Երեկվա դրությամբ Հայաստանի պետական բյուջեից արդեն իսկ ծախսվել է 704 միլիարդ 702 միլիոն դրամ, որը կազմում է ընդհանուր տարվա համար նախատեսված միջոցների 49,2 տոկոսը: Առաջիկա վեց ամիսների համար պետբյուջեում ծախսելու համար մնացել է 727 միլիարդ 50 միլիոն դրամ:
Ինչպես արդեն նշել ենք՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռեւս չի հրապարակում, թե այս տարվա հունիսին հարկերից եւ տուրքերից ստացված եկամուտները որքան են կազմել: Այս տարվա պետական բյուջեով նախատեսված է, որ առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեն 543 միլիարդ 957 միլիոն դրամ: Նշված գումարից հարկերից եւ տուրքերից ստացված եկամուտները պետք է կազմեին առնվազն 519 միլիարդ 687 միլիոն դրամ: Մյուս կողմից հայտնի է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով հարկերից եւ տուրքերից ստացված եկամուտները կազմել են 419 միլիարդ 667 միլիոն դրամ: Այսինքն՝ պետական բյուջեի եկամուտների պլանը կատարելու համար հարկային եւ մաքսային մարմինները մեկ ամսում` հունիսին, պետք է հավաքագրեին ավելի քան 100 միլիարդ դրամ: Նման խնդիր պետական եկամուտների կոմիտեն կարող էր լուծել միայն տնտեսվարողներին քերթելու ճանապարհով, քանի որ անցած` 2015 թվականի արդյունքներով հունիսին հավաքագրվել է 90 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր: Նախորդ տարիներին եւս գրեթե նույն ցուցանիշն է եղել: Հետեւաբար ՊԵԿ-ը չէր կարող հենց այնպես հարկային մուտքերը մեկ ամսվա կտրվածքով ավելի քան 10 տոկոսով հենց այնպես ավելացնել: Այդ կառույցը պլանը կարող էր կատարել միայն տնտեսվարողներին «ռեկետի» ենթարկելով: Առաջիկայում, երբ ՊԵԿ-ը կհրապարակի այս տարվա առաջին կիսամյակում հավաքագրված հարկեր եւ տուրքերի չափը, պարզ կդառնա, թե տնտեսվարողների նկատմամբ ինչ ուժգնության «ռեկետ» է կիրառվել:
Պետական բյուջեի նախնական տարբերակով, որը խորհրդարանի կողմից հաստատվեց, նախատեսված էր, որ պակասուրդը, այսինքն՝ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի տարբերությունը կազմելու է 191 միլիարդ դրամ: Սակայն հետագայում պետական բյուջեի ծախսային մասը 1 տրիլիոն 385 միլիարդ 447 միլիոն դրամից հասցվեց 1 տրիլիոն 431 միլիարդ 752 միլիոն դրամի: Բնականաբար, պետբյուջեի եկամտային մասի ավելացման մասին խոսք լինել չի կարող, քանի որ ՀՀ իշխանությունները դեռեւս անցած տարվանից խոստովանում են, որ 2016 թվականը ծանր տարի է լինելու, եւ եթե հաջողվի նախորդ` 2015 թվականի չափով եկամուտ ունենալ, ապա գոհ պիտի լինենք: Անցած տարի պետական բյուջեի եկամուտները կազմել էին 1 տրիլիոն 167 միլիարդ 744 միլիոն դրամ, որից հարկեր եւ տուրքերը կազմել են ընդամենը 1 տրիլիոն 67 միլիարդ 900 միլիոն դրամ: Այլ կերպ ասած՝ եթե ընթացիկ տարում պետական բյուջեի եկամուտները կրկնեն անցած տարվա ցուցանիշը եւ կազմեն 1 տրիլիոն 170 միլիարդ դրամի սահմաններում, ապա դա արդեն կարելի է հաջողություն համարել: Այսինքն՝ ստացվում է, որ այս տարվա պակասուրդն իրականում կազմելու է ավելի քան 260 միլիարդ դրամ, ոչ թե 191 միլիարդ, ինչպես նախատեսված է խորհրդարանի կողմից անցած տարվա դեկտեմբերի 9-ին ընդունված պետական բյուջեի մասին օրենքով: Ըստ այդմ, պակասուրդի կիսամյակային պլանը եւս փոփոխության է ենթարկվել: Նախնական տարբերակով, առաջին կիսամյակի կտրվածքով այն պետք է կազմեր 100 միլիարդ դրամ: Սակայն ներկա պայմաններում ՀՀ կառավարությունը պարտադրված է կիսամյակի կտրվածքով պակասուրդի ցուցանիշն ավելացնել առնվազն մինչեւ 130 միլիարդ դրամ:
Ինչպես հայտնի է՝ այս տարվա սկզբից սկսած ՀՀ կառավարությունը պետական պարտքը ամեն ամիս ավելացնում է: Պետական պարտքը ավելանում է ինչպես արտաքին պարտքի մասով` նորանոր վարկեր ներգրավելու միջոցով, այնպես էլ ներքին պարտքի կտրվածքով` պետական պարտատոմսեր թողարկելու ճանապարհով: Մասնավորապես հունիսին պետական պարտատոմսեր թողարկելու ճանապարհով պետական ներքին պարտքը ավելացել է ավելի քան 36 միլիոն դոլարով: Մեր տեղեկություններով՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններն սկսել են իրենց մտահոգությունը հայտնել ՀՀ կառավարության կողմից ներքին պարտքը սրընթաց ավելացնելու առնչությամբ: Այլ կերպ ասած՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունները համոզված չեն, որ ՀՀ կառավարությունը ներքին պարտքն անընդհատ ավելացնելով, ի վերջո, կկարողանա մնալ վճարունակ եւ ստիպված չի լինի դեֆոլտ հայտարարել: Սովորական ընտանիքի օրինակով սա նշանակում է, որ միջազգային ֆինանսական կառույցները կասկածներ ունեն, որ ՀՀ կառավարությունը պարտատոմսեր թողարկելու միջոցով բարձր տոկոսով այնքան պարտքեր կկուտակի, որ, ի վերջո, ստիպված կլինի խոստովանել, որ սնանկ է եւ չի կարող պարտատերերի գումարները վերադարձնել: Ուստի միջազգային ֆինանսական կառույցները ՀՀ կառավարությանը խորհուրդ են տալիս ստեղծված իրավիճակից դուրս գալու այլ ուղիներ գտնել, որպիսիք տեսադաշտում դեռեւս չեն նշմարվում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՈՒԺԻ ԴԵՄՈՆՍՏՐԱՑԻԱ Է
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների եւ ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ: «Ժողովուրդ»-ը նախկին վարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչպես է պետք գնահատել Ադրբեջանի այս քայլը, արդյոք դա պատերազմի մոտալուտ վերսկսման ազդակ է: «Ուժի դեմոստրացիա է: Պատճառաբանված է, որ ամեն մի վարժության անվան տակ կարող է տեղի ունենալ ռազմական գործողություններ, եթե մեկը զինվորական վարժություններ է անում, հակառակորդը համապատասխան պրիվենտիվ միջոցների է դիմում: Ես չեմ կարծում, որ դա մի բան է, որից պետք է շատ անհանգստանանք: Ես համարում եմ, որ սա բնական երեւույթ է: Դատելով քաղաքական իրավիճակից, անկեղծ ասած, այդպիսի բանի չեմ էլ սպասում»,- պատասխանեց Մանուկյանը:
ԺՈՂՈՎՐԴԻՆ ՔՆԵՑՆՈՒՄ ԵՆ
Ղարաբաղյան ազատամարտիկների խորհրդի նախագահ Արկադի Կարապետյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչեցվող այն հայտարարությունները, ըստ որոնց՝ հայկական կողմը պետք է զիջի ԼՂՀ 5, ապա 2 շրջան: «Մենք մեր հայրենիքը ոչ մեկի չենք տալու, ոչ մի շրջան, նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ ներդրում ունեն մեր պետականությանը, մեկ էլ տեսնում ես՝ ինչ-որ փոխզիջման մասին են խոսում, զարմանում ես: Այդ բոլոր բանակցություններին պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղը»,- պատասխանեց Կարապետյանը: Մեր այն հարցին՝ ինչով է պայմանավորված, որ Արցախում սկսել են սոցհարցումներ անցկացնել, Կարապետյանը պատասխանեց. «Նպատակը այն է, որ ստուգեն, իմանան՝ ժողովուրդը ոնց է տրամադրված, երկրորդն էլ ինձ թվում է, որ ուզում են ժողովրդին նախապատրաստեն, որ պետք է շրջան հանձնել, թե չէ ինչու պետք է հարցում անեին: Այսինքն՝ նպատակաուղղված է, որ մեր ժողովրդի մեջ կասկած մտնի, վախ գցեն: Հիմա ժողովրդին քնացնում են, թե ամեն ինչ լավ է, թուրքերը չեն կրակում, քառօրյա պատերազմ եղավ, պրծավ, տեսնում եք՝ ամեն ինչ լավ է, որ 5 շրջան հանձնենք, ընդհանրապես չեն լինելու»:
«ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱՆ» ԿԼՈՒԾԱՐԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը լուծարվում է: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հուլիսի 6-ի որոշմամբ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին նույն դատարանն անցած տարվա նոյեմբերի 2-ին սնանկ էր ճանաչել: Իսկ այս տարվա մարտին հաստատվել էր ընկերության առողջացման ծրագիրը:
ԿՀԱՆԴԻՊԵՆ
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւն ու Հասան Ռոհանին կհանդիպեն Բաքվում օգոստոսի 8-ին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը:
ՆԱՄԱԿ ԸՆԿԵՐՈՋԸ
Կալանավորված ժիրայր Սէֆիլյանը բաց նամակով դիմել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանին: Նամակում, մասնավորապես, ասված է.«Ապրիլյան քառօրյան արթնացրեց ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը: Ակնհայտ դարձավ, որ գոյություն ունի պայմանավորված պատերազմով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավադիր ծրագիր: Բացահայտվեց նաեւ, որ Սերժ Սարգսյանը աթոռը պահելու դիմաց մասնակցում է այդ ծրագրին: Ուստի նրա հիմնական խնդիրը պետք է լինի կանխել հանուն մեր երկրի տարածքային ամբողջականության հասունացող ընդվզումը: Կուսակցական դաշտի վրա չենք կարող հույս դնել: Վարչախումբը քաղաքական ու տնտեսական մենաշնորհացման, կուսակցությունների սնանկացման եւ ավտորիտար համակարգի հաստատման միջոցով վաղուց արդեն փոշիացրել է կուսակցական դաշտը, իսկ դրա մնացորդներն օգտագործում է իր ապազգային նպատակների համար: Այդ պատճառով նշված մարմինը կարող է ձեւավորվել միայն մաքուր կենսագրություն եւ հասարակական հեղինակություն ունեցող այնպիսի անհատներից, ովքեր «ոչ մի թիզ հող հակառակորդին» գաղափարի ջատագով են եւ կարող են դրա շուրջ համախմբել ու ոտքի հանել ժողովրդին: Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ այս անգամ Սերժ Սարգսյանի ցուցումով ինձ մեկուսացնելու գլխավոր նպատակն էր ձախողել մեր այդ նախաձեռնությունը»:
ՎԱՏ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
«Սեղանին կա փաստաթուղթ, այդ փաստաթուղթը ավելի վատն է, քան մայր մադրիդյան փաստաթուղթն է, որը 2007-ին ներկայացվեց Մադրիդում, այն ավելի վատն է, քան կազանյան փաստաթուղթը կամ վերափոխված մադրիդյան տարբերակը… անկախ նրանից՝ Հայաստանը ինչ է հայտարարում, սեղանին դրված է մի փաստաթուղթ, որի հիմնական կետերը երկուսն են, եւ որը կարող ենք մենք անվանել ռուսական պլան, Լավրովի պլան, Պուտինի պլան, ինչ ուզում եք ասեք…, – «Ազատության» հետ զրույցում ասել է լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ մանրամասնելով,- այդ փաստաթուղթը ենթադրում է երկու հիմնական բան՝ Լեռնային Ղարաբաղին առաջարկում են միջանկյալ կարգավիճակ, որը, հնարավոր է, շատ-շատ մոտ է անկախության կարգավիճակին, բայց ցած է անկախությունից, բայց, իհարկե, շատ ավելի վերեւ է, քան ինքնավարությունը: Այսինքն՝ մի միջանկյալ կարգավիճակ է տրվում Լեռնային Ղարաբաղին, որը նրան հնարավորություն է տալիս անցկացնել ընտրություններ»: Հարցին՝ մինչեւ հանրաքվե՞ն, նա արձագանքել է. «Այո՛, դա մինչեւ հանրաքվեի անցկացումը, այդ հանրաքվեն երբեք էլ չի լինելու, որովհետեւ հանրաքվեն մտցվել է, այսպես ասեմ, face saving-ի համար, երես փրկելու համար: Եվ դրա դիմաց Լեռնային Ղարաբաղին առաջարկում են, որպեսզի նրա ուժերը դուրս գան առնվազն հինգ շրջաններից: Ես չեմ պնդում, իհարկե, որ հայկական կողմը ընդունել է այս փաստաթուղթը, ավելին՝ կարող եմ պնդել, որ հայկական կողմը փորձում է տապալել բանակցային գործընթացը, այն, ինչ ժամանակին արել է Ադրբեջանը, օրինակ՝ Կազանում»,- կարծիք է հայտնել լրագրողը: