ԼՈՒՐ ԿԱԴՐ
ՀԱՐՑ. Ամուսնուս հետ 3 տարի է՝ հարաբերություններ չենք պահպանում, բայց գտնվում ենք գրանցված ամուսնության մեջ: Ունենք անչափահաս երեխաներ: Այս երեք տարիների ընթացքում երեխաների հայրը անգամ չի էլ փորձել տեսնել նրանց: Ես չեմ կարողացել ձեւակերպել ապրուստադրամի վճարումը: Խնդրում եմ ասեք՝ ես իրավունք ունե՞մ երեխաների համար ապրուստամիջոց (ալիմենտ) պահանջել նրանց հորից վերջին երեք տարվա դիմաց:
Դիանա Առաքելյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն ՀՀ ԸՕ 95 հոդվածի՝ ապրուստադրամը հանձնվում է դատարան դիմելու պահից: Բացառության կարգով օրենքը թույլ է տալիս ապրուստադրամ բռնագանձել դատարան դիմելուն նախորդած ժամանակի համար, որը, սակայն, չպետք է գերազանցի երեք տարին: Սակայն դատարանը անցած ժամանակաշրջանի համար ապրուստադրամ կարող է բռնագանձել միայն այն դեպքում, եթե հաստատվի, որ իրավազոր անձի կողմից մինչ դատարան դիմելը ձեռնարկվել են քայլեր ապրուստադրամի ստացման ուղղությամբ, ինչը, սակայն, չի հաջողվել դրանց վճարումից պարտապանի խուսափման պատճառով (ՀՀ ԸՕ 95 հոդված կետ 2):
Այսպիսով՝ անցած ժամանակաշրջանի դիմաց ապրուստամիջոցի գանձման համար (ոչ ավելի, քան դատարան դիմելուց երեք տարի առաջ) անհրաժեշտ է ապացուցել, որ.
ա) պարտապանը խուսափել է ապրուստադրամի վճարումից (օրինակ` գաղտնի է պահել իր գտնվելու վայրը, իր շահույթի աղբյուրները եւ այլն):
բ) իրավազոր անձը քայլեր է ձեռնարկել երեխաների պահման համար միջոցների ձեռքբերման ուղղությամբ (օրինակ` քայլեր է ձեռնարկել պարտապանին գտնելու, նրա աշխատավայրի բացահայտման, երեխաների պահման համար անհրաժեշտ միջոցների ստացման մասին պարտապանին պահանջների ներկայացման ուղղությամբ եւ այլն):
շարունակելի
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջեւ համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետեւյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝
ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի եւ այլ եկամտի մեկ քառորդը; բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը; գ) երեք եւ ավել երեխաների համար՝ կեսը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ովքե՞ր կարող են դառնալ գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ:
Գրիգոր Հարությունյան (59 տարեկան, գյուղատնտես)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական եւ տասնվեց տարին լրացած ֆիզիկական անձինք: Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան ֆիզիկական անձինք կարող են դառնալ կոոպերատիվի անդամ ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ գյուղատնտեսական կոոպերատիվը ագրոպարենային համակարգում գործունեություն քաղաքացիների եւ իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված եւ իր անդամների գույքային փայավճարների կամավոր միավորման միջոցով մասնակիցների նյութական եւ այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված իրավաբանական անձն է: