ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵԹԵ ՑԱՆԿԱՆԱ, ԸՆԴԱՄԵՆԸ ՀԻՆԳ ՐՈՊԵՈՒՄ ԿՎԵՐԱՑՆԻ ԱՅԴ ՇԱՐԺՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավվման շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, արդեն հինգ օր է՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված է: Դուք ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի հանգուցալուծումը, իշխանությունը ի՞նչ քայլերի պետք է գնա:
-Ճիշտն ասած՝ քայլն այնպիսի քայլ է, որ իշխանությանը շատ անելու բան չկա, իշխանությունը չի ուզում ուժով մաքրել, բնականաբար դա իր մեծությունից է գալիս, եւ կարծում եմ՝ ճիշտ է դա: Իսկ ներսի մարդիկ էլ ոնց որ թե բանակցությունների չեն ուզում գնալ, դրա համար այսպիսի վիճակ է ստեղծվել, որը որ իմ կարծիքով շատ վատ է: Իմ ցանկությունը այն է, որ բանակցեն, վերջանա այս ամեն ինչը:
-Դուք՝ որպես իշխանություն, կատարվածում Ձեր պատասխանատվությո՞ւնը չեք տեսնում:
-Որպես իշխանություն ասեմ, ընդհանուր առմամբ ցանկացած դեպքի համար կարելի է մեղադրել ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը: Ես կոնկրետ, որպես պատգամավոր, հայ մարդ, որը որ շատ բան է արել, եւ պետք է անի մեր երկրի համար, կարծում եմ, որ ես այդտեղ որեւէ մեղք չունեմ:
-Պարո՛ն Հակոբյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ազատամարտիկները որոշեցին նման քայլի գնալ:
-Ցանկացած մարդ իրավունք ունի՝ իր ներսի եղածը արտահայտի, մեղադրի դիմացինին, յուրաքանչյուրս կարող ենք դա անել: Ինչի համար են ազատամարտիկներն այդ քայլին դիմել, դա, կարծում եմ, իրենց պետք է հարցնել: Ես ծանոթ եմ իրենց առաջարկներին, ասում են՝ Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակել, նախագահի հրաժարական են ասում, եւ երրորդ էլ կա ոնց որ: ժիրայր Սէֆիլյանին ես որպես ազատամարտիկ, որպես Ղարաբաղի պատերազմում մեծ ներդրում ունեցող անձնավորություն հարգում եմ: Այսօր ինքը կալանավայրում է, եւ այս ձեւով կալանավայրից մարդ չեն ազատում, այսինքն՝ եթե կան փաստեր, վերջին հաշվով ցանկացած քննություն վերջում դատարան է գնում, թող ներկայացնեն դատարան, եթե անմեղ լինի, ազատ կարձակեն, բնականաբար, իմ ցանկությունն էլ է դա, բայց եթե մեղավոր է, բնականաբար, ազատ չի արձակվի: Նախագահի հրաժարականի մասին ոնց եք կարծում՝ եթե տասը, քսան մարդ կամ հարյուր մարդ հավաքվում է եւ պահանջում է նախագահի հրաժարականը, դա պետք է կատարվի՞: Եթե հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան, ես կընդունեմ դա:
-Այս շրջանում Սերժ Սարգսյանն ու հանրապետականները լռում էին, ո՞րն է պատճառը:
-Ցանկացած իշխանություն պարտավոր է իր երկրում ստեղծել կարգ ու կանոն, հիմա քանի որ բանակցությունների միջոցով հնարավոր չէ, իշխանություններին ի՞նչ է մնում՝ ուժի միջոցով, որը որ չի ցանկանում, նախագահը չի ցանակնում: Ես կարծում եմ՝ դա է պատճառը: Գիտեք, իշխանությունը ունի մեծ ուժ եւ, եթե ցանկանա, ընդամենը հինգ րոպեի գործ է կանխել, վերացնել այս շարժումը, բայց չի անում, չի ուզում, որ արյուն թափվի, առանց այդ էլ մի հատ զոհ ունենք, վիրավորներ ունենք, ինչը մեր ազգի համար բավականին շատ է:
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ որոշվեց գրավվել ՊՊԾ-ը գունդը: Ոստիկանության զինանոցի մեծ մասն այդտեղ է գտնվում, արդյո՞ք այդ պատճառով է, որ ոստիկանները հարձակում չեն գործում «Սասնա ծռեր» խմբավորման վրա:
-Մեր ոստիկանությունը հնարավորություն ունի զինվելու, բայց ինքը պաշտպանական դիրքում է, ով ասեց, որ չունի, ամեն ինչ էլ ունի, բայց չի կիրառում, որովհետեւ մտածում է, որ մեր երկրում առանց այդ էլ ապրիլյան դեպքերից հետո նոր արյունահեղություն չլինի, նոր մարդիկ չզոհվեն: Դա, կարծում եմ, դրական քայլ է իշխանությունների կողմից:
-Պարո՛ն Հակոբյան, վերջին շրջանում անընդհատ խոսվում էր Ադրբեջանին ԼՂՀ 5, ապա 2 շրջան հանձնելու մասին: Անգամ խոսվեց, որ Սերժ Սարգսյանը վերջերս ԳՄ նիստի ժամանակ հայտարարել է, թե այլընտրանք չկա. կա՛մ հողերի հանձնում, կա՛մ պատերազմ:
-Առայժմ ոչ մեկ հող չի հանձնում: Ամբողջ աշխարհը զբաղվում է ղարաբաղյան հարցով, կարգավորումը ոնց կլինի, դա այսօր ես չեմ կարող ասել եւ կարծում եմ՝ որեւէ մեկը չի կարող ասել, որովհետեւ այնտեղ էլ կոմպրոմիսային տարբերակներ պետք է լինեն:

 

 

 

 
ԴԵՌ ՎՃՌԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԵՆ ԿԱՅԱՑՐԵԼ

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սակայն քաղաքական տարբեր ուժեր դեռ հստակ չեն ներկայացնում, թե ում են պատրաստվում առաջադրել:

Հիշեցնենք, որ Գյումրիում եւ Վանաձորում այսուհետ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու համամասնական կարգով. նախ ընտրվելու է ավագանի, որն էլ իր կազմից ընտրելու է քաղաքապետին:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար՝ արդոք կուսակցությունը նշված համայնքներում թեկնածու առաջադրելու է, թե ոչ:
Զոհրաբյանը, ի պատասխան մեր հարցի, նշեց, որ Գյումրիում դեռեւս թեկնածու չունեն:
«Մենք քանիցս ասել ենք, որ հանրապետական ընտրություններում եւ ՏԻՄ ընտրություններում օլիմպիական մասնակցությունը՝ ընդամենը մասնակցել մասնակցելու համար, մեզ համար ընդունելի չէ: Չեմ թաքցնում՝ բազմաթիվ գործիչների այս ընթացքում հանդիպում ենք, ովքեր ցանկություն են հայտնել գլխավորել ԲՀԿ-ի համամասնական ցուցակը Գյումրիում: Այս պահին թեկնածու, որին լիիրավ եւ վստահաբար կարող ենք ասել, որ ունենք, եւ այդ թեկնածուն հաղթող է, ունի հստակ տեսլական՝ Գյումրին ոչ միայն զարգացնելու, այլ նաեւ առողջացնելու, չունենք», -ասաց ԲՀԿ ղեկավարը:
Զոհրաբյանի խոսքով՝ իրենք առաջիկայում եւս շարունակելու են հանդիպումներ ունենալ մի շարք գործիչների հետ, որպեսզի իրենց համար պարզ դառնա՝ նրանցից կընտրեն թեկնածու՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար, թե ոչ:
«Մենք չենք շտապում, ժամանակ դեռ ունենք: Առաջադրումները օգոստոսի 18-ից 28-ին են, բավականաչափ ժամանակ կա՝ վերջնական ճիշտ որոշում կայացնելու համար»,- հավելեց Զոհրաբյանը:
Խոսելով Վանաձորում թեկնածու առաջադրելու մասին՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Վանաձորում մեր նախնական կառույցը որոշել է առաջադրել մեր Վանաձորի ԲՀԿ կառույցի պատասխանատու Հրանտ Մարգարյանի թեկնածությունը, բայց օրենքն այնպես է, որ Երեւանի, Վանաձորի եւ Գյումրիի ընտրություններում համամասնական ցուցակները պետք է հաստատի ԲՀԿ քաղխորհուրդը, այս պահին դեռեւս քաղխորհրդի նիստ հրավիրված չէ»:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՈՒՐ ԵՆ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
ՀՀ իրավապահ համակարգի ղեկավար կազմը կա՛մ արձակուրդ է մեկնել, կա՛մ էլ նրանց սարսափեցրել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման պատմությունը, եւ նրանք որոշել են իրենց աշխատասենյակներից դուրս չգալ: Բանն այն է, որ երեկ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, մինչ լրագրողները փորձում էին իրավապահ համակարգի ղեկավարներին գտնել, որպեսզի նրանցից ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանան, պարզվեց, որ ոչ մեկը չի բարեհաճել գործադիրի նիստին ներկայանալ: ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը նիստին ներկա չէին: Ի դեպ, նշենք, որ նախկինում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի բացակայության ժամանակ ՀՀ կառավարության նիստերին մասնակցում էր փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, որը ներկայումս ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում է:

 

 

ԱԶԱՏԵԼ Է
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի՝ հուլիսի 18-ին ստորագրած որոշմամբ աշխատանքից ազատվել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ, Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հովսեփ Սիմոնյանի հետ եւ պարզեց, որ Մինասյանն աշխատանքից ազատվել է իր սեփական դիմումի համաձայն: Նա նշանակվել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Տեղեկացնենք, որ Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար ՀՀԿ-ի աջակցությունը ստանալու նպատակով կատաղի պայքար էր ընթանում Սահակ Մինասյանի եւ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ: Ի վերջո, «գրատախտակ» հիշեցնող ճակատ ունեցող Բալասանյանը հաղթեց:

 

 

ՊԱՅՔԱՐ ՎՆԱՍԱՏՈՒԻ ԴԵՄ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հունիսի 27-ին պայմանագիր է կնքել իր իրավասության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ: Ըստ այդմ, ձեռք է բերվել վնասատուների դեմ պայքարի ծառայություններ, որի համար պետբյուջեից հատկացվել է 48 մլն 813 հազար դրամ: Նշենք, որ պայմանագիրը կնքելուց երկու օր անց՝ հունիսի 29-ին, մարզերի անտառային տարածքներում իրականացվել են անտառի վնասատուների եւ հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ:

 

 

ՆՈՐ ՊԵՏ
Մինչ «երկրի գլուխը խառն է», ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են կադրային փոփոխությունները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնում նշանակվել է Կարեն Ջանոյանը:




Լրահոս