ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ԿՎԱԽԵՆԱ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ից ՀՀ ոստիկանության Էրեբունի ՊՊԾ շենքում տեղի ունեցող իրադարձությունները բացասական հետեւանք կարող են ունենալ նաեւ զբոսաշրջության վրա: Տուրիստները թերեւս կխուսափեն գալ Հայաստան: Էրեբունի ՊՊԾ շենքի գրոհը արդեն հասցրել է անհանգստություն պատճառել նաեւ տեղական ավիագործակալություններին: Մարդկանց մոտ մտավախություն կա` գնալ-չգնալ, քանի որ Երեւանում իրավիճակը հանգիստ չէ:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Զբոսաշրջային ավիագործակալների ազգային ասոցացիայի խորհուրդի» նախագահ Անդրանիկ Վանցյանի հետ:
-Պարո՛ն Վանցյան, ՀՀ ոստիկանության Էրեբունի ՊՊԾ շենքի գրոհը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ զբոսաշրջության բնագավառի վրա:
-Հանրապետությունում ցանկացած ցնցում, լարված իրավիճակ, բնականաբար, զբոսաշրջության բնագավառի վրա անհետեւանք չեն մնում: Ոչ ոք չի ցանկանում գնալ մի երկիր, որտեղ կրակում են, կամ իրենց կյանքին վտանգ է սպառնում: Ամեն դեպքում ներկա իրավիճակը դրական ազդեցություն հաստատ չի ունենա:
-Իսկ այս մի քանի օրերի վերլուծությունն ունե՞ք: Հասցրե՞լ եք ուսումնասիրել՝ վերջին դեպքերը ազդե՞լ են, թե՞ ոչ:
-Դա այդպես արագ չի կարող արձանագրվել, որովհետեւ մարդիկ մեկ օրում չեն ծրագրում իրենց ճանապարհորդությունը: Դա 20 օր կամ մեկ ամիս անց կերեւա: Քանի որ մարդիկ կան, որոնք մեկ կամ երեք ամիս առաջ են ծրագրել իրենց շրջագայությունները: Իսկ այս դեպքերի արդյունքում կհրաժարվեն իրենք դեպի Հայաստան ճանապարհորդությունից, դեռեւս հայտնի չէ: Միանշանակ վաղ է այս թեմայի շուրջ կանխատեսումներ ասել: Բայց միեւնույն է՝ նմանօրինակ դեպքերը, բնականաբար, թողել են եւ կթողնեն բացասական հետեւանք: Ավելին՝ այն կարող է արտագաղթին նպաստի:
-Էրեբունի ՊՊԾ շենքի գրոհի արդյունքում կա՞ն ավիագործակալություններ, որոնք մտահոգված են:
-Մեր՝ «Զբոսաշրջային ավիագործակալների ազգային ասոցացիայի խորհուրդը» յուրաքանչյուր շաբաթվա մեջ մեկ անգամ նիստ է գումարում, ինչի ժամանակ քննարկվում է առկա խնդիրները: Դրանց լուծման ուղղությամբ փորձում ենք ճանապարհներ գտնել, լուծումներ առաջարկել: Ներկա իրավիճակի շուրջ նույնպես քննարկում անցկացվել է, իհարկե, բոլորն էլ մտահոգված են: Այսպես ասեմ, որ այսօր մեր իրավունքները մենք ենք միայն պաշտպանում, ոչ մի պետական կառույց տեղյակ չէ ոլորտից: Նախորդ տարիների հետ համեմատ այս տարի գրեթե բոլոր ավիագործակալությունների ավիատոմսերի վաճառքի մոտ 30-35 տոկոս նվազում կա: Իսկ թե ինչ պատկեր կլինի զբոսաշրջության ոլորտում Էրեբունի ՊՊԾ շենքում կատարվող իրադարձությունների արդյունքում, այս պահին հստակ չեմ կարող ասել: Ավելի ուշ պարզ կդառնա: Իսկ ավիատոմսերի անկումը այս տարեսկզբից է սկսել:
-Պարո՛ն Վանցյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը այս թեմայի շուրջ ինչ-որ քննարկումներ, հանդիպումներ իրականացրել է իրավիճակը մեղմելու, այս ֆոնին զբոսաշրջիկներին գրավելու ուղղությամբ:
-Տուրիզմի վարչությունը, որպես պետական կառույց, երբեւէ առարկայական աջակցություն չի ցուցաբերել: Կլինեն որոշ ավիագործակալություններ հակառակը կպնդեն, որովհետեւ իրենց հետ ինչ-որ ընկերական, բարեկամական կապեր ունեն: Ինչ-որ աջակցություն, ինչ-որ ծրագրերի առաջարկ այդպիսի համակարգված մոտեցում այսքան ժամանակ չեմ տեսել:
Հ.Գ. Հուլիսի 17-ից Էրեբունի ՊՊԾ շենքի գրոհն ու հետագա զարգացումները թե ինչ ազդեցություն կարող են ունենալ զբոսաշրջության վրա, ոլորտի պատասխանատուները առայժմ հրաժարվում են խոսել այդ մասին: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ե՛ւ էկոնոմիկայի նախարարությունից, ե՛ւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից: ՔԱԳՎ-ից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ այս հարցի հետ կապված իրենք իրավասու չեն: Իսկ էկոնոմիկայի նախարարությունից, լսելով հարցը, խոստացան զանգահարել եւ պատասխանել: Սակայն ողջ օրվա ընթացքում մենք այդպես էլ էկոնոմիկայի նախարարությունից զանգ չստացանք: Թերեւս այս պատասխանատվությամբ ու օպերատիվությամբ էլ մեր երկրում տուրիզմն են զարգացնում պետական մարմինները:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ԿՎԵՐԱԲԱՑՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ
Հուլիսի 23-ին Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարեւանությամբ) կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Այն կգործի յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին: Այս տարի Կասյան փողոցի վերջնամասում գործող տոնավաճառը վերաբացվել է հունիսի 11-ին: Բացման պահից մինչ օրս այստեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, որին մասնակցել են 1740 գյուղացիական տնտեսություններ:
Օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք: Տոնավաճառին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է:
Գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Հիշեցնենք, որ տոնավաճառն անցկացվում է 2011թ-ից։

 

 

ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ
Հուլիսի 19-ին, ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տարբեր վնասվածքներով 4 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո բոլորը տուն են գնացել։
Ամբուլատոր պայմաններում եւս 2 տուժած անհրաժեշտ բուժօգնություն է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 1-ը` «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում եւ 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Նշենք, որ հուլիսի 17-ից «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում բուժվող տուժածի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր` արդեն որոշակի դրական շարժընթացով։
Կայուն, դրական շարժընթացով է գնահատվում նաեւ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող տուժածի վիճակը։ Հուլիսի 17-ից այս կենտրոնում բուժվող մյուս տուժածի, ինչպես նաեւ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվողի վիճակը բավարար է։
Այսպիսով՝ հուլիսի 20-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 4 տուժած, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում, 1-ը` «Հերացի» համալսարանական համալիրում, եւս 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։




Լրահոս