ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՁՄԵՌ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը սկսել են ակտիվանալ` այլ ուժերի հետ համագործակցության եզրեր փնտրելով կամ սեփական կառույցներն ուժեղացնելով:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ:
-Տիկի՛ն Սեդրակյան, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքական ուժեր, անհանգստանալով իրենց քաղաքական ճակատագրով, սկսել են ակտիվություն ցուցաբերել: «Ազատ դեմոկրատներ»-ը այժմ ի՞նչ գործունեություն է ծավալում:
-Կոնկրետ մեր քաղաքական ուժի պարագայում ես մեծ վստահությամբ ու հանգստությամբ կարող եմ մի բան ասել, որ մենք այն բացառիկ քաղաքական ուժն ենք, որն իր ուղղությունը գծել է առավելագույնս հստակ եւ երբեւէ չի շեղվել դրանից: Մենք հստակ դեմ ենք եղել ե՛ւ ԵՏՄ-ին, ե՛ւ ՀԱՊԿ-ին, ինչպես փաստել ենք, եւ այդ փաստերը բացահայտել ենք, այդպես էլ շարունակում ենք այդ գիծը: Ես կարծում եմ, որ քաղաքական ուժերի ճակատագրի եւ քաղաքական կենսագրության հստակեցման պարագայում յուրաքանչուր մարդ պետք է իրեն տա այդ հարցը` ինչ են խոստանում այդ մարդիկ, ինչքանով են իրենք հավատարիմ իրենց ասածներին, եւ որն է իրենց տարբերությունը իշխանություններից, որովհետեւ Հայաստանի ընդդիմադիր ուժերն իրենց ընդդիմադիր հայեցակարգը հիմնել են հետեւյալ կոնցեպցիայի վրա, որ իշխանությունը վատն է, բայց շարունակում են իշխանության վարույթը արտաքին դիվանագիտական սեկտորում: Հայաստանը քրիստոնյա եվրոպական երկիր է, եւ պարտավոր է լինել այն համակարգում, որն առավելագույնս կպաշտպանի նրա քաղաքացիական իրավունքները եւ նաեւ դիվանագիտական ու ռազմական շահերը, բայց դրա համար մենք պետք է ապացուցենք աշխարհին, որ մենք Եվրոպա ենք, մենք քայլեր պետք է անենք այդ ուղղությամբ: Մեր քաղաքական ուժը պատրաստվում է առավելագույնս հստակեցնել եվրոպական պահվածքի, վարույթի, քաղաքական վեկտրի հարցը ընտրապայքարում, որը միանշանակ ենթադրում է Հայաստանի ամբողջական համակարգափոխություն:
-Արդյո՞ք պատրաստվում եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին որեւէ քաղաքական ուժի հետ դաշինքով մասնակցել:
-Դրա մասին դեռ շատ վաղ է խոսել, որովհետեւ դաշինք կազմելու համար պետք է լինենք գաղափարակից: Հնարավոր չէ դաշինք կազմել միմիայն ընտրական գործընթացների շուրջ: Դրանք, որպես կանոն, կարճաժամկետ եւ իրենց քաղաքական նպատակին չծառայող դաշինքներ են լինում: Դրա համար եթե գնա քաղաքական գծերի համապատասխանություն, լինեն հայտարարություններ, ապա ընտրական պայքարում ամեն ինչ հնարավոր է: Բայց ամեն ինչը պետք է լինի քաղաքական դիվանագիտական հստակ շրջանակներում, որպեսզի պատեհապաշտական բաներ չլինեն: Անկախ այդ ամենից՝ մի տեղ կա, որտեղ բոլոր քաղաքական ուժերը կարող են դաշինքներ կազմել, ես ի նկատի ունեմ ընտրակեղծիքների դեմ պայքարելու, ընտրությունները վերահսկելու շուրջ դաշինքները:
-Տիկի՛ն Սեդրակյան, քաղաքական ինչպիսի՞ աշուն եք կանխատեսում:
-Հայաստանում ես հիմա տեսնում եմ դիվանագիտական մտքի ոչ թե աշուն, այլ ձմեռ, եւ կարծում եմ, որ նախեւառաջ այն բոլոր մարդիկ, ովքեր ղեկավարել են պետությունը եւ, այնուամենայնիվ, ոչ այնքան լավ արդյունքներով, պետք է կարողանան պատասխան տալ: Չէ որ մեր Ազգային ժողովը դակել է այն որոշումները, որոնք նպաստավոր չէին մեր պետության համար: Եւ չի նշանակում, որ այդ ամենից հետո էլ այդ նույն մարդիկ պետք է հայտնվեն խորհրդարանում եւ նույն ձեւով շարունակեն դակել այդ որոշումները: Նախեւառաջ նրանք պետք է պատասխան տան միահամուռ կերպով կայացրած այդ ազգակործան որոշումների համար: Նույն այդ համատեղ ՀՕՊ-ի համաձայնագիրը, ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը ես համարում եմ պետության զարգացմանը խիստ խոչընդոտող որոշումներ:
-Վերջին շրջանում անընդհատ լսում ենք նոր ձեւավորվող կուսակցությունների մասին: Քաղաքական դաշտի վրա դրանք ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ:
-Ես ընդհանրապես դեմ եմ, երբ որ նոր հիմնվող կուսակցություններին ի սկզբանե սկսում են պախարակել կամ ասել, որ ընտրական պայքարի համար են ձեւավորվել: Կարծում եմ, որ եթե նրանք այդ ձեւով են ապահովում քաղաքական այլընտրանքը, թող ապահովեն, բայց թող մրցունակ եւ համապատասխան լինեն այդ այլընտրանքին, որովհետեւ տեսնում ենք քաղաքական նոր միավորումներ, որոնք բավականաչափ չեն հասունացել թե՛ քաղաքական ծրագիր ձեւավորելու, թե՛ այդ քաղաքական ծրագրին հավատարիմ լինելու համար: Լավ է, որ կազմավորվում են, լավ է, որ կան, բայց վատ է, որ քաղաքական ուժի ընդհանուր ստանդարտներին այդքան էլ չեն համապատասխանում:

 

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԻՆՉ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Վերջին շրջանում ակտիվացել են ԼՂՀ ազատագրված 7 շրջանների հանձնման մասին խոսակցությունները: Հատկապես Սերժ Սարգսյանի՝ «Բլումբերգին» տված հարցազրույցից հետո պարզ դարձավ, որ հայկական կողմը դեռեւս 2011թ. Կազանում պատրաստ է եղել ստորագրել կարգավորման փաստաթուղթը, որով նախ նախատեսվում է 5 շրջանների հանձնում, ապա եւս երկուսի տրամադրում ադրբեջանական կողմին: Եվ հիմա, երբ գրեթե ամենշաբաթյա ռեժիմով ընթանում են բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններ, հանդիպումներ եւ հեռախոսազրույցներ, որոնց հետ կապված ռուսական եւ ադրբեջանական մամուլում լինում են մտահոգիչ արտահոսքեր, իսկ ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն էլ խոսում են դրական ակնկալիքների մասին, հայ հանրության շրջանում առավել խորանում են վատ սպասումները եւ մտավախությունը՝ ժողովրդի թիկունքում հնարավոր ոչ հայանպաստ համաձայնության մասին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարում, անդրադառնալով այս հարցին, նշել էր, որ վերջերս կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը եւս բացահայտել է տարածքների հանձնման պարտադրվող հեռանկարը՝ նշելով, որ այլընտրանք չկա. կա՛մ հողեր ենք հանձնում, կա՛մ պատերազմ է լինելու:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց պարզել ՀՀ կառավարության անդամների դիրքորոշումը՝ մի քանի հարց ուղղելով նախարարներին:
«Գիտեք՝ դեռ գնում է բանակցային գործընթաց շատ դժվար պայմաններում: Պետք է յուրաքանչյուրը իր դիրքորոշումը հայտնի: Մեր դիրքորոշումը արտահայտված է Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության մեջ, ուրիշ խնդիր չկա: Մինչեւ լեռնային Ղարաբաղի ստատուսը չհստակեցվի, այլ խնդիր չի կարող լինել:
Ես ճիշտ չեմ համարում, որ բանակցային գործընթացի ընթացքում հասարակական նման ձեւաչափով խոսակցություններ են ընթանում, որովհետեւ կան կողմեր, եւ կողմերը ունեն հստակեցված դիրքորոշում: Պետք է թողնենք՝ մեր քաղաքական պատասխանատվություն ունեցող դիվանագետները, քաղաքական պաշտոնյաները կարողանան իրենց գործընթացը անեն, որովհետեւ խոսքը գնում է ընդհանրապես գլոբալ հայկական շահի մասին: Հայկական շահը մեկն է, պետք է կարողանանք դա պաշտպանել»,-մեր հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Մեր այն հարցին՝ եթե իսկապես տարածքներ հանձնվեն, արդյոք նախարարը կընդվզի, Լ. Մկրտչյանը տվեց խուսափողական պատասխան՝ ասելով. «Այդ հարցերով ես եթեներով երբեք չեմ խոսում»:
«Ժողովուրդ»-ը նույն հարցը ուղղեց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, որը, սակայն, հարցը լսելուց հետո նշեց, թե շտապում է: Մինչդեռ նկատենք, որ վերջինս կառավարության նիստից հետո բավականաչափ ուշ դուրս եկավ շենքից, այն էլ հետնամուտքով:
Իսկ, ահա, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, լսելով մեր հարցը, ձեռքերը դրեց գլխին՝ հասկացնելով, թե չի ուզում պատասխանել: Մեր հնչեցրած երկրորդ հարցին` ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից տարածքների զիջման մասին հայտարարության շուրջ, Քոչարյանն արձագանքեց. «Ես ԳՄ նիստում չեմ եղել»:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՈՎ Է ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ
«Ժողովուրդ»-ն անցած շաբաթ տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել: Մեր հրապարակումից հետո մամուլում նույնիսկ սկսեցին շրջանառել ապագա կուսակցության հնարավոր անունը՝ «Շրջադարձ»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Դալլաքյանի կուսակցաշինությունը խոստացել է հովանավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց Ռուբեն Հայրապետյանից պարզել, թե նշված լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը: Սակայն նա հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ ասելով, որ հեռախոսով ոչ մի մեկնաբանություն չի տա: Վիկտոր Դալլաքյանը հարցը լսելուց հետո ծիծաղեց եւ ասաց. «Դուք երկրորդ անգամ եք այդ հարցը տալիս: Կրկնում եմ՝ նման բան չկա, եւ խնդրում եմ, եթե հարմար կգտնեք, երրորդ անգամ այդ հարցը չտաք»:

 

 

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՎԱԽԵՑՆԵԼ
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 13-ին՝ վաղ առավոտից սկսած, ողջ օրը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը ուսումնամարզական թռիչքներ է իրականացրել: «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ըստ իրեն՝ արդյոք Ադրբեջանը նոր սադրանք է ծրագրում, թե ընդամենը փորձում է ուժ ցուցադրել: «Այդ ուժի ցուցաբերումը անմիջականորեն ազդում է մեր արտաքին քաղաքականության վրա, մեր իշխանությունների վրա: Մարդիկ սկսում են վախենալ, ամեն դեպքում իրենց վստահ չեն պահում բանակցությունների ժամանակ, դրա համար Ադրբեջանը Ալիեւի գլխավորությամբ ջանք չի խնայում, որպեսզի ցույց տա, որ ինքն ինչ-որ բանի ընդունակ է: Բայց մենք չենք վախենում: Գիտեք՝ ինչն է ցավն, ավելի լավ է՝ ոչխարների առաջնորդը լինի առյուծ, քան առյուծների առաջնորդը լինի ոչխար: Շատ դժվար վիճակում ենք հայտնվել: Այս սոցիալական ծանր վիճակում մարդիկ երեխա են մեծացնում, պատրաստ են իրենց երեխաների կյանքի գնով Արցախի խնդիրը լուծել, կանգնել հայրենիքի համար, բայց դա չի կարողանում անել մեր իշխանությունը»,- ասաց Եղիազարյանը:

 

 

ՏՈՒՐԻԶՄԸ  ՉԻ ՏՈՒԺԻ
Ռուս-թուրքական հարաբերությունները մոտ տասն ամիս տեւած հակասություններից հետո կրկին սկսել են ջերմանալ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ռուս-թուրքական մերձեցումը ինչպես կազդի ՌԴ-ից դեպի Հայաստան տուրիստական հոսքերի վրա: «Զբոսաշրջության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետ կապված ռուս-թուրքական հարաբերությունները երբեք կապ չեն ունեցել: Տարիներ շարունակ աճել են Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունները»,- ի պատասխան՝ ասաց Ապրեսյանը:




Լրահոս