ՈՎ ՍՏԵՂԾԵՑ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու մասին լուրի տարածվելու առաջին իսկ պահից բոլոր գործիչները, նույնիսկ ամենաընդդիմադիրներ դիրքորոշում ունեցողները դատապարտում, մերժում էին տեղի ունեցածը: Բոլորը դեմ էին զենքով իշխանություններին խելքի բերելու տարբերակին: Իրավիճակն ամբողջովին գործող իշխանության օգտին էր: Իսկ ի՞նչ արեցին նրանք. իրավիճակը գնահատեցին իբրեւ իրենց աջակցություն եւ սկսեցին առիթն օգտագործելով՝ հաշվեհարդար տեսնել իշխանությունից տարբերվող տեսակետ ու ակտիվ պահվածք ունեցողների հետ: Զանգվածային բռնարարքներ ու ձերբակալություններ սկսվեցին: Մի հարցում, սակայն, նրանք սխալվել էին: Մարդիկ, դատապարտելով զինյալների գործողությունները, ոչ թե աջակցում էին իշխող ՀՀԿ-ին, այլ նրանց դեմ պայքարի ընտրված ձեւը:
Արդյունքում երեկ արդեն ունեցանք կրակոցներով ուղեկցված բախումներ, բազում վիրավորներ (նախնական տվյալներով՝ տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան), եւ իրավճակը մի պահ ամբողջովին դուրս եկավ վերահսկողությունից: Հանուն արդարության պետք է նշել, որ Անի անունով մի երիտասարդ աղջիկ իր պահվածքով հրահրեց երեկվա բախումը՝ ոստիկաններին վերջնաժամկետ ներկայացնելով: Այնուհետեւ նա տարածքից հեռացավ, իսկ խաղաղ ցուցարարները, ենթարկվելով սադրանքին, արյունալի բախումների գնացին ոստիկանների հետ: Ոստիկանները ստպված եղան հատուկ միջոցներ կիրառել: Իսկ հավաքները շարունակում են ավելի մարդաշատ դառնալ:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երեք օր է՝ նախագահական նստավայրից զանգահարում են Հայաստանի եւ Արցախի ամենատարբեր քաղաքական, հասարակական գործիչներին, որոնք հանրության շրջանում որոշակի հեղինակություն ունեն, ու նրանց համոզում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցեն՝ վայր դնելու զենքերը: Մեր տեղեկություններով՝ շատ քչերն են համաձայնում «բանագնացի» պարտականություն ստանձնել: Հատկապես իշխանություններից կախվածություն չունեցող գործիչներն իրենց չհամաձայնելու քայլը պատճառաբանում են այն հանգամանքով, որ վստահ չեն, թե իշխանություններն ինչպես կվարվեն «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, երբ նրանք հանկարծ որոշեն ընդառաջ գնալ եւ զենքերը վայր դնել: Այլ կերպ ասած՝ մարդիկ չեն ցանկանում խմբի անդամների «դահիճի» միջնորդ դառնալ` նրանց համոզելով, որ զենքերը վայր դնեն, որ հետո էլ դառնան ցմահ դատապարտյալներ: Ահա, այս իրավիճակն է պատճառը, որ 3 օր է՝ կողմերը բանակցում են ու բանակցում:

 

 

 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 4,9 տոկոսով: Անցած տարի նույն ժամանակահատվածում, երբ Հայաստանի արդյունաբերության մի շարք ճյուղերում անկումներ էին արձանագրվում, էլէներգիայի արտադրությունը 2014-ի համեմատ, այնուամենայնիվ, 1,5 տոկոսով աճել էր: Այսինքն՝ ստացվում է, որ ներկայումս մեր արդյունաբերությունն ավելի վատ վիճակում է գտնվում, քան անցած 2015 թվականին: Սակայն նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով տնտեսական աճը 4,8 տոկոս է կազմել: Ի դեպ, շինարարության ծավալները առաջին կիսամյակի արդյունքներով նույնպես նվազել են 7,8 տոկոսով:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի շարք պաշտոնյաներ, որոնք իրենց հիմնարկի ներքին խոհանոցի մասին ուշագրավ մանրամասներ են պատմում: Ինչպես հայտնի է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մի շարք պաշտոնատար անձինք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նշված քրեական գործի շրջանակներում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ցուցմունքներում նշված տվյալների վերաբերյալ բացատրություններ տալու նպատակով հարցաքննվել է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանը: Ավելին՝ շրջանառվող լուրերի համաձայն՝ բացառված չէ, որ այս քրեական գործի շրջանակներում մեղադրյալների աթոռին հայտնվի նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականն է:

 

 

 
ԱՌԱՆՑ ԶՈՀԻ
Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» ջոկատի գործողությունները հանրության մի մասը որակեց ահաբեկչություն, իսկ մյուս մասը գնահատեց որպես հերոսություն եւ իրավիճակի փոփոխության միակ տարբերակ: Սակայն հանրության հիմնական մասն անցած օրերին այդպես էլ չէր կարողանում կողմնորոշվել, եւ դրա գլխավոր պատճառը մարդկային զոհն էր: Իրականում գնդապետ Արթուր Վանոյանի մահը, կարելի է ասել, փրկեց իշխանություններին, քանի որ ժողովրդի զգալի մասը, նրանք, ովքեր ցանկանում են իշխանափոխություն եւ անգամ պատրաստ են օրերով պայքարել հանուն դրա, ընկրկում են մարդկային զոհի փաստից:
Մարդիկ ասում են՝ այո, կան խնդիրներ, երկիրը գլորվում է դեպի անդունդ, խեղդվում է կոռուպցիայի ճիրաններում, եւ հատկապես մեր գլխին դամոկլյան սրի նման կախված պատերազմի պայմաններում օր առաջ անհրաժեշտ է փոխել այս իշխանություններին, սակայն ոչ արյունահեղությամբ. մի բան, որ տեղի ունեցավ «Սասնա ծռեր»-ի հարձակման առաջին իսկ օրը: Իրականում որքան էլ հանրությունը գիտի, որ այդ խմբի անդամներից ո՛չ Վարուժան Ավետիսյանը, ո՛չ Պավլիկ Մանուկյանը, ո՛չ էլ մյուսները ահաբեկիչներ չեն, սակայն նրանց արարքը կրում է ահաբեկչության հիմնական բաղադրիչները. նրանք գրավել են պետական նշանակության օբյեկտ, պատանդներ վերցրել եւ պահանջներ առաջադրել, եւ, ամենակարեւորը, այդ ամենի ընթացքում եղել են վիրավորներ եւ զոհ:
Սակայն այն, ինչ տեղի ունեցավ երեկ, նրանց դուրս հանեց «ահաբեկչի» բնութագրի շրջանակներից: Երեկ գնդապետ Վանոյանի հուղարկավորությունն էր: Եվ ինչպես տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը, «ահաբեկիչներ» Վ. Ավետիսյանը, Պ. Մանուկյանը եւ այլք պատանդառված Երեւանի փոխոստիկանապետեր Վալերի Օսիպյանի, Վարդան Եղիազարյանի եւ մյուս երկու ոստիկանների հետ զինվորական կարգով հարգել են գնդապետի հիշատակը՝ զինվորական համազարկներ արձակելով: «Ահաբեկիչը իր պատանդի ձեռքը լիցքավորված զենք չի տալիս, ահաբեկիչը չի հարգում իր զոհի հիշատակը»,- արձանագրեց Փաշինյանը: Այս փաստը շատ կարեւոր էր, եւ կարող է բեկումնային նշանակութուն ունենալ հանրային տրամադրությունների փոփոխության առումով: Եթե մինչ այս մարդիկ հազարներով դուրս չէին գալիս փողոց՝ սատարելու «ահաբեկչական խմբի» գործողությունները, ապա հիմա առավել ակնհայտ դարձավ, որ նրանք ահաբեկիչներ չեն, նրանք ապստամբներ են, որոնք, սակայն, դժբախտություն են ունեցել մարդկային կյանք խլելու եւ դրա համար խորապես ցավում են:
Կարծում ենք՝ իշխանությունը պետք է շատ արագ ընկալի հանրությանն ուղղված այս ուղերձը եւ ճշգրիտ գնահատելով դրա ազդեցության չափը՝ կարճ առաջիկայում անցնցում ելքեր առաջարկի՝ ինչպես բուն զինված խմբի հետ բանակցային գործընթացում առաջընթացի, այնպես էլ հետզհետե ավելի բորբոքվող եւ զինված խմբի հանդեպ համակրանքով լցվող ժողովրդին հանդարտեցնելու հարցում: Հապաղման յուրաքանչյուր օրը կարող է անդառնալի վնասներ հասցնել մեր պետականությանը:




Լրահոս