Բժշկական կենտրոններն աշխատավարձերն ուշացումով են տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը «Արամյանց» բժշկական կենտրոնի աշխատակիցներից ահազանգ ստացավ այն մասին, որ իրենց աշխատավարձերը տեւական ժամանակ չեն վճարվում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը այցելեց «Արամյանց» բժշկական կենտրոն եւ զրուցեց ԲԿ-ի տնօրեն Սամվել Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, «Արամյանց» ԲԿ-ի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին դժգոհել են, որ իրենք տեւական ժամանակ է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Ի՞նչն է խնդիրը:

-Ինչ թաքցնեմ, կան խնդիրներ՝ կապված աշխատավարձերի ուշացման հետ: Բայց այդ խնդիրներն ունեն լուրջ, օբյեկտիվ պատճառներ: Մինչեւ 2013 թվականի վերջը եւ 2014 թվականի սկիզբը ամեն ինչ նորմալ էր: Բայց տեղի ունեցան մի շարք գործընթացներ, որոնք էապես ազդեցին կենտրոնի ֆինանսական մուտքերի վրա:

-Կմանրամասնե՞ք:

-Զգալի չափով նվազեց հիվանդների թվաքանակը, եւ սա նույնպես իր հերթին ազդեց ֆինանսական մուտքերի վրա: Չնայած նախորդ տարեվերջից լուրջ կազմակերպչական միջոցառումների շնորհիվ հասանք այն բանին, որ հիվանդների թվաքանակը աստիճանաբար աճում է, բայց հավատացնում եմ Ձեզ, որ դա ժամանակ է պահանջում: Միաժամանակ այդ դժվար ֆինանսական մուտքերի պայմաններում կան պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն: Մասնավորապես՝ ջրի, էլեկտրաէներգիայի, գազի վարձերը պետք է վճարվեն: Դրանք հիվանդանոցի համար բավականին մեծ թվեր են կազմում: Բացի այս, բյուջեի նկատմամբ հարկային պարտավորություններ կան, որոնք ուղղակի չես կարող չկատարել: Դա նույնպես իր ազդեցությունն ունեցավ: Նաեւ բավականին բժիշկներ մեզանից հեռացան: Հատկապես այն բժիշկների թիմը, որն աշխատում էր սրտաբանական բաժանմունքում, մինչդեռ այդ բաժանմունքի գործունեության շնորհիվ, ըստ էության, ապահովվում էին նաեւ կենտրոնի հիմնական ֆինանսական միջոցները: Բայց այդ թիմը հեռացավ:

-Ի՞նչ պատճառներով բժիշկները հեռացան:

-Տեղափոխվեցին մեկ այլ բժշկական կենտրոն: Բնականոն ընթացք է, մրցակցություն է, բոլորն աշխատում են լավ թիմ եւ լավ տեխնոլոգիա ունենալ: Բայց տվյալ դեպքում այդ բժիշկները հեռացան ոչ թե աշխատավարձի խնդրի պատճառով, այլ տեղափոխվեցին:

-Այնուամենայնիվ, ԲԿ-ի տնօրինությունն աշխատավարձերը ինչո՞ւ է ուշացնում:

– Բացի թվարկածս պատճառները, նշեմ նաեւ, որ շուրջ 55 մլն դրամ հիվանդներն են մեզ պարտք: Ես չեմ ցանկանում արդարանալ, այլ ընդամենը նկարագրում եմ իրավիճակը: Հիվանդները մեզ 55 մլն դրամ պարտք են, եւ մենք դատական գործընթացի մեջ ենք նրանց հետ: Որոշ դեպքերում արդյունք կա, բայց աննշան: Բավականին մեծ թվով հիվանդներ կան, որոնք լուրջ պարտքեր ունեն բժշկական կենտրոնին, բայց կա՛մ գույք չունեն, կա՛մ էլ սոցիալապես ծանր վիճակում են: Մենք մեր պարտքը կատարել ենք. հիվանդին փրկել ենք այդ վիճակից, բայց դրա փոխարեն փոխհատուցում չի եղել, տուժել ենք, վնասներ ենք կրել: Հիմա այս դեպքում հնարավո՞ր է պահպանել բալանսը եւ աշխատավարձը լիարժեք վիճակում, այն դեպքում, երբ ես իմ պարտադիր պարտավորությունները բարեխղճորեն կատարել եմ: Նույնն էլ աշխատողների նկատմամբ: Ես չեմ ասում, որ լավ բան է, աշխատողը պետք է իր աշխատավարձը ստանա: Բայց կան նյուանսներ, որոնք չեն բարձրաձայնվում: Մենք յուրաքանչյուր ամիս աշխատավարձ տալիս ենք, փակում ենք: Այնպես չէ, որ չենք տալիս ու վերջ: Չկա նման բան: Աշխատավարձ վճարելը մեր սուրբ պարտականությունն է: Եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հասնենք նրան, որ աշխատավարձերի պարտքերը զրոյացնենք, բայց դրա համար ժամանակ է պահանջվում:

-Պարո՛ն Հարությունյան, 55 մլն դրամ պարտքը մարելու համար դիմե՞լ եք կառավարություն, առողջապահության նախարարություն:

-Ես չեմ կարծում, որ պետությունը հնարավորություն ունի մյուս կողմի չվճարած գումարները փոխհատուցել: Պրակտիկայում նման բանի չեմ հանդիպել: Ես այդ մարդը չեմ, եւ առաջին տարին չէ, որ առողջապահության կազմակերպչական աշխատանքում եմ, տարբեր ճանապարհ եմ անցել եւ գիտեմ, թե աշխատողի համար ինչ է նշանակում աշխատավարձը: Բայց հավատացնում եմ, որ այդ խնդիրները աստիճանաբար կուտակվեցին, այն էլ մեր հանրապետության համար նման դժվարին պայմաններում: Քիչ առաջ ինձ մոտ մի քաղաքացի էր եկել, որի տղան մեկ տարվա մեջ 5-րդ անգամ է բուժվում: Հիմա իր որդուն անհրաժեշտ է սրտի բաց վիրահատություն կատարել: Ինքը եկել է ինձ մոտ եւ ասում է՝ խնդրում եմ, տղայիս սրտի բաց վիրահատություն արեք, բայց ես ձեզ գումար չեմ տալու, որովհետեւ չունեմ: Ի՞նչ պատասխան տամ այս քաղաքացուն: Իսկ մենք շատ բան ենք արել: Մենք օգնել ենք, մենք չենք նայել այս մարդն ունի թե չունի, մենք իր կյանքը փրկել ենք, հետո՝ գումարի հարցը դրել:

-Իսկ Ձեր եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, չի՞ փոձում օգնել Ձեզ՝ այս վիճակից հանելու հարցում:

-Մտահոգ է, մտահոգված է իր եղբոր գործունեությամբ: Բայց ինչո՞վ օգնի:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս