Սերժ եւ Տիգրան Սարգսյաններն ամենավերջին ձեւով ծաղրում են ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացիներին, այլեւ արդեն ԱԺ պատգամավորներին, այդ թվում` իրենց խորհրդարանական մեծամասնությանը: Իշխանական պատգամավորներից շատերն էլ անտրտունջ, ընդհուպ մինչեւ հաճույքով են ընդունում իրենց հանդեպ նվաստացումների շարանը: Համենայնդեպս, դա է հուշում այն փաստը, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծին, եւ այն ընդգրկվել է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:
փոխարեն
Այդ նախագծով կառավարությունը որոշել է բարձրացնել պետական պաշտոնյաների` ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների ու նրա տեղակալների եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը: Եվ ահա այստեղ զավեշտալին այն է, որ այդ նախագծով ՀՀ ԱԺ պատգամավորն ու փոխնախարարը պետք է ստանան նույնչափ աշխատավարձ: Այսինքն` ՀՀ Սահմանադրությամբ իշխանության երկրորդ մարմնի` օրենսդիրի ներկայացուցիչը պետք է ստանա նույնքան գումար, որքան երրորդ ճյուղի` կառավարության անդամի տեղակալը: Իհարկե, ԱԺ պատգամավորներից շատերի դեպքում նույնիսկ կարելի է ասել, որ նրանց քրոնիկ անգործության դեպքում անգամ ներկայիս 240 հազար դրամ աշխատավարձն է ահռելի գումար: Բայց քանի որ իշխանությունները երեկ պնդում էին` բարձրացնում են ոչ թե կոնկրետ անձերի, այլ պաշտոնյայի ինստիտուտի աշխատավարձերը, ստացվում է` այնուամենայնիվ, կառավարությունն այս դեպքում խախտել է սուբորդինացիան` ցածրացնելով պատգամավորներին: Այս հանգամանքը հարուցել էր ԱԺ պատգամավորներից շատերի դժգոհությունը: «Սա կառավարության վերաբերմունքն է ԱԺ-ի նկատմամբ: ԱԺ-ն լուրջ մարմին է, որն ինքն է ձեւավորում կառավարություն, եւ իր ձեւավորած մարմինը չի կարող իրեն ստորադասել կառավարության անդամներից»,-հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:
Իշխանություններն իրենց նախագծերով որոշել էին ծաղրել ոչ միայն պատգամավորներին, այլեւ ողջ ժողովրդին, քանի որ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու նախաձեռնությամբ են հանդես գալիս ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում: Պատահական չէր նաեւ այն հանգամանքը, որ «Զբաղվածության մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքների նախագծերը խորհրդարանում քննարկվեցին իրար հետեւից: Առաջին նախագծով, ինչպես հայտնի է, իշխող մեծամասնությունը հավանություն տվեց գործազուրկներին տրվող 18 հազար դրամ նպաստի ինստիտուտը վերացնելու կառավարության առաջարկին: Իսկ դրանից րոպեներ անց խորհրդարանը սկսեց քննարկել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը: Այլ կերպ ասած՝ իշխանությունների նախաձեռնության արդյունքում «աղքատներն ավելի կաղքատանան, հարուստները՝ կհարստանան», քանի որ գործազուրկների 18 հազար դրամ նպաստը՝ եկամտի վերջին աղբյուրը, կտրվեց, իսկ պաշտոնյաներինը՝ ավելացավ: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածին բավական խիստ որակումներ տվեց: «Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին»,-ասաց նա` հավելելով, որ բարձրացնում են այն իշխանությունների աշխատավարձերը, որոնց օրոք երկրում գրանցվել է ահռելի արտագաղթ, աղքատության աճ:
Ի դեպ, այս նախագծի հիմնավորումների մեջ նշված է, որ այն կօգնի կրճատել կոռուպցիան: ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը հակադարձեց. «6-7 տարի է՝ դատավորների աշխատավարձը մինչեւ 1500-2000 դոլար է. ասե՛ք, խնդրեմ, ավելի կոռումպացված միջավայր, քան դատարաններն են: Եթե կամքը չկա, եւ դուք լուծում եք միայն աշխատավարձի բարձրացմամբ, կոռուպցիան այդպես չի վերանում»: Նույն օրինակը բերեց նաեւ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը` այդ հիմնավորումը որակելով զավեշտ. «Ինչքան դատավորների աշխատավարձը բարձրացրինք, այնքան անվստահությունն արատավոր իրավական համակարգի հանդեպ աճում է»: Անգամ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էր ստիպված համաձայնել այդ փաստարկներին՝ ասելով. «Եթե եղավ միայն աշխատավարձի փոփոխություն, եւ չեղավ բովանդակային փոփոխություն, մենք ոչ մի արդյունքի չենք հասնի»:
Մեկին ո՛չ ուլ մի, ո՛չ մաքի
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսված է, որ Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանալու է 203 տոկոսով, այսինքն` 436 հազար դրամից դառնալով 1 միլիոն 322 հազար դրամ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատավարձերը բարձրացվելու են 208 տոկոսով` 373 հազար դրամից դառնալով 1 միլիոն 190 հազար դրամ: Նախարարներն այսօրվա 240 հազարի փոխարեն պետք է ստանան 790 հազար, իսկ պատգամավորները` 660 հազար դրամ:
Ու սա այն դեպքում, երբ թվարկված անձինք համարվում են ՀՀ ամենահարուստ մարդիկ, որոնք ոչ միայն աշխատավարձի հույսին չեն մնացել, այլեւ պաշտոնավարման տարիներին ավելացրել են իրենց ունեցվածքը: Ս. Սարգսյանի ունեցվածքն իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում աճել է ավելի քան 50 մլն դրամով (2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ նրա դրամական միջոցները կազմել են 108 միլիոն 400 հազար դրամ): Հ. Աբրահամյանի դրամական միջոցներն ավելացել են 235 մլն-ով, իսկ դոլարային միջոցները` 220 հազարով: Տ. Սարգսյանի դրամային եկամուտներն աճել են 2 անգամ, իսկ դոլարային եկամուտները` 39 անգամ, եւ 2012թ. նրա բանկային հաշվին եղել է 35 միլիոն դրամ եւ 870 հազար դոլար: Ու սրանք այն պաշտոնյաներն են, որոնց իշխելու տարիներին ՀՀ-ից արտագաղթել է 150-200 հազար մարդ, աղքատությունը դարձել է 35 տոկոս, աճել է պետական պարտքը եւ այլն, եւ այլն:
Մյուս պաշտոնյաների եկամուտներն ու աշխատավարձը կներկայացնենք «Ժողովուրդ»-ի հաջորդ համարում: