է փորլուծություն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս