«ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱՇԱԿՆ ԻՋԵՑՐԵԼ ԵՆՔ ՑԱԾՐԱԳՈՒՅՆ ԱՍՏԻՃԱՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ հանդիսատեսը, հեռուստադիտողը երեւի արդեն վարժվել է, որ Մոսկվայի Կրեմլի համերգասրահում ելույթ են ունենում հիմնականում հայկական շոու բիզնեսի, այսպես կոչված, աստղերն ու աստղիկները։ Հոկտեմբերի 20-ին այդ ավանդույթը խախտվեց, երբ այդ պատկառելի բեմի վրա հանդես եկավ պրոֆեսիոնալ պետական անսամբլ՝ Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը։
Համերգի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: Նա մասնավորապես ասաց. «Պետք էր դահլիճում լինել եւ տեսնել հանդիսատեսի արցունքները։ Իսկ համերգին շատ երկար պատրաստվեցինք, միայն երեք եւ ավելի ամիս տեւեց զգեստների պատրաստումը. անսամբլը հանդերձավորեցինք նորովի, բոլորովին նոր տարազներով, որոնք շքեղ են, հայեցի եւ ճաշակով։ Համերգը նվիրված էր Սայաթ-Նովայի 300-ամյակին, խարիսխը Սայաթ-Նովան էր, եւ, բնական է, հնչեցին մեծ աշուղի երգերը։ Բայց ծրագրում ընդգրկված էին նաեւ անցյալի եւ մեր ժամանակների մի քանի աշուղների լավագույն ստեղծագործություններ»։ Ժողովրդական արտիստը հավելեց, որ համերգի գնացել է այն ակնկալիքով, փափագով, որ գուցե այն դառնա շրջադարձային մի երեւույթ հայ մշակույթի, բեմարվեստի, երգարվեստի մեջ, եւ նման բեմերում ներկայացնենք մեր հարուստ ազգային խոշոր մշակույթը։ Մինչդեռ ժողովուրդը հաճախ ընտրություն չի ունենում, նրան ներկայացնում են նույն անճաշակ բանը, դաստիարակում դրանով. «Եթե երեխային անընդհատ կերակրում ես նույն բանով, նա արդեն դրան է սպասում։ Մենք մեր ժողովրդի ճաշակն իջեցրել ենք ցածրագույն աստիճանի… Մեր ԱԺ-ում ամեն ինչ՝ գենդեր-մենդեր, քննարկում են, որովհետեւ, վստահ եմ, դա պատվիրվում է դրսից։ Իսկ մեր ազգային խնդիրները չենք քննարկում։ Հայաստանում կան մշակութային հիմնադրամներ, որոնց կարող են դիմել ոչ ազգային մշակութային ձեռնարկ իրականացնող կազմակերպությունները։ Ես՝ աշուղական անսամբլի ղեկավարս, մի անգամ դիմեցի այդ կազմակերպություններից մեկին (անունը չեմ տալիս. գլուխը քարը), եւ ինձ պատասխանեցին, որ այն ամենը, ինչը կապվում է ազգայինի հետ, իրենք չեն օժանդակի։ Ինչո՞ւ են թույլ տվել, որ եկել-մտել են մեր տուն, ինչո՞ւ են եկել, ի՞նչ են ուզում անել»։
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ անսամբլի նվագախմբում առաջին անգամ հնչել է բաս քանոնը, որի ստեղծման գաղափարի հեղինակը կոմպոզիտոր Արա Գեւորգյանն է, գործիքագործը՝ վարպետ Ալբերտ Զաքարյանը, պատվիրատուն՝ Կառլեն Կարապետյանը, որը վճարել է, որպեսզի «Սայաթ-Նովա» անսամբլը բաս քանոն ունենա։ Վերջում հավելենք, որ համերգի կազմակերպիչը «Արմենիա փրոդաքշն» կազմակերպությունն էր, հովանավորը՝ մոսկվահայ Սարգսյանների ընտանիքը։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս